Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը պետք է կտրվի Նիկոլ Փաշինյանից». Դավիթ Իշխանյան. (Տեսանյութ)

Հունվար 29,2021 23:30

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը

– Հետպատերազմյան շրջանում Արայիկ Հարությունյանը հայտարարեց Արցախի քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին`ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակով: Բայց գործընթացն արդյունք չտվեց: Ինչո՞ւ: Ո՞րն է Արցախում քաղաքական ուժերի չհամախմբվելու պատճառը:

-Նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի երկրորդ կեսը մենք քաղաքական քննարկումների մեջ էինք: Մի կողմից Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունն էր, որպես նախագահ, մյուս կողմից`տարբեր քաղաքական ուժեր, բնականաբար, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված կացությունը եւ վիճակը քննարկելու նկատառումներից ելնելով, հանդիպումներ էին կայացնում: Այդ ընթացքում նաեւ ի հայտ եկավ Արայիկ Հարությունյանի`դեկտեմբերի 16-ի ուղերձը: Ուղերձի մեջ մի շարք մեսիջներ կային, նաեւ ուղղակի սկզբունքների արտացոլում եւ մենք հույս ունեինք, որ իրոք, ինքը որպես նախագահ, կփորձի իր շուրջ համախմբել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, նաեւ`կարող ուժերին եւ ընդհանուր կոնսենսուս կձեւավորվի:

Մենք, որպես Դաշնակցություն, նաեւ մեր պայմաններն ու մեր սկզբունքներն ենք ներկայացրել: Եվ եթե համախոհությունը կայանար, ոչ միայն նախագահի հետ, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժերի, բնականաբար, այդ սկզբունքների շուրջ էր մեր պատկերացումները: Մամուլում շրջանառվում էր, որ իբր թե Դաշնակցությունը ինչ-որ պաշտոնների ակնկալիք ուներ, նաեւ անուններ շրջանառվեցին: Իրականության մեջ այդ չէր. բոլորիս մտայնությունը միայն մի կետի վրա էր:

-Ո՞րն էր այդ կետը:

-Ելք գտնել ստեղծված իրավիճակից: Վերջապես, մենք պիտի կարողանանք մեր ժողովրդին տալ այն հարցերի պատասխանը, որ այսօր մեր առջեւ են ծառացած`անվտանգության երաշխիքներ, Արցախի կարգավիճակի մասին որոշակի տեղեկություններ, պատկերացումներ, նաեւ, մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը միտված հարցերի պատասխաններ. ի՞նչ տարածքի մեջ ենք մենք մեր ապագան կառուցելու: Սրանք հիմնական հարցերն են, բայց հարցերի հարցը անվտանգության երաշխիքի մասին հարցն է, որ ժողովուրդն ուզում է լսել պետական այրերից, քաղաքական ուժերից, առավել եվս`երկրի նախագահից: Կարծում եմ, այս հարցերի պատասխանն առա այսօր դեռեւս չի տրված:

– Դա՞ է պատճառը, որ կոնսենսուս չի կայանում:

– Պատճառն այն է, որ մեր պայմանավորվածությունները քննարկումների ընթացքում խախտվեց Արայիկ Հարությունյանի կողմից եւ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվում էր մեր համաձայնությունը, ցավոք, չպահպանվեց: ՀՅԴ-ն եւ «Արդարությունը» հանդես եկան հայտարարությամբ եւ այդ մասին ասացին:

– Կոնկրետ ի՞նչն էր խախտել Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, խոսակցություններ եղան, որ Արայիկ Հարությունյանն էլ ասել է, թե ՀՅԴ-ն հայտարարության կոշտ տեքստ է առաջարկել, որպեսզի ինքը ստորագրի:

– Մենք ենթադրում էինք, որ այս ամենի մեջ պետք է բոլոր որոշումները կայանան կոլեգիալ մեխանիզմներով: Եթե մենք խոսում ենք համախոհության մասին, ապա համախոհությունը ենթադրում է նաեւ համախորհուրդ որոշումների կայացում: Դաշնակցությունը ներքին կուսակցական կյանքում կոլեգիալ կառավարվող մարմին է: Բնականաբար, մենք չենք կարող որեւէ ձեւով ընդունել այն տարբերակը, որ նախագահը միանձնյա որոշումներ պետք է կայացնի, պարտված նախագահը`նաեւ պատճառաբանելով Սահմանադրության համապատասխան պահանջները: Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք եւ այդ ոչ ստանդարտ իրավիճակը թելադրում է, որպեսզի մենք համախորհուրդ որոշումներ կայացնենք: Մյուս կողմից, պետք է շեշտեմ նաեւ, որ Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղն ունի իր սուբյեկտայնությունը, ցույց տա, որ ինքը` լինելով դեռեւս գործող նախագահ, պետք է կտրված լինի Հայաստանի ներկա իշխանություններից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից: Դեռեւս ինքը շարունակելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի կողմից ուղղորդված քաղաքականություն իրականացնել Արցախում, կարծում եմ, անընդունելի է: Մենք տեսանք, թե ո՞ւր հասցրեց այդ քաղաքական գիծն անցած տարիների եւ, մասնավորապես, վերջին 6-7 ամիսներին:

Արցախում արտահերթ ընտրությունների, Նախիջեւան- Հայաստան-Ադրբեջան երկաթգծի եւ Շուշիի`ոչ հայկական բնակավայր լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031