Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը մինչեւ այսօր Շուշի քաղաքում չի կարողանում հոսանք քաշել». Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 03,2021 13:47

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Նա ասաց, որ այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն այնտեղ մշտական բնակության վայր, նաեւ կորցրած տարածքների բնակիչներից մոտ 5000-ը Արցախ է տեղափոխվել. «Այս պահին Արցախում ամբողջովին վերականգնված է գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, կապը, ընդ որում, կապի օպերատորներից մեկը Արցախում առանց ռոումինգի կապ է ապահովում»:

Նախարարն ասաց, որ Արցախի բյուջեում եկամուտների նվազեցում է տեղի ունեցել, ինչը բնական է՝ մոտ 50 մլրդ-ի չափով, որն ամբողջովին փոխհատուցվելու է ՀՀ-ի կողմից ֆինանսավորման միջոցով: Նա ընդգծեց, որ Արցախում չեն դադարել տալ թոշակները, պետական աշխատողների աշխատավարձերը. «ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը»:

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարն ասաց, որ դրա միջոցով սոցիալական համակարգի կառավարման արդյունավետությունը կապահովեն ու սոցաջակցություն կտրամադրեն ավելի սահուն ու արդյունավետ: Նախագծով սոցիալական ոլորտը ապահովող 4 ծառայություններ միացնում են իրար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց՝ կրճատումներ լինելո՞ւ են: Նախարարը վստահեցրեց, որ 1800 հաստիք կա, բոլորը պահպանվելու են, պարզապես որոշ հաստիքների գործառույթների փոփոխություն է լինելու, աշխատակիցներն էլ ընդունվելու են մրցութային կարգով:

Գրիգորյանին նաեւ հետաքրքրում էր՝ այս իշխանությունների օրոք քանի՞ անօթեւան է ապահովվել կացարանով, որովհետեւ իր ուսումնասիրությամբ՝ ոչ ոք չի ապահովվել: Նախարարը պատասխանեց, որ այդ մասով իսկապես անարդունավետ են գործել ու վստահեցրեց, որ սոցիալական բնակարանաշինության հարցը շուտով ավելի արդյունավետ կդառնա:

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը հարցրեց՝ գոնե մի տուն Արցախում կառուցե՞լ եք: Նա ասաց, որ փոխանակ փող տան արցախցուն, ճիշտ կանեն տուն տան, որ մարդը հողին կպչի, իսկ փող բաժանելը հեշտ է, բայց ռազմավարական չէ: Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Ներկայացնում եք, թե Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում, օդանավակայան է կառուցում… օրինակ, տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը մինչեւ այսօր Շուշի քաղաքում հոսանք չի կարողանում ապահովել, չի կարողանում հոսանք քաշել, իսկ ամբողջ Արցախը, որտեղ պատերազմից հետո էլեկտրամատակարարումը խափանված էր ամբողջովին, ռմբակոծված էր, Արցախի տարածքում 24 ժամ հոսանք է ապահոված»: Նախարարն ասաց, որ տարբերություն չի դնում Արցախի ու ՀՀ-ի սոցիալական ծրագրերի միջեւ: Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ նա բացառիկներից մեկն է կառավարությունում, որ տարբերություն չի դնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728