Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ Ալիեւը դժգոհ չմնա, չնեղվի

Սեպտեմբեր 08,2021 12:00

Մոսկվան կրկնում է Ալիեւի դիրքորոշումն՝ արդարացնելով պաշտոնական Բաքվի սանձարձակ պահվածքը

«Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որեւէ բանակցություն չի ընթանում»,- անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հետեւած համատեղ մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա»,- հավելեց նա:

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ռազմավարությունն է, սակայն խաղաղության խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը։ Միրզոյանը այս միտքը կրկնել էր թե՛ Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով բանակցությունները սկսելիս, թե՛ համատեղ ասուլիսին։ Միրզոյանը նաեւ մի քանի անգամ շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր ուզած ձեւով է այդ համաձայնագրի դրույթները մեկնաբանում եւ, ընդհանրապես, խախտում է միջազգային նորմերը։

Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային՝ նախ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին հայ ռազմագերիների մի մասին վերադարձնելու համար, սակայն ընդգծել է, որ տուն պետք է վերադառնան բոլորը։ Մինչդեռ Մոսկվան, որը նախկինում բազմիցս շեշտել է ռազմագերիների վերադարձի հարցում ռուսական դիրքորոշումը՝ «բոլորը բոլորի դիմաց», Միրզոյանի հետ հանդիպմանը այլ մոտեցում է դրսեւորել, ըստ էության, կրկնելով Ալիեւի դիրքորոշումն, այսինքն, դրանով իսկ արդարացնելով պաշտոնական Բաքվի պահվածքը:

«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»,- ասել է Լավրովն, ընդգծելով, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից, ինչպես նաեւ նման քայլ կլիներ, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։
Մոսկվան կրկին կենտրոնացել է իր համար առավել կարեւոր խնդրին՝ «դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտության» թեմային։ Սա այն դեպքում, երբ ՀՀ ԱԳ նախարարը մի քանի անգամ շեշտել է՝ թե՛ Լավրովի հետ հանդիպմանը, թե՛ համատեղ ասուլիսում, որ Ադրբեջանը խախտել է միջազգային նորմերը եւ մայիսի 12-ին ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք:

Դե ինչ, փաստորեն, Ադրբեջանի ապօրինի գործողություններին համարժեք արձագանքելը, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը համարժեք գնահատական տալը՝ չի մտնում Մոսկվայի գործառույթների մեջ, իսկ ահա ադրբեջանական դիրքորոշումը կրկնելն ու պաշտպանելը՝ լիովին տեղավորվում է այսօրվա ՌԴ քաղաքական գծի մեջ: Իսկ որ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող պետության կողմից նման կեցվածք դրսեւորելը նպաստելու է ադրբեջանական իշխանության առանց այն էլ սանձարձակ գործելաոճի ամրապնդմանը՝ դա Մոսկվային չի անհանգստացնում, կարեւորը՝ Ալիեւը չդժգոհի Մոսկվայից ու դուրս չհրավիրի ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից:

Ու ի՞նչ է առաջարկում այս իրավիճակում ռուսական կողմը… Ոչինչ: «ՌԴ նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիեւի հետ շփումներում, ինչպես եւ մենք այլ մակարդակներում այդ ազդակը հղում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, որովհետեւ դա կարեւոր հումանիտար քայլ կլինի եւ նշանակալի քայլ կլինի վստահության ձեւավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա»,- ասել է Լավրովը՝ հավելելով, թե կշարունակեն հանդես գալ այդ դիրքերից, սակայն միաժամանակ նկատել է, որ վերջնական որոշումն, ամեն դեպքում, իրենցից կախված չէ:

Այսինքն, Մոսկվայի դիրքորոշումը մոտավորապես այսպիսին է՝ մենք կփորձենք այդ հարցը քննարկել ադրբեջանական ղեկավարության հետ, կոչ կանենք ազատել հայ ռազմագերիներին, բայց մեզ վրա հույս չդնեք, ավելի լավ է՝ սահմանները ճշգրտենք…

