Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացում չունեմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, բայց վստահում եմ բժիշկներին». Շարժական պատվաստումային խումբը գործում է նաեւ Վանաձորում

Մայիս 07,2021 16:08

ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով՝ արդեն մի քանի օր է Վանաձորում եւս տեղակայվել է Շարժական պատվաստումային խումբը: Հայքի հրապարակում կանգնած շտապ օգնության մեքենայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ նախ չափում են բնակչի ճնշումն ու ջերմությունը, ստուգում արյան մեջ թթվածնի քանակն ու ապա նոր միայն պատվաստում. «Անցորդներին տեղեկացնում ենք, ցանկություն են հայտնում եւ տեղում պատվաստում ենք իրականացնում: Նախապես թերապեւտն ամեն ինչ ստուգում է եւ հետո պատվաստում ենք: Շատ պատվաստումներ ենք արել, ամեն ինչ բարեհաջող ավարտվել է, ոչ մի ջերմություն, մկանացավ նման բաներ չկան»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց բուժքույր Աստղիկ Խաչատրյանը:

Նա նաեւ նշեց, որ պատվաստվել ցանկացող անձը նախընտրում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը. «Շատերը տեղեկացված չեն պատվաստանյութի մասին, գալիս են ու ասում, որ «Սպուտնիկ» են ուզում: Բայց երբ հարցնում ենք թե ինչո՞ւ, չեն կարողանում ասել: Սակայն, երբ ճիշտ ենք տեղեկացնում դեղորայքի մասին, իրենք ընտրում են AstraZeneca-ն»:

Մեր այնտեղ գտնվելու պահին պատվաստվում էր Գայանե Մարգարովան: 57-ամյա կինը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշել է պատվաստվել, քանի որ երկրից պետք է դուրս գա. «Ռիսկի հարց է, բայց պատվաստվեցի: Պատկերացում չունեմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, բայց վստահում եմ բժիշկներին: Լավ եմ զգում ինձ»:

Աստղիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ զուգահեռ պատվաստումներ են իրականացնում նաեւ պոլիկլինիկայում: Իսկ մինչ մեր նկարահանման պահը Շարժական պատվաստումային խմբի մոտ պատվաստվել էին 5 հոգի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31