Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախը քրիստոնեական մշակույթի վերին շերտերն է մատուցում մարդկությանը». «Մագնիֆիկատ»-ի փայլուն կատարումը հիացրեց ունկնդրին

Մարտ 22,2021 16:13
kamerayin

Հուլյան օրացույցով Յ.Ս. Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգին ներկայացրին այս մեծակտավ ստեղծագործությունը: Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր) և Կիմ Սարգսյանը (բաս):

«Մագնիֆիկատ»-ի կատարումն առանձնացավ բացառիկ վարպետությամբ և հիացրեց ունկնդրին:

«Շատ ուրախալի է, որ չենք մոռանում Բախի ծննդյան օրը, ուրախալի է, որ հնչում է Մագնիֆիկատը: Չեմ հիշում, թե Հայաստանում Մագնիֆիկատը երբ է հնչել կամ երբևէ հնչել է, բայց լավ է, որ կատարվում է: Ուրախալի էր տեսնել բեմում Երևանի պետական կամերային երգչախումբը. իր բազմավաստակ ղեկավարի կորստից հետո երգչախումբը պատվով հանդես եկավ: Ջանլուկա Մարչանոն մեր երաժշտության լավագույն բարեկամներից է, կարողացավ պատվով ու բարձր մակարդակով ներկայանալ բեմում: Մենք հաղորդակից դարձանք բարձր արվեստին»,-նշեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ շնորհավորեց ներկաներին համերգի առթիվ: «Մեզ վեհացնողը քրիստոնեական արվեստն ու մշակույթն է, իսկ Բախը քրիստոնեական մշակույթի վերին շերտերն է մատուցում մարդկությանը: Երանի, որ նման կատարումները հաճախ լինեն մանավանդ մերօրյա կյանքում»,-նշեց նա:

Նշենք, որ համերգին հնչեց նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան:

Երկու ստեղծագործությունների ավարտին հնչած երկարատև հոտնկայս ծափահարությունները հանդիսատեսի հիացմունքի վառ վկայությունն էին:

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Իսկ ո՞վ կասի, թե երբ կհնչի հայկական ,,Մագնիֆիկատ,,-ը …Հարգանքով Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031