Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարը այսուհետ նորովի է ներկայանալու այցելուներին

Սեպտեմբեր 19,2021 13:01

Երկարատև վերանորոգումից հետո Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարի վերաբացումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների (ВДНХ) առևտրացուցահանդեսային տարածքում գործող «Արմենիա» տաղավարը այսուհետ հանդես է գալու ոչ միայն որպես առևտրային, այլ նաև մշակութային բաղադրիչ կրող հարթակ, այդ իսկ պատճառով բացման մեկնարկային ազդակը տվեցին արվեստի բնագավառի ