Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր թատրոնը հրավիրել է ամերիկացի բեմադրիչի». Վարդան Մկրտչյան

Փետրվար 19,2021 15:04

«Լիահույս եմ, որ 2021-ը լինելու է շատ առատ տարի, առատ` նախեւառաջ պրեմիերաների առումով: Արդեն իսկ այս պահին նվազագույնը նախատեսել ենք 4 ներկայացում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Ասաց, որ հրավիրելու են բեմադրիչ Ջոն Բլոնդելին, որը Սանտա Բարբարայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաեւ տեղի թատերական համալսարանի պրոֆեսորը: «Բեմադրություն կանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Այս պահին ընթանում են այլ բեմադրության աշխատանքներ, որն իրականացնում է Դավիթ Հակոբյանը: Նաեւ ունենք պրեմիերա, որը ցավոք չհասցրինք մեկ ներկայացումից ավելի խաղալ հայտնի պատճառով: Դա «Դեկամերոնն» է, որն իրականացրել է Լիլի Էլբակյանը: Մի խոսքով, 2021թ կլինեն այս 4 պրեմիերաները»,-նշեց Վարդան Մկրտչյանը:

Նա վստահեցրեց, որ էականորեն փոխվելու է հանդիսատեսի սպասարկման որակը մայր թատրոնում. «Արդեն իսկ 2020թ ամռանը մենք կառավարությունից ստացանք միջոցներ, եւ վերանորոգվեցին հանդիսատեսին եւ արտիստներին սպասարկող սանհանգույցները: Շուտով կավարտվեն թատրոնի ծառայողական մուտքի ճակատային հատվածի ձեւափոխման աշխատանքները եւս: Բարեփոխումները սպասարկման ոլորտում շարունակական են լինելու»:

Վարդան Մկրտչյանի խոսքով, կշարունակեն իրականացնել կրթական «Դասարան+դասական» ծրագիրը, որը պահանջված է, եւ կարճ ժամանակ անց արդեն արձանագրում է իր կարեւոր հաղթանակներից մեկը. «Ձեւավորվում է նոր հանդիսատես, որը ամբողջությամբ կապված է թատրոնի հետ եւ հասկանում է թատրոնի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում…

Շատ հաճախ լսում եմ արտահայտություններ, որ մարդիկ ասում են` թատրոնից տոմս առնենք, որ օգնենք թատրոնին: Մենք այսօր ձեւավորել ենք հանդիսատես, որը ոչ թե տոմս առնելով օգնում է թատրոնին, այլ ներդրում է կատարում թատրոնի կենսագործունեության, զարգացման հեռանկարի մեջ, որովհետեւ թատրոնն այն առողջ հայելին է, որը վաղը մյուս օրը վերադարձնելու է այդ ներդրումը հանդիսատեսին, ստեղծելու է ավելի լուսավոր, առաջ նայող հասարակություն»:

Անդրադառնալով մանկական ներկայացումներին, թատրոնի տնօրենը նշեց, որ 2018թ.-ից փորձել են փոխել մանկական ներկայացումների ընկալման եղանակը. «Մենք իրականացրինք շատ շքեղ ներկայացումներ, եւ դեռ իրականացնելու ենք: Թե «Սառցե սիրտը», թե «Ալադինը» մեր երեխաների սիրելի ներկայացումներն են:

Գիտե՞ք որն էր գլխավոր թեզը. մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարը ռիթմի դարաշրջան է, որտեղ հաջորդ վայրկյանին արդեն նոր երեւույթներ են ծնվում, նոր ինֆորմացիաներ են գալիս, եւ մեր փոքրիկները մեծ հնարավորություն ունեն շքեղ ներկայացումներ դիտելու: Մենք նրանց չենք կարող մոտենալ 20-րդ դարի սկզբունքներով եւ զբաղեցնել հին ձեւերով: Կյանքը ցույց տվեց, որ համարձակ քայլեր անելը ճիշտ էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728