Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմապուր եւ լցոնած դդում՝ ճաշատեսակներ վեգանների եւ ոչ վեգանների համար (տեսանյութ)

Հունվար 31,2021 19:18

Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում կենդանական ծագման մթերքներից: Շատերն էլ, եթե նույնիսկ մսից հրաժարվելու մասին չեն մտածում, տարվա որոշակի ժամանակաշրջաններում պահքի մեջ են լինում: Հենց այդ պատճառով էլ ուզում եմ ձեզ ներկայացնել երկու ճաշատեսակ՝ դդմապուր եւ լցոնած դդում, որոնք իրենց հերթին երկու տեսակի են՝ վեգանների եւ ոչ վեգանների համար:

Անհրաժեշտ մթերքները

Դդմապուրի համար

Դդում- 500 գրամ

Գազար-1 խոշոր գազար

Գլուխ սոխ-1 հատ

Սխտոր-2 պճեղ

Կոճապղպեղ- 1-2 սմ-անոց կտոր

Բուսական յուղ-4-5 ճաշի գդալ

Համեմունքներ- ձեր ճաշակով

Դդումի սերմեր եւ թարմ կանաչի՝ մատուցելու համար

Թթվասեր՝ մատուցելու համար (ոչ վեգանների համար)

Լցոնած դդումի համար

Դդում-1 կգ

Բուսական յուղ-5-6 ճաշի գդալ

Կարմիր թարմ պղպեղ-1 հատ

Սոխ-1 գլուխ, կարող եք վերցնել նաեւ կես հատ պրաս տեսակի սոխ (лук порей)

Սխտոր-2-3 պճեղ

Կոճապղպեղ-2-3 սմ-անոց կտոր

Սիսեռ- 1 բաժակ

Սպիտակ գինի կամ սիսեռի ջուրը կամ լոլիկի հյութ-50 մլ

Բեկոն-4-5 կտոր (ոչ վեգանների համար)

Ֆետա տեսակի կամ այլ սպիտակ պանիր- 50 գրամ

Պատրաստման եղանակը

Տեսանյութում կտեսնեք դդմապուրի եւ լցոնած դդումի պատրաստման եղանակները՝ միաժամանակ: Այստեղ կառանձնացնեմ:

Դդմապուրի պատրաստման եղանակը

Դդմապուրը կարելի է պատրաստել ամենահեշտ եւ պարզ ձեւով՝ պարզապես մաքրել, լավ լվանալ եւ կտրատել բոլոր բանջարեղենները՝ դդումը, սոխը, սխտորը եւ գազարը, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել այնքան ջուր, որ ծածկի բանջարեղենները, 1-2 մատ էլ ավելին, բերանը փակել կափարիչով, դնել կրակին: Հենց եռը գա, ցածրացնել կրակը եւ մարմանդ կրակի վրա թողնել եփվի մոտ 20 րոպե: Անջատելուց 5 րոպե առաջ ավելացնել աղը եւ ձեր նախընտրած համեմունքները: Անջատելուց 5-10 րոպե հետո անցկացնել էլեկտրական խառնիչով՝ բլենդերով, եւ մեջը կարագ կամ բուսական յուղ ավելացնել ու մատուցել:

Սակայն շատ ավելի համեղ կլինի, եթե պատրաստեք տեսանյութում առաջարկվող եղանակով:

Դդումը լավ լվացեք, մեջտեղից կտրեք, մաքրեք կորիզներից եւ թելիկներից: Կարող եք միանգամից մաքրել կեղեւից ու կտրատել, կարող եք կեղեւը թողնել ու չկտրատել: Գազարը նույնպես մաքրեք, լավ լվացեք, մի քանի կտորի բաժանեք: Դդումն ու գազարը տեղավորեք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Վրան բուսայուղ ցանեք, աղ, պղպեղ, չորացրած կանաչիներ եւ դրեք 190-200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը մոտ 40-45 րոպեով:

Մինչ բանջարեղենները ջեռոցում պատրաստվում են, կաթսայի մեջ լցրեք բուսայուղ, դրեք կրակին: Սոխը, սխտորն ու կոճապղպեղը կեղեւահան արեք, կտրատեք մանր կտորների, լցրեք կաթսայի մեջ, թողեք  2-3 րոպե տապակվի:

Հենց դդումն ու գազարը եփվեն, լցրեք տապակված սոխի վրա: Եթե դդումը կեղեւահան արված եւ կտրատված վիճակում եք դրել ջեռոցը, ապա հենց այդպես էլ լցրեք կաթսայի մեջ, իսկ եթե կեղեւով էիք պատրաստել, ապա պարզապես գդալով հանեք ողջ միջուկը, լցրեք կաթսայի մեջ, իսկ կեղեւը նետեք:

