Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 11,2020 11:54

«Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել»,-ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս առիթով նա մանրամասնեց. «Այդ փորձերից մեկն ամբողջությամբ ձախողվել է, մյուսը՝ մեկ ջոկատ հաջողվել է ներս մտնել Շուշի: Ամբողջ հակասությունները Շուշիի շուրջ կապվում էին հենց դրա հետ: Մի օր Շուշին անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից նորից Շուշին հետ վերցնելու, որը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Մարտերը շարունակվում են, ում հսկողության տակ է Շուշին, ամբողջը կապվում է այս խնդրի հետ: Ցավոք, մեծ հաշվով իրադրությունն այդ առումով չի հաջողվել փոխել»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց. «Քանի որ դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվել, ինձ ասացին, որ երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է,  որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին կանգուն էր, Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, ես չեմ համաձայնել և համաձայնել եմ միայն այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 28-ին իբր Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ մտցնել: Սա կոնկրետ փաստով հերքվում է: Հոկտեմբերի 22-ին ռուսական Ռիա նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, նույնը ես կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այսինքն՝ հոկտեմբերի 22-ին և 25-ին կողմ արտահայտվելով՝ որևէ կերպ չէի կարող դեմ արտահայտվել այդ հարցին հոկտեմբերի 28-ին»:

Նիկոլ Փաշինյանը դավադրության մասին խոսելիս կամ կայացված որոշման պատճառների մասին խոսելիս հորդորեց արձանագրել հետևյալ փաստը. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը: Հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, կամուֆլյաժ, տեսանք վիլիսներ և այլն, բայց այդպես էլ կարծես թե չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, քանի որ այդ ջոկատը, այդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավոր կլինե՞ր Շուշին պահել: Թերևս սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին: Սա գուցե մի փոքր սիմվոլիկ, բայց իրականում սիմվոլիկ էլ չէ, եթե այդ ջոկատը պատրաստ լիներ ՊԲ հրամանատարի տրամադրության ներքո, նա անհրաժեշտ պահին այդ ջոկատը կարող էր ուղարկել, որ նրանք օգնեն Շուշի մուտք գործած մեր խմբին և ամրացնեն այդ խմբի հաղթանակը: Բայց քանի որ ինչ-ինչ պատճառներով հրապարակային հայտարարությանը չհետևեց գործողություն չգիտեմ՝ ինչ պատճառով: Այդ ինչպե՞ս է հրապարակային հայտարարվում կամ նիվաները ցուցադրվում են, բայց հետո ոչինչ չի լինում: Սրա մեջ կարո՞ղ է դավադրություն ու դավաճանություն լինել: Համենայն դեպս, վարկած է, որն արժանի է քննության: Գուցե այդ նիվաներն ու վիլիսները, ջոկատները ոչ թե Շուշիում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել, այլ ՀՀ-ո՞ւմ գործունեություն ծավալելու համար: Եթե այդպես է, այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը անպայման տեղի կունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30