Ըստ ամենայնի, Մոսկվան Բաքվի համար ցավոտ հարցերը նպատակ ունի բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր գործունեության վրա, որի աշխատանքների վերսկսումն էլ, այսպես ասած՝ կախված է Բաքվի ցանկությունից: Ադրբեջանից մի քանի առիթներով արդեն իսկ հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը անիմաստ են համարում, քանի որ ԼՂ-ում պատերազմը ավարտվել է, հակամարտությունը համարում են «լուծված»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո բանակցությունների վերսկսմանը, ապա՝ արդյոք պե՞տք է վերականգնել ղարաբաղյան բանակցային գործընթացը հարցին, Լավրովը պատասխանել է, թե այսօր խոսքը ոչ թե բանակցային գործընթացը վերսկսելու մասին է, այլ՝ եռակողմ համաձայնագրերը կատարելու: Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագրերի կատարումը կփոխի իրավիճակը տարածաշրջանում, կդարձնի այն ավելի անվտանգ եւ վստահության մթնոլորտ կստեղծի հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, ինչն էլ իր հերթին ի վերջո կբերի քաղաքական կարգավորմանը: Սակայն մինչ այդ՝ իր ելույթում համատեղ մամուլի ասուլիսում հանդիպումից խոսելիս՝ Լավրովը նկատել էր. «Այսօրվա բանակցություններում եկել ենք այն կարծիքի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն կա»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւին, նրան սեպտեմբերի 6-ին ընդունեցին նաեւ Երեւանում: Նոր համանախագահի այցելությունը, ըստ ամենայնի, ճանաչողական է, նա փորձում է ճշտել կողմերի դիրքորոշումները Մոսկվայի համար առաջնահերթ հարցերի վերաբերյալ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ նշել էր. «Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Խովաեւը իրականացնում է տարածաշրջանային այց, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջեւում Երեւանի հետ համանման շփումներն են», ապա հավելել էր, Մոսկվան սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ համաձայն ունեցած մանդատի: Զախարովայի խոսքով՝ եռյակը կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ մարդասիրական հարցերի լուծմանը, ինչից հետո հնարավոր կլինի անցում կատարել քաղաքական թեմաների, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում: «Դրանք նաեւ կենտրոնական թեմաներ են Բաքվի ու Երեւանի քաղաքականության համար, այդ թվում բարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացված են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ առաջնահերթություն է մնում Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Այսպես, Արարատ Միրզոյանի առաջին արտասահմանյան այցի շրջանակներում Լավրովը, ըստ էության, կրկնեց Բաքվի դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվում են «ոչ թե ռազմագերիներ, այլ հանցագործներ»: Այս հարցը, Մոսկվան կթողնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ուսերին՝ այն ներկայացնելով որպես հումանիտար խնդիր:

Հատկանշական է, որ Միրզոյանի հետ բանակցություններից ընդամենը մի քանի օր անց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելեց ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւին, որը Ստեփանակերտում գտնվում է կալանքի տակ: Մուրադովը ծանոթացել է Բաբաեւի պահման պայմաններին եւ առողջական վիճակին: Հաղորդվեց, թե վերջինիս խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ։ Համացանցում հայտնվեց այդ հանդիպման փաստն ապացուցող ուշագրավ մի լուսանկար, որում Մուրադովը բռնել էր ադրբեջանցու ձեռքը: Խոսքը մի ադրբեջանցու մասին է, որը ներխուժել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ պահին երկու երեխաներ էին եղել։ Նա պահանջել էր սնունդ եւ ծխախոտ, ահաբեկել նրանց, իսկ երեխաներից մեկը հասցրել էր զանգահարել ոստիկանություն, որից հետո իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցուն։

Իսկ թե ինչու Մուրադովը չի այցելում Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին ու լուսանկարվում նրանց հետ՝ մնում է միայն եզրակացություններ անել:

Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930