Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջինը հենց Դուք պետք է պատասխանատվություն կրեք, որ չեք պատրաստում ոստիկաններին խաչմերուկներում աշխատելու համար․ բաց նամակ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետին

Հուլիս 11,2021 13:11

Դիտեցի երկու երիտասարդ ՆՈՐ ոստիկաններ, ինչպես էին խաչմերուկում կարգավորելու փոխարեն խառնաշփոթ առաջացրել։

Ֆեյսբուքը ալեկոծվում էր այդ տեսանյութով։ Ամենուր մեկնաբանություններ էին։ Ակամայից մտաբերեցի, կներեք արտահայտությանս համար, «նախկինում» թե ինչ էր տեղի ունենում, երբ անհրաժեշտություն էր առաջանում խաչմերուկները կարգավորելու համար։ Ես նկատի ունեմ շատ նախկինում, քանի որ մի տասը տարի առաջ էլ նույն խառնաշփոթն էր խաչմերուկներում, երբ լուսաֆորի հոսանքն անջատվում էր։

Շենքը, որտեղ ապրում եմ, Սայաթ Նովա փողոցի վրա է։ Դեռևս վաթսունականներին հիշում եմ, երբ լուսաֆորները չէին աշխատում, ՄԵԿ ոստիկան կանգնում էր Նալբանդյան և Սայաթ Նովա խաչմերուկի երթևեկելի մասի կենտրոնում, ձեռքին կարգավորման մահակով ու սուլիչով դիրիժորի շարժումներով կարգավորում էր երթևեկությունը։ Նա շատ նման էր դիրիժորի, որ ղեկավարում էր ավտոմեքենաների «նվագախումբը»։ Աննկարագրելի հետաքրքիր տեսարան էր։ Ես տասը տարեկան էլ չկայի ու մեր բակի երեխաներով հատուկ կանգնում էինք խաչմերուկի մայթին ու հիանում էինք ոստիկանի շարժումներով։ Նրան հատուկ պատրաստել էին՝ ժամանակակից լեզվով ասած թրեյնինգ էր անցել։

Բայց խաչմերուկների այդպիսի կարգավորումները, ավաղ, մնացին անցյալում։ Ու վաղուց արդեն, տասնամյակներ չեն կիրառվում։ Փոխարենը ոստիկանները ձեռքերի նյարդային շարժումներով, վարորդների վրա հոխորտալով ու գոռգոռալով, աղմկելով և ուժգին սուլելով ուզում են կարգավորել, որն անօգուտ է։

Երևի Դուք այս տեսանյութը դիտելուց հետո այդ երկու երիտասարդների «հարցերը» կլուծեք ու կպատժեք նրանց այս կամ այն ձևով։ Մինչդեռ առաջինը հենց Դուք պետք է պատասխանատվություն կրեք, որ չեք պատրաստում ոստիկաններին խաչմերուկներում (ՃՈ) աշխատելու համար։ Չէ՞ որ ինքներդ էլ գիտեք, որ այդ աշխատանքը պահանջում է հմտություն, որը պետք է փոխանցել երիտասարդ ոստիկաններին։ Դուք այլևս պետք է հասկանաք գոնե «բարեփոխում» ասածն ինչ է։ Բարեփոխումն այն չէ, որ ոստիկանական պարեկային մեքենաների վրա գրել օտար լեզվով ու համարյա չգրել հայերեն։ Դա բարեփոխում չի, այլ կներեք արտահայտությանս համար «գյորմամիշություն»․․․ ինչպես օրինակ վարչապետի պաշտոնակատարի ռուսերեն ու անգլերեն «լեզվական տվայտանքները»․․․ ինչևէ, թեմայից չեմ ուզում շեղվել։

Երբ Վրաստանում բարեփոխվում էր ոստիկանությունը, մի տասնհինգ տարի առաջ, ես անմիջապես ինձ վրա զգացի այնտեղ «բարեփոխումների շունչը»․․․ ես նկատի ունեմ ոստիկանների բարեհամբույր և քաղաքավարի լինելը։ Ի դեպ, նրանց պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա գրված էր իրենց լեզվով։ Ենթադրում եմ՝ նրանք ավելի շատ են սիրում իրենց տառերն ու լեզուն, քան մենք։

Մայիս ՎԱՆՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031