Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմ մոտ չստացվի, ես ամենայն անկեղծությամբ կասեմ՝ ребята, у меня не получилось, извините, մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով». Մգեր Արմենիա

Ապրիլ 21,2021 23:28

Այսօր երգիչ Մգեր Արմենիայի՝ Մհեր Մեսրոպյանի հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարն էր:

Կուսակցության ծրագրային դրույթներում ամրագրված է, որ «Հայաստանի քաղաքական դաշտը պետք է հնարավորինս հեռու պահել դիտարժան լինելուց»:

Aravot.am-ը Մգեր Արմենիային հարցրեց՝ ի՞նչ նկատի ունեք, իշխանություն լինելու դեպքում պիտի փակե՞ք ԱԺ նիստերը, որ չդիտեն, նա պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ հնարավորինս քաղաքական պրոցեսները պետք է մեդիա դաշտում իջեցնել: Մենք մտահոգված ենք մեր քաղաքացիների համար. աշխատեցինք, ներկայացրեցինք, արեցինք սա, նա: Խոսքը չի գնում նրա մասին, որ հանրության համար չլուսաբանենք ԱԺ նիստերը կամ կառավարության նիստերը, ո՛չ: Միանշանակ այդ ձեւաչափն աշխատելու է: Բայց մենք դեմ ենք, օրինակ, live տարբերակին: Երկրի ղեկավարը առավոտից իրիկուն live-ով զրուցում է, ինձ համար խորթ է: Ես ինքս հանրային մարդ եմ եւ օգտվում եմ սոցցանցերից, ունեմ այդ հնարավորությունները ուղիղ եթերներ մտնեմ, ես արտիստ եմ, կարող եմ դա անել: Բայց երբ որ երկրի ղեկավարը կարեւորագույն հայտարարություններն անում է լայվերի միջոցով ու սոցցանցերում ակտիվ, լայնածավալ աշխատանքներ է տանում, քննադատում է եւ այլն, խոսքը դրա մասին է գնում՝ չեզոքացնել դա, զբաղվել գործով: Զբաղվիր պետականաշինությամբ: Չգիտեմ…Նիկոլ Փաշինյանի ժամացույցը կորեց, Աննա Հակոբյանը սա արեց, նա արեց, կներեք, ամեն ինչին կա չափ ու սահման: Պետական պաշտոնյան ունի ծրագիր, աշխատե՞լ է, կատարե՞լ է հանձնարարությունը, դա ուրիշ է, բայց առավոտից երեկո անել լայվե՞ր»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ նշել եք, որ ցանկացած արտասահմանյան կոնվենցիա չպետք է վավերացվի ՀՀ-ում, այսինքն, Հայաստանը պետք է ապրի մեկուսացվա՞ծ՝ նա պատասխանեց. «Մենք դեմ ենք այն կոնվենցիաներին, որոնք հարված են հասցնում մեր պետությանը: Այս կետում նշված են հատկապես սեռական բնույթի կոնվենցիաներ: Մենք ունենք մեր ազգայինը, մենք ունենք մեր հայկականը, իրավունք չունենք թույլ տալ, որ տարբեր կոնվենցիաներ ներգրավվեն մեր կյանք ու դառնան իրականություն»:

Հարցին, թե ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին՝ մենա՞կ, թե՞ դաշինքով՝ Մհեր Մեսրոպյանը պատասխանեց, որ առայժմ իրենց կուսակցությունով, բայց չի բացառվում, որ դաշինք էլ կազմեն:

«Ազգի ձայնը» մտադիր է վերանայել պարգեւավճարների համակարգը. «Ամբողջ ազգը վարկերի տակ է, ինչ ունեն չունեն՝ մեքենա, ոսկեղեն, բանկում է: Պարգեւավճարները, որոնք բաժանվում են իշխանությունների կողմից, ծախսելու տեղ չունե՞նք: Շատ տեղեր կան ծախսելու»:
Մգեր Արմենիան նաեւ ասաց, որ այս իշխանությունները մինչեւ հիմա գերիների հարցը չեն կարողացել լուծել, ո՞նց են ապրելու. «Այս ի՞նչ սարքեցին մեր բանակը, տարածաշրջանում ամենաուժեղ բանակն է եղել: Հիմա մեր բանակը վիրավոր է, գերիներ ունենք, կորածներ, սարսափելի վատ միջավայր է: Դրա համար Մհեր Արմենիան առայժմ մի կողմ է դրել իր կյանքը, զբաղվում է քաղաքականությամբ»:

Մենք հարցրեցինք՝ որ դուք գաք իշխանության, գերիների հարցն ինչպես եք լուծելու՝ Մգեր Արմենիան պատասխանեց. «Մենք հիմա էլ ենք զբաղվում գերիների հարցով: Մեր կուսակցության անունից գրել ենք նամակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սպասում ենք արձագանքին: Պարզապես, երբ իշխանության ղեկին ես լինում, լծակներն ավելի շատ են»: Ճշտեցինք՝ այսինքն, դուք գտնում եք, որ գերիների հարցի լուծումը Պուտինի ձեռքո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Իհարկե: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը զբաղվում է այդ հարցով: Ականատես չեղա՞ք, որ ՌԴ խաղաղապահ զորքերի գեներալ Մուրադովը քանի անգամ գնում է, Բաքվից բերում է գերիներին: Բա ո՞վ է զբաղվում, իշխանություննե՞րը: Իրենց պետք չեն գերիները, հակառակը, ինչքան հասարակության մեջ լարվածություն լինի, իրենց ավելի ձեռնտու է»:

Հարցին՝ եթե չընտրվեք, շարունակելո՞ւ եք զբաղվել քաղաքականությամբ՝ նա պատասխանեց. «Ես արտիստ եմ: Եթե չստացվի, ես ամենայն անկեղծությամբ կասեմ՝ ребята, у меня не получилось, извините, մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով: Իսկ եթե ստացվի, այդ ժամանակ կտեսնեք: Դա որոշում է ազգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930