Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև մարտի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անելու իրավունք չունեն, չեն կարող, արանքում նախագահը նորից պիտի դիմի ՍԴ». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Մարտ 03,2021 20:10 Share

«Այն, ինչ ուզում էինք, չստացանք, ստացանք կիսատ-պռատ: Դա նշանակում է, որ ոչ թե պիտի տոնենք հաղթանակ, այլ ասենք, որ մի քայլ արեցինք, բայց ունենք առջևում պայքարելու ժամանակ»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարժման ներկայացուցիչները գտնվում էին ՀՀ նախագահի նստավայրում՝ տեղեկանալու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ազատման հարցով գործընթացներին: Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ իրենց պահանջն էր՝ նախագահն այդ փաստաթուղթը ուղարկի ՍԴ: Այս առիթով հայտարարեց. «Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց, բայց իրավաբանները խորամանկ մարդիկ են. գտան մի միջոց: Ձևը սա է: Մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անելու իրավունք չունեն, չեն կարող, արանքում նախագահը նորից պիտի միջամտի ՍԴ: Այդ խոստումն ու այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահական նստավայր»:

Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հենարանի հարցն արդեն լուծված է. ժողովուրդը նրա հետ չէ ու շարունակեց. «Երկրորդ հենարանն ուժային կառույցներն էին, նրանց ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցներն այս կամ այն ձևով անցնում են այդ կողմ, կամ էդ ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ: Եվ բանակը կանգնեց ժողովրդի կողքին, ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է ու պիտի հեռանա: Իսկ վարչապետը բանակի դեմ հնարեց մի ձև՝ աշխատանքից հանել առանց հասկանալու, որ Սահմանադրության մեջ նախատեսված է, որ նման բան հնարավոր չլիներ»:

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց՝ ինչ ուզում է որոշեն տարբեր ատյաններ, բանակը ոնց կար, այդպես մնալու է: Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ:

Վազգեն Մանուկյանը նշեց՝ հաջորդը լինելու է ոստիկանությունը ու հայտարարեց՝ նրանք կամաց-կամաց սթափվում են: Դիմելով ցուցարարներին ու ցույց տալով ՀՀ ԱԺ շենքը՝ նա վստահեցրեց. «Մենք այս շենքը մտնելու ենք, ոստիկանները բացելու են դուռը, մեզ ուղեկցելու են, և մենք մտնելու ենք ներս: Նույն կերպ կուղեկցեն, երբ մտնենք կառավարության շենք: Մեր նպատակը դա է: Պիտի հասնենք նրան, որ իրենք դուռը բացեն, ասեն՝ համեցեք: Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, այլ որ հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի»:

Վազգեն Մանուկյանի տեղեկացմամբ՝ շարժման մասնակիցներով այս երկու- երեք օրերին կայցելեն մարզեր: Իսկ շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին կանեն հանրահավաք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031