Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյանը՝ վարչապետի՝ Սյունիք այցի մասին․ «Նիկոլին էշ-էշ տարան ու գցեցին խնդրի մեջ»

Ապրիլ 21,2021 23:40

Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու համակիրներն այս պահին կառավարական առանձնատան մոտ բողոքի ցույց են անում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ի աջակցություն Սյունիքում այսօր տեղի ունեցած ցույցերի։

Կառավարական առանձնատան մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հավաքվել են զորակցություն հայտնելու սյունեցի եղբայրներին․ «Որոնք այսօր կրկնեցին հայ ժողովրդի գնահատականը հողատուի մասին։ Կապիտուլյանտը փախավ Սյունիքից։ Նա Հայաստանում որեւէ տեղ, եթե թատրոն չի կազմակերպում, չի կարող հանգիստ քայլել, չի կարող հայրենադավ հողատուն հանգիստ քայլել Հայաստանում։ Նա այսօր հազարավոր ոստիկանների, ազգային անվտանգության ծառայության՝ քաղաքացիական հագուստով, զինվորական հագուստով, հատուկ նշանակության ուժերի օգնությամբ, թուքումուր լսելով, հայհոյանք լսելով փորձում քայլել, բայց դա էլ նրան չհաջողվեց, նա ուղղակի ճողոպրեց, փախավ»։

Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստան»։

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  հարուցված է քրգործ՝ ապօրինի եւ անհիմն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ցուցում տալ կամ միջամտել ցանկացած իրավապահ մարմնի գործողությանը։

«Այս պահին Սյունիքում երկու հազարից ավելի ոստիկաններ եւ հատուկ ծառայության ջոկատն է տեղակայված։ Նիկոլը վերադարձել է, Սուրեն Պապիկյանը մնացել է։ Նա այլ քաղաքականություն է որդեգրել՝ հրավիրում է ում կարողանում է՝ քեզ ի՞նչ է պետք, հո՞ղ է պետք, ապօրինի, օրինական, ինչ ես ուզում՝ դու ունես դա։ Ենթադրում եմ ընտրությունները, եթե կայանան, ինչը կասկածում եմ, որ լինեն, իրենց քարոզարշավի ձեւը այդպես կլինի։ Ես համոզված եմ, որ նա այս ամենը արել է հատուկ նրա համար, որ հետ կանգնի արտահերթ ընտրություններից»։

Լրագրողներից մեկի հարցին՝ իմանալով, որ Սյունիքում վարչապետին չեն ուզում տեսնել, բայց նա գնաց, որպեսզի այսպիսով որեւէ հիմք ստեղծի, որ ձեր նկատմամբ հետապնդման հիմք լինի՞, պարոն Հակոբյանը պատասխանեց․«Ես հակված եմ այն վարկածին, որ Նիկոլին տարան, գցեցին ծուղակը։ Նրա այցին նախորդել էր ՀՀ նախագահը, նա եւ նրա արարողակարգից զանգել էին փոխքաղաքապետերին ու հարցրել՝ կարո՞ղ ենք գալ Սյունիք։ Զարմանալի է, որ նախագահը հարցնում է նման բան։ Բայց ես հակված եմ մտածել, ներողություն, Նիկոլին էշ -էշ տարան ու գցեցին խնդրի մեջ»։

Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի էջից

Վահե Հակոբյանը նաեւ ասաց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ էր Փաշինյանի հետ այցելել Սյունիք․«Բայց նա արագ փախել է այնտեղից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930