Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան համահայկական հիմնադրամը մինչ օրս 1 միլիոն դոլար է տրամադրել պրոթեզավորման եւ վերականգնողական բուժսպասարկման համար

Մարտ 24,2021 20:03

Հայաստան համահայկական հիմնադրամը ԵՊԲՀ-ի հետ միասին իրականացնում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների պրոթեզավորման գործընթացը։ Այսօր կենտրոնում բուժօգնություն ստացող եւ վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով:

Նշենք, որ կենտրոնի բոլոր սարքավորումները, ընթացիկ նյութերն ու մնացած անհրաժեշտ պարագաները ձեռք են բերվել Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։

Այսօր կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պրոթեզավորման եւ վերականգնողական բուժսպասարկման այս գործընթացում մինչ օրս ներդրվել է 1 միլիոն դոլար, եւ հետագայում էլ, հետագայում որքան անհրաժեշտ լինի,հիմնադրամը պատրաստ է տրամադրել զինվորին օգնելու համար։

Հայկակ Արշամյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից հիմնադրամը բանակցություններ է վարել տարբեր ընկերությունների հետ, փորձել է հասկանալ, թե որ ընկերություններն են զբաղվում պրոթեզավորմամբ․ «Հասկանում էինք, որ մեծ քանակությամբ մարդիկ կլինեն, ովքեր կունենան դրա կարիքը։ Հոլանդիայի կառույցի հետ պայմանավորվեցինք։ Այնուհետեւ նրանք ժամանեցին Հայաստան եւ մենք այցելեցինք Հայրենիքի պաշտպանի տուն։ Որոշվեց ծրագիրը հենց այստեղից էլ սկսել»։

Պարոն Արշամյանի խոսքով՝ մինչ օրս Հայաստան է բերվել մոտ 100 պրոթեզ, բայց նորերը ձեռք բերելու անհրաժեշտություն կա։

«Հայրենիքի պաշտպանները պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում բարձրակարգ մասնագետների կողմից կստանան անհրաժեշտ վերականգնողական ծառայությունները»,-ասաց Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031