Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բոլոր նկարներիս հիմքը մարդն է». Մեխակ Էլբակյան

Սեպտեմբեր 07,2021 16:01

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց միության անդամ, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի դասախոս Մեխակ Էլբակյանի անհատական ցուցահանդեսը։

Ներկայացված էին նկարչի ինչպես հին, այնպես էլ նոր կտավներ, որոնք ստեղծվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Նկարչի խոսքով՝ ներկա պահին ցուցադրվում է 61 նկար:

Կտավներում հեղինակն արծարծել է պատերազմի, ամբողջ աշխարհին պատուհասած Covid-19-ի, կյանքի, սիրո եւ այլ թեմաներ։

Յուրաքանչյուր նկար ունի իր պատմությունը, խորհուրդը եւ, որ ամենակարեւորն է՝ նկարչի այդ պահի ապրումները:

Գեղանկարիչ Մեխակ Էլբակյանը 1990-1995 թթ․ սովորել է Երեւանի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի բաժնում, 1995-2001 թթ․` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի բաժնում։ 2012թ․-ից մինչ օրս դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ունի դոցենտի գիտական կոչում։ 2002 թ․-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

«Նկարներ վրձնելու միտքը գալիս է ինքնաբերաբար, ծնվում տվյալ պահին: Ես սովորական մարդ եմ, որն ապրում է, շփվում, ունենում այն ապրումներն, ինչ մնացածը, սկսած սիրուց` մինչեւ պատերազմի պատճառով ապրած հույզեր: Այս ամենի արտացոլանքը կտեսնեք իմ նկարներում: Իմ հուզումները, մտքերն ու ապրումները տալիս եմ նկարիս ու մասնագիտությանս միջոցով արտահայտում ամեն բան, ապա ներկայացնում հանրությանը:

Նկարներումս կա թեմաների ակնառու տարբերություն, սակայն բոլորի հիմքում մարդն է, նրա ապրումները, դիմացինի հետ շփումը, սերը, ողբերգությունը: Երբեմն զարմանում եմ ինձ վրա, թե ինչպես եմ կարողանում նման աշխատանքներ ստեղծել, երեւի թե ի վերուստ է տրված, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն»,- մեզ հետ զրույցում ասում է Մեխակ Էլբակյանը:

«Կա նկար, որը երկար տարիների պատմություն ունի, տարիների աշխատանքի արդյունք է, եւ կան նկարներ, որոնք կարճ ժամանակում եմ արել, կամ վերջերս են ծնվել: Ցուցահանդեսն էլ բաց է մինչեւ սեպտեմբերի 15-ը, բոլորին սիրով սպասում ենք»,-հավելում է արվեստագետը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930