Դրեք կաթսան կրակին, խառնեք եւ վրան լցրեք եռման ջուր այնքան, որ ծածկի ողջ բանջարեղենը եւ մեկ-երկու մատ էլ ավելին: Ավելացրեք աղ եւ համեմունքներ՝ ձեր ճաշակով: Կրակը ցածրացրեք, կափարիչը դրեք եւ թողեք մարմանդ կրակի վրա պատրաստվի 2-3 րոպե եւ անջատեք: Ըստ էության՝ բանջարեղենները եփված են, մնում է միայն ջուրը ներքաշի ողջ համն ու հոտը:

Թողեք 5-10 րոպե հանգստանա, որից հետո դարձրեք կրեմ-ապուր՝ բլենդերի օգնությամբ:

Մատուցելիս վրան լցրեք դդումի սերմեր եւ թարմ կանաչի, մի քիչ բուսայուղ կամ թթվասեր: Կարող եք նաեւ տապակած բեկոնի կտորներով զարդարել:

Լցոնած դդումի պատրաստման եղանակը

Սիսեռը պետք է նախապես, ցանկալի է մեկ օր առաջ լավ լվանալ եւ թրջել, այսինքն՝ վրան լցնել այնքան ջուր, որ ամբողջությամբ ծածկի, եւ թողնել 6-7 ժամ: Ապա լցրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք եւ դրեք եփելու: Կես ժամ հետո ստուգեք, եթե հատիկները փափկել են, աղ ավելացրեք, թողեք 5 րոպե էլ եփվի եւ անջատեք: Եթե փափուկ չեն, սպասեք եւս 15 րոպե, որից հետո աղ արեք, թողեք 5 րոպե էլ եփվի եւ անջատեք:

Կարող եք դրա փոխարեն խանութից գնել արդեն եփված սիսեռ:

Դդումը լավ լվանալ, մեջից կիսել, ազատվել սերմերից եւ թելիկներից: Վրան բուսայուղ ցողել, աղ, կարմիր պղպեղ եւ չորացրած կանաչի ցանել, դնել յուղաթղթով պատված տապակի վրա եւ դնել 190-200 աստիճան տաքացված ջեռոցը 30-45 րոպեով: 30 րոպեն լրանալուց հետո կարող եք պատառաքաղով ստուգել պատրաստավածության աստիճանը, եթե պատառաքաղը հեշտությամբ մտնում-դուրս է գալիս, ուրեմն դդումը պատրաստ է, կարող եք անջատել ջեռոցը, եթե ոչ՝ սպասեք եւս 15 րոպե:

Մինչ դդումը պատրաստվում է, պատրաստեք միջուկը:

Թավայի մեջ բուսայուղ լցրեք, թողեք տաքանա, այդ ընթացքում կտրատեք սոխը, սխտորը, կոճապղպեղը, պղպեղները:

Թողեք բանջարեղենը 3-4 րոպե տապակվի, ապա ավելացրեք սիսեռը՝ առանց ջրի: Խառնեք, թողեք տապակվի:

Ավելացրեք ձեր նախընտրած համեմունքները: Ես, օրինակ, սիսեռին նախընտրում եմ ավելացնել համեմի սերմ, քիմիոն, քարրի կամ քրքում, եւ իհարկե՝ աղացած կարմիր պղպեղ՝ ինչպես քաղցր, այնպես էլ՝ կծու:

Թողեք մի քիչ էլ տապակվի, ապա ավելացրեք 50-100 մլ որեւէ հեղուկ, դա կարող է լինել սիսեռի ջուրը, կարող է լինել սպիտակ չոր գինի, կարող է լինել նաեւ տոմատի հյութ կամ նույնիսկ 2-3 ճաշի գդալ լեչո:

Երբ դդումը պատրաստ լինի, ջեռոցից հանեք, բայց ջեռոցը մի անջատեք: Գդալով հանեք դդումի եփված զանգվածը եւ ավելացրեք սիսեռին: Զգույշ եղեք, որպեսզի չվնասեք դդումի կեղեւը: Սիսեռը լավ խառնեք, ապա այդ զանգվածով լցոնեք դդումը:

Եթե բուսակերների համար չեք պատրաստում, կարող եք առանձին տապակել մի քանի կտոր մանր կտրատած բեկոն եւ ավելացնել միջուկին:

Եւս 4-5 րոպեով դրեք ջեռոցը, որից հետո ջեռոցն անջատեք: 5-10 րոպեից հանեք եւ մատուցեք: Մատուցելիս կարող եք վեգան տարբերակի վրա ձիթայուղ ցողել, իսկ ոչ վեգանի վրա կարող եք ֆետա պանիր մանրել: Ֆետայի եւ տապակած դդումի համը շատ լավ են համադրվում:

Բարի ախորժակ:

Պատրաստման նրբությունները եւ մանրամասները դիտեք տեսանյութում.

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031