Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագծից տպավորություն է ստեղծվում, որ դուք մտել եք հանրային զուգարան եւ փորձում եք դեզադորով հոտերի դեմ պայքարել». Բաբաջանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Ապրիլ 28,2021 15:20

«Գործող իշխանությունը հիմա է հիշել, որ կան այսպիսի համայնքապետեր: Որ կան այդպիսիք եւ շատ են, այդ թվում՝ Սյունիքում, որեւէ մեկը չէր կասկածում: Հիմա անկողմնակալ դիտորդի մոտ տեսակետ է ձեւավորվում, որ սա արվում է քաղաքական նպատակներով, որպեսզի ընտրություններից առաջ համայնքապետերի հետ դաստիարակչական աշխատանքներ տարվեն, խոչընդոտվի նրանց գործունեությունը»,-այսօր ԱԺ նիստում, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մինչ այդ հիմնական զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկարագրել էր մի շղթա, թե ինչպես էր համայնքապետերից մեկը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ գրել իբր Մեղրի համայնքում գործարար միջավայրը բարելավելու համար արտոնություն ստացել ու այդ արտոնությունից օգտվել էր իր ընտանիքին պատկանող բիզնեսը:

Թագուհի Թովմասյանին ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ նախագիծը վաղուց է դրվել շրջանառության մեջ ու քաղաքական դրդապատճառներ չունի, ուզում են վերացնել օրենքով մեկ անձի տրված արտոնությունը: Նա նաեւ բացահայտեց, թե այս օրերին ինչպես են փորձել նախագիծը այլընտրանքային ճանապարհներով շրջանառությունից հանել. «34 հազար մեքենա այնտեղից մտել է Հայաստան ու միայն 2600-ն է գնացել այս պահեստ: Այդ 2600-ից մոտ 70%-ը իր ընկերությանն է,ստացվում է, որ մյուս տնտեսվարողները անհավասար պայմաններում են եղել: Ի նպաստ անձի է սա եղել: Իրենց այդ օղակներով որ փորձում են՝ «ինչ է պետք անենք՝ հանեք այս նախագիծը», չի՛ ստացվելու: Այդ նախկինում էր այդ պայմանավորվածությունը եւ այլն եւ այլն: Ակնհայտ է, չէ՞, որ մաքսային ծառայության ղեկավարի այցելությունից եւ կոպտագույն խախտումներ հայտնաբերելուց 5 օր անց այդ դեպքն եղավ, ինչո՞ւ Կապանում նման դեպք չեղավ»:

Ըստ Թագուհի Թովմասյանի, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սա կասկածահարույց է ու ուզում է, որ փարատեն այդ կասկածները:

Արման Բաբաջանյանը զարմացավ, թե ինչու են թույլ տվել մնացած գերատեսչությունները, որ այդ արտոնությունից տվյալ անձը օգտվի այս 3 տարիներին էլ՝ նոր իշխանության ներքո. «Ստացվում է, որ ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ ամեն տնտեսվարողի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով փորձելու ենք զսպել նրանց քաղաքական ախորժակը, ամբիցիաները: Իմ գնահատմամբ՝ սա ճիշտ ճանապարհ չէ»: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ այս նախագիծը ոչ թե մեկ տնտեսվարողնի դեմ է, այլ մյուս 32 հազար տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու համար է:

Իսկ թե ինչու մյուս գերատեսչությունները այս տարիներին լռել են, Գաբրիելյանը քննադատության հետ համաձայն է. «Գուցե այդտեղ կան հանցագործության տարրեր»:

Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց. «Այս նախագծից տպավորություն է ստեղծվում, որ դուք մտել եք հանրային զուգարան եւ փորձում եք դեզադորով հոտերի դեմ պայքարել: Այդպես չի լինում երբեք: Պետք է հիմնարար այդ կեղտը, զիբիլը, բալաստը լուծել: Դա պետք էր անել շատ ավելի վաղ, որովհետեւ հիմա չէ, որ պարզ է դարձել, թե ինչ հարստություն է թաքցվում Սյունիքում եւ ովքեր են թաքցնողները»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց 79 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930