Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանցիսկոս Պապը Երեւանում եկեղեցի կբացի

Սեպտեմբեր 09,2021 21:33

«Ես հավատում եմ կրոնների ուժին, համոզված եմ, որ եկեղեցին կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հասնելու գործին»,- այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանն իր ելույթում կարեւորեց ազգային եկեղեցու դերը՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: ՄԻՊ-ի ելույթի մի հատվածն էլ վերաբերվում էր էթնիկ եւ կրոնական անհանդուրժողականությանը: Այդ համատեքստում՝ նա խոսեց 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմից: Հիմքում ունենալով ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության արդյունքները, Արման Թաթոյանը հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհանդուրժողական պահվածքի հիմքում էթնիկ եւ կրոնական անհանդուրժողականությունն էր: Ըստ ՄԻՊ-ի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմենաֆոբիան նաեւ կրոնական ինքնությունն է թիրախավորում:

Ադրբեջանցի պետական այրերի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ այդ երկրում ատելության մշակույթը էթնիկ բաղադրիչ ունի: ՄԻՊ-ի գրասենյակն ունի 300 տեսանյութեր եւ նկարներ, որտեղ տեսանելի է Ադրբեջանի վերաբերմունքը հայ ժողովրդի, հայ զինվորների եւ հայկական մշակութային արժեքների նկատմամբ. «Մենք նաեւ արձանագրել ենք մարդկանց խոշտանգումների, օրինակ` գլխատումների դեպքեր, որոնք արվել են առանձնակի ցինիզմով: Թիրախավորվել են հայկական մշակութային եւ կրոնական հաստատությունները: Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել 1400-ից ավել եկեղեցիներ, խաչքարեր, հայկական մշակութային ժառանգության այլ տարրեր: Հոկտեմբերին թիրախավորվել էր Ղազանչեցոց սբ, եկեղեցին, այն ժամանակ, երբ այնտեղ այդ պահին մարդիկ էին գտնվում, իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո հեռացրել են Ղազանչեցոցի գմբեթը, քանդվել են Կանաչ ժամը, Մեխակավանի եկեղեցին, Մադաղիսի սբ. Եղիշե հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 19-րդ դարում»: ՄԻՊ փաստահավաք առաքելության տրամադրության տակ գտնվող տեսանյութում, երեւում է, որ ադրբեջանցիները ասում են, որ Մադաղիսի սբ. Եղիշեն հայկական է, ընդհանրապես այդտեղ ամեն ինչ հայերին է պատկանում եւ ամենը պետք է վերացնել:

Արման Թաթոյանն օրինակներ բերեց Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների դեպքերից. որոշ ռազմագերիների թույլ են տվել լողանալ եւ նրանց տարել են Բաքու՝ լրագրողներին ցուցադրելու: Մեկ այլ դեպքում, Արցախի գյուղերից մեկում բնակվող տարեց տղամարդու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ են արել՝ զուտ նրա համար, որ նա հայ է, քրիստոնյա է:

ՄԻՊ-ն արձանագրում է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական եւ էթնիկ զտումների քաղաքականություն են, որը վտանգ է ոչ միայն հայերի ֆիզիկական անվտանգության համար, այլ տարածաշրջանային խաղաղության հաստատման:

Համաժողովին մասնակցող բարոնուհի Քերոլայն Քոկսը գլխավոր խնդիրը համարում է Ադրբեջանի անպատժելիությանը վերջ դնելը եւ հայ ռազմագերիներին վերադարձնելը, ինչը առայժմ չի հաջողվում:

Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Եկեղեցիների միջազգային խորհրդից, ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդից, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահությունից, Մոսկվայի, Ալեքսանդրիայի պատրիարքարանների ներկայացուցիչները, Լոնդոնի, Սիրիայի, Հունաստանի, ուղղափառ թեմի պատվիրակությունը, Անգլիայի եկեղեցու ներկայացուցիչը, Հայաստանում ասորական եկեղեցու առաջնորդը, հնչեց Ռումինիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը:

Նրանք իրենց ողջույնի խոսքում աջակցություն հայտնեցին հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն, դատապարտեցին մշակութային ժառանգության ոչնչացման քայլերը:

Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչը, որը ընթերցեց Պապ-ի ուղերձը, տեղեկացրեց, որ Ֆրանցիսկոս Պապը որոշել է Երեւանում եկեղեցի բացել՝ ի հավաստումն իր սատարումի եւ աջակցության խոսքերի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930