Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմելու այս ընտրությունների արդյունքում. կոալիցիոն կառավարություն կձեւավորվի»

Ապրիլ 17,2021 14:00

Արմեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթն ԱԺ-ում առանձնապես ցնցող չի համարում եւ կարծում է, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի թեժացում կլինի, միմյանց նկատմամբ վարկաբեկիչ նյութեր կհրապարակվեն, ցեխ կշպրտեն իրար վրա, նաեւ կոմպրոմատներ:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեկ օր առաջ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած ելույթով սկսեց նախընտրական քարոզարշավը, այլ այն շատ ավելի շուտ է սկսվել: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Քարոզարշավը սկսվեց Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության ժամանակ՝ Արմավիրի եւ այլ մարզեր, երբ այնտեղ հանրահավաքային ելույթ ունեցավ, որտեղ նաեւ խոստումներ կային, տարբեր հարցերի հետ կապված ՀՀ կառավարության տեսլականն էր ներկայացնում»:

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ.-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացումից հետո Փաշինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին պատերազմի որոշ դրվագների, պարտության պատճառների հետ կապված:

Այս ելույթից հետո, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինայնի ելույթում հնչած հայտարարություններին ի պատասխան վստահեցրեց՝ «Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն՝ նա մերժել է արժանապատիվ խաղաղության նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ՝ տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ-անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ»։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանի մասին ասաց. «Ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում»:

Արմեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի ելույթն առանձնապես ցնցող չի համարում եւ անզեն աչքով դժվարանում ասել՝ այդ հայտարարություններից հետո նրա վարկանիշն աճե՞լ է, թե՞ անկում ապրել:

Ելույթին ի պատասխան հնչած կոշտ արձագանքները քաղաքագետը բնական է համարում: Այս առիթով ասաց. «Բնականաբար, ըստ էության նախընտրական պայքարը սկսվել է՝ չնայած ընտրությունները դեռ նշանակված չեն: Համաձայն եմ, որ գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց նաեւ համաձայն եմ իր այն մտքի հետ, որ միայն ինքը չէ մեղավորը: Այնպես չէ, որ միայն նա եկավ, ու մեր բոլոր դժբախտությունները սկսվեցին: Իրականում խնդիրն այն է, որ ՀՀ նախկին իշխանությունները տարիներ շարունակ մսխել են ՀՀ ինքնիշխանության ռեսուրսները, ռազմավարական օբյեկտները տվել են Ռուսաստանին: Հենց դա է պատճառը, որ ՌԴ-ն արդեն 2016-ից սկսած Հայաստանի վրա ճնշումներ էր գործադրում, որ հանձնենք այն յոթ շրջանները, եւ ըստ էության իրականացրին Լավրովի պլանը»:

Արմեն Վարդանյանը նկատեց՝ տեղեկատվական թոհուբոհի մեջ չնկատվեց այն լուրը, որ ԵԱՏՄ երկրները պատրաստվում են Ադրբեջանին հրավիրել առաջիկայում Կազանում տեղի ունենալիք ԵԱՏՄ վարչապետների նիստին:

Անդրադառնալով Հայաստանում վերջին տարիներին գրանցված արատավոր երեւույթներին՝ Արմեն Վարդանյանը նշեց. «Ակնհայտ է նաեւ՝ նախորդ տարիներին բանակում մեծ ռեսուրսներ չեն ներդրվել: 2010-ից սկսած Ադրբեջանը սկսեց միլիարդավոր դոլարների զենքի գնումը տարբեր երկրներից: Եվ սկսեց սահմանին դե ֆակտո իրավիճակ փոխելու քայլեր ձեռնարկել: Սկսեցին սահմանային միջադեպերը՝ 2014-2015-ին, 2016-ի Ապրիլյան պատերազմը եւ այլն: Այն դեպքում, երբ Հայաստանը 6-7 անգամ ավելի պակաս էր զինվում: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտը, որն աշխարհում լավագույններից է համարվում զենքի եւ զինտեխնիկայի մասին ամենամյա զեկույցներով, այդ կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որ վերջին 10-15 տարիներին Ադրբեջանը 26 անգամ ավելի շատ զենք է գնել: Բնականաբար, դա իր արդյունքը պիտի տար»:

Ուստի ըստ Արմեն Վարդանյանի՝ այնպես չէ, որ նախկիններն ամեն ինչ ճիշտ են արել, եկել է Նիկոլ Փաշինյանը, որը տանում է տվել պատերազմը:

Հարցին՝ ներքաղաքական ի՞նչ զարգացումներ ակնկալենք, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ թեժացում կլինի, միմյանց նկատմամբ վարկաբեկիչ նյութեր կհրապարակվեն, ցեխ կշպրտեն իրար վրա, նաեւ կոմպրոմատներ, ինչպես բոլոր ընտրություններին: Այս ընտրություններին ավելի սուր կլինի այդ ամենը, քանի որ ընտրությունների արդյունքները բավականին անկանխատեսելի են լինելու: Եթե 2018-ին ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերը գիտեին, որ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է, բացարձակ մեծամասնություն է ստանալու, ընդդիմադիր դաշտի մեծ ներկայացվածություն է լինելու, հիմա որեւէ բան ակնհայտ չէ, որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմելու ընտրությունների արդյունքում. կոալիցիոն կառավարություն կձեւավորվի այս անգամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930