Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոսն էլ վարչապետ լիներ, այդ ստի ու կեղծիքի մեջ կխեղդվեր․ լավ է՝ Նիկոլն այսքան դիմացել է»․ Վլադիմիր Առաքելյան

Հունիս 25,2021 15:32

Ինչպես հայտնել էինք, «Տիգրան մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ ընտրությունների արդյունքները դրական է գնահատում եւ գտնում է, որ ժողովրդի մեծամասնությունը որոշել է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հետաքրքրվեցինք նաեւ պատերազմի առնչությամբ պարբերաբար խոսվող մի քանի դրվագների մասին։

-Պարոն Առաքելյան, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ պատերազմի կառավարումը տանուլ տվեց, որ մինչեւ հիմա չլուծված խնդիրներ կան։

-Հաղթանակը տեր ունի, պարտությունը որբ է։ Չի կարելի, էլի։ Եթե հաղթում ենք, ուրեմն՝ ազգովի, եթե պարտվում ենք՝ ուրեմն ազգովի։ Այնպես որ՝ շահարկում են, թե Նիկոլն այս արեց, Նիկոլն այն արեց։ Նման բան գոյություն չունի։ Թող այն հրամանատարները կարգին հրամանատար լինեին ու կռվեին։ Նիկոլը պետք է գնար կռվե՞ր։

Մի բան էլ։ Առհասարակ, պատերազմի ժամանակ հրամանատարը ԳՇ պետն է։ Օնիկ Գասպարյանն էր։ Իրենք են զեկուցում Նիկոլ Փաշինյանին։ Զեկուցեցին տարբեր սուտ տեղեկություններ, նա էլ հավատացել է, չէ՞ որ շտաբի պետ է նշանակել՝ հավատալով նրա ասածին։ Փաստորեն, Նիկոլին միշտ ապատեղեկատվություն են մատուցել։ Ես եղել եմ ռազմաճակատի տարբեր հատվածներում։

 -Արթուր Այվազյանն (Մանախ), օրինակ, իշխանությանը մեղադրում է, որ դիտավորյալ հանձնել են Հադրութը։

-Եթե գիտի ով ու ոնց է հանձնել, թող ասի։ Եվ հետո, արցախցին չկռվեց․․․միայն Քարվաճառում է եղել, որ թույլ չենք տվել սադրանքներ։ Ճիշտ է, մի քանիսը եղան, որոնք ասացին՝ «չենք կռվում», «Նիկոլը հողերը հանձնել է»․․․Ուզում եմ հասկանալ՝ քանի՞ թուրք է մտել Հադրութ։ Մոտ հիսուն հոգի, երեւի թուրքական դիվերսիոն խմբերն են եղել։

-Իսկ Շուշիի՞ առնչությամբ։ Տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանը Շուշիի անկման համար մեղադրեց մեկ Գագիկ Ծառուկյանին, մեկ Արթուր Վանեցյանին, վերջերս էլ՝ Օնիկ Գասպարյանին։

-Նիկոլը չկարողացավ ճիշտ ձեւակերպել։ Բոլորս էլ մեղավոր ենք։ Իսկ Շուշիի հետ կապված, ինձ անձամբ ասել են, տղաս էլ է ասել, որ «կամուֆլյաժով», ավտոներով եկել են Ստեփանակերտի հրապարակ՝ իրենց «Նիվա»-ներով, եսիմ ինչերով, ճոխ․․․բայց չեն մասնակցել պատերազմին։ Նույնն էլ Վանեցյանի հետ կապված են ասում, որ փախել է (Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը մի շարք հարցազրույցներում Շուշիի վերաբերյալ ասել է․ «Որևէ մեկը չի փախել իրեն վստահված հատվածից: Ես և իմ ջոկատը որևէ դիրք չենք լքել, եղել ենք ամենածանր դիրքերում՝ ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումով։ Ամսի 8-ին, երբ արդեն պարզ էր, որ ռազմական գործողություներն ավարտված են, ես գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին հարցրել եմ՝ ինչ ունենք այդ պահին անելու: Նա ասել է՝ ոչ մի բան: Դրանից հետո մենք զորախմբով վերադարձել ենք Հայաստան».-խմբ.):

Ինձ թվում է՝ Քրիստոսն էլ վարչապետ լիներ, այդ ստի ու կեղծիքի մեջ կխեղդվեր։ Լավ է՝ Նիկոլն այսքան դիմացել է (ժպտում է

-Դուք որեւէ հարցում Փաշինյանին մեղադրելու առիթ ունե՞ք։

-Ես Փաշինյանին մեղադրում եմ միայն կադրային քաղաքականության համար։ Եթե պատերազմի ժամանակ ճիշտ կադրերի նշանակեր, նախարարը ճիշտը լիներ, մենք երեւի այսպիսին չէինք լինի։ Ուրիշ հարցով Նիկոլին չեմ կարող մեղադրել։ Տղաս էլ է եղել ճակատում, թոռներս էլ։ Ի՞նչ է, ես մատաղ էի անելո՞ւ նրանց։ Ոչ, մենք գիտեինք, որ պատերազմ է, բայց դեռ երրորդ օրը չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում․ փախնում էին, զենքերը գցում-փախնում էին։ Իսկ Քարվաճառը մնաց անառիկ։ Երբ Քարվաճառից Ստեփանակերտ էինք գնում, ճանապարհին տեսնում էինք տղաներին, ասում էին, որ իրենց բերել են կոտորածի։ Այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում կոտորած են անում։

-Պատերազմի շատ մասնակիցներ են բարձրաձայնել, որ ինքնաձիգով ԱԹՍ-ի եւ ծանր հրետանու դեմ էին կանգնած։

-Չէ, չէ, ԱԹՍ-ները հասկացանք․․․ամենակարեւորը ճիշտ մեկնաբանելն է։ Տարբեր տեղեր տարբեր են եղել։ Ջրականի ուղղությամբ, օրինակ, զենք-զինամթերքը թողել փախել են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930