Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին ՀՀԿ-ին պարզապես չթողեցին խորհրդարան…Դա նման է մի մաստակի, որը կպել է կոշիկին, ամեն անգամ ճպճպում է ու ոչ մի ձեւ պոկ չի գալիս». Աշոտյանը՝ իմքայլականներին

Ապրիլ 29,2021 21:30

«Ես վստահ եմ, որ 2018-ի դեկտեմբերյան խայտառակ ընտրություններով հանդերձ ՀՀԿ-ն խորհրդարանական կուսակցություն էր, որովհետեւ ունեմ բազմաթիվ փաստեր, ոչ միայն ես, տասնյակ, հարյուրավոր իմ ընկերները, որոնք վկայում են այն մասին, որ 2018-ին ՀՀԿ-ն պարզապես չթողեցին խորհրդարան»,- այսօր  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանն ասաց, որ իր համար մեղմ ասած տարակուսելի են ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցում տրված գնահատականներն առ այն, որ գալիք ընտրությունները լինելու են 2018-ի նման ազատ եւ արդար. «Ես, լինելով 4-րդ ընտրատարածքում թեկնածուներից մեկը, պետք է փաստեմ, որ մտահոգված եմ այն հանգամանքով, որ տիկին դեսպանը այդ խայտառակ ընտրություններից 2,5 տարի անց դեռ չունի պատշաճ տեղեկություններ»: Նա ասաց, որ խայտառակ վարչական ռեսուրս է կիրառվել՝ «ուսապարկերի» համար 20 հազար ձայն հավաքելու համար. «Այսինքն ի՞նչ եք ուզում ասել, որ մարդիկ գնացել ու քվեարկել են մարդկանց օգտին, ում առ այսօր չե՞ն ճանաչում: Ակնհայտ չէ՞, որ այստեղ եղել է վարչական ռեսուրսի խայտառակ կիրառում: Դրանք եղել են չընտրություններ, որովհետեւ էյֆորիկ պիկի ժամանակ հանրությանը մատուցել քաղաքական որոշման կայացման պատասխանատվություն՝ նշանակում է խաբել մարդկանց, նույն բանն է, որ հարբած վիճակում մարդուն ստիպես, որ ամուսնության առաջարկություն անի»:

Թե ինչպես, ինչ մեխանիզմներով թույլ չեն տվել ՀՀԿ-ին մտնել խորհրդարան, Աշոտյանն ասաց, որ ողջ մեխանիզմը կդառնա հանրության սեփականությունը: Նա նշեց, որ իրենք նախկին չեն. «Երբ ես բժշկական համալսարանի ուսանող էի, մթության պայմաններում գնում էի լատիներենի դասերի, այսօրվա իշխանության կողքին կան մարդիկ, որոնք վայելում են այդ իշխանությունների մատուցած նյութատնտեսական առավելությունների բերկրանքը, կան մարդիկ, որոնք զբաղեցում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը, որը ես զբաղեցնում էի 2017-ի մայիսից, օրինակ: Այս ծամոնը, կարծում եմ, վաղուց բոլորիս նյարդերի վրա ազդում է: Նման է մի մաստակի, որը կպել է կոշիկին եւ ամեն անգամ ճպճպում է ու ոչ մի ձեւ պոկ չի գալիս: Եկեք դրսեւորենք քաղաքական հիգիենայի տարրական կանոն, չզլանանք, կռանանք եւ պոկենք կոշիկից այդ ծամոնը, նետենք աղբամանը եւ հասկանանք, որ նման անհամ, ժամկետանց մաստակներով Հայաստանի քաղաքական ապագան որոշվել չի կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930