Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանների վերաբերյալ տեղեկությունների պատճառով մի շարք ներդրողներ կանգնեցրել էր խոշոր ներդրումները

Մարտ 26,2021 23:20

Որոշ ներդրողներ Տավուշի սահմանների հետ կապված խոսակցությունների պատճառով կասեցրել են իրենց խոշոր ներդրումային ծրագրերը։

Այս մասին «Տավուշի զարգացման ռազմավարության նախագիծը 2021 – 2025 թվականների համար» համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Իհարկե, մենք հավաստիացնում ենք  ներդրողներին, որ նման անհանգստության առիթ չկա, բայց կան ներդրողներ, ովքեր ՀՀ-ից դուրս են ապրում  և երկրում իրականացվող նման ծրագրերին բավականին զգայուն են։

Օրինակ նախատեսվում էր մոտ 4 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել անասնապահության ոլորտում, սակայն այդ խոսակցությունների ժամանակ (Տավուշի մարզի որոշ սահմանները Ադրբեջանին հանձնելու մասին է խոսքը՝ խմբ.) ծրագիրը  կանգնեց և ներդրողները ժամանակ ուզեցին, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք իրենք դեռ վերահաստատում են իրենց մասնակցությունը, թե ոչ։ Ես հուսով եմ իհարկե, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք կկարողանանք հաջողության հասնել, բայց ասեմ, որ հստակ դա խանգարեց մեզ, քանի որ դրանից բացի կանգնել է նաև  2 խոշոր թռչնաբուծական համալիրի ստեղծման նախագիծը, որը ևս այդ խոսակցությունների պատճառով է կանգնել»։

Լրագրողներից մեկը փորձեց պարզաբանել, թե արդյոք մարզպետը նկատի ունի Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերում իրականացվում են չափումներ և դրանք շուտով հանձնվելու են Ադրբեջանին, Չոբանյանը նշեց, որ այդ թեման շատ նուրբ թեմա է, և ներդրողները, տեսնելով նման տեղեկություն, բնականաբար երկմտել են և ժամանակավոր կանգնեցրել գործընթացը. «Երբ ներդրողը տեղեկություն է կարդում, որ այդ տարածքներ հանձնվելու է  թշնամուն և սուտ տեղեկություն է տարածվում, որ այս պահին արդեն կան ադրբեջանցիներ, որոնք տեղացիներից վերցնում են գոմերը և տները, բնականաբար ներդրողները պետք է մտահոգվեն դրա մասին, ավելին` անգամ  կհրաժարվեն այդ տարածքներում ներդրումներ կատարել։ Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, իսկ նման մի հայտարարությամբ դուք դնում մի ամբողջ կառուցած պատը քանդում եք։ Խոսքը միայն գումարի մասին չէ, քանի որ անգնահատելի է այդ տարածքում ապրող մարդկանց հոգեբանական վիճակը, երբ նման տեղեկություն են տարածում, իսկ դա անգնահատելի վնաս է։ Դրա համար մենք մեր յուրաքանչյուր խոսքի մեջ պետք է զգույշ լինենք և այս թեմայի մասին ընդհանրապես չխոսենք։ Միակ ուժը, որին նման հայտարարություններով օգնում ենք, դա թշնամին է»։

Խոսելով նախատեսվող ներդրումային ծրագրերից` մարզպետը հատկապես առանձնացրեց գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը` նշելով,  որ կարճաժամկետ ապագայում մարզի ամենամեծ ներուժը այդտեղ է թաքնված.

«Մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական հողերի շատ փոքր մասը, ավելին` մենք ոռոգում ենք այդ հողերի չնչին մասը՝ ընդամենը 4500 հեկտար և 2021 թվականին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր ոռոգման համակարգերի վերականգնման առումով, դրանք վերաբերում են և մեր ջրամբարների օգտագործմանը, որոնք, ինչպես գիտեք, ցավոք սրտի, գտնվում են Ադրբեջանի սահմանի վրա մնացած ցածրադիր գոտում, և մենք գրեթե այդ ջրերը չէինք օգտագործում մինչ այսօր, բայց այս տարվա նախատեսվող ծրագրերով, որը  պետք է իրականացվեն պետության մասնավոր համագործակցության սահմաններում, պետք է վերականգնվեն նախկինում գոյություն ունեցած և քայքայված որոշ համակարգեր։ Պետք է ստեղծվեն նոր ոռոգման համակարգեր, որը մեր ժողովրդի համար խոշոր տնտեսական սոցիալական նշանակություն կունենա, որը մեծ բնապահպանական նշանակություն կունենա, որովհետև խոսքը պետք է վերաբերի հազարավոր հեկտարների կանաչապատմանը և ջրահավաքի մեծացմանը»։

Մարզպետը նաեւ տեղեկացրել է, որ  2021 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 44 մլրդ դրամ, որից  մասնավոր ներդրման ծավալը կկազմի մոտավորապես 7 մլրդ դրամ։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031