Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում․ ՄԻՊ

Մարտ 13,2021 22:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր:

Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ:

Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ:

Ավելին, այս ողջ ընթացքում որևէ մեկը Կառավարությունից ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով տեղեկություն չի փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որ Կառավարությունը ակնկալում է նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:

Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո:

Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն:

Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը: Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման:

Ընդ որում, պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու Պաշտպանի հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները:

Ավելին, պատգամավորի այդ հայտարարությունը գրեթե անմիջապես տեղադրվել է ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, Պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարրերով գրառումներ:

Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում:

Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները համարում ենք փակված:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    տպաւորութիւն է, թէ ՄԻՊը հայաստանի միակ հետեւողականօրէն եւ խղճամտօրէն աշխատող հաստատութիւնն է։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031