Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին, բռնություն գործադրողներին ու սպառնացողներին պատշաճ կպատժեն. Նոր նախագիծ

Ապրիլ 29,2021 16:51

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այն վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության եւ պատժի անխուսափելիության սկզբունքի իրացումն ապահովելուն: Մասնավորապես, գործող օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվություն է սահմանում, երկրորդ մասը սահմանում է նույն արարքի համար պատասխանատվություն, որը կատարվել է հատուկ սուբյեկտի, պաշտոնատար անձի կողմից, երրորդ մասը պատասխանատվություն է սահմանում առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքների համար, որոնք կատարվել են լրագրողի կամ իր մերձավորների կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Խնդիրն այն է, որ այդ հոդվածի 3-րդ մասում օգտագործվել է «եւ» շաղկապը, այսինքն, պարտադիր պիտի պաշտոնատար անձի, հատուկ սուբյեկտի կողմից դա եղած լինի, որ պատասխանատվության ենթարկվի այդ հոդվածով: Հիմա այդ խնդիրն ուզում են վերացնել, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտողներին պատժելու իրավունքը պատշաճ իրացվի:

Նազելի Բաղդասարյան

«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանն ասաց, որ վերջին շրջանում այնպես է ստացվել, որ ե՛ւ կառավարության, ե՛ւ առանձին պատգամավորների նախագծերը մշտապես լրագրողների կողմից ընկալվում են որպես վատթարացնող նորմեր, սա կարող են ընդունել՝ որպես բարեխիղճ լրագրողների մասնագիտական գործունեությանը սատարող նախագիծ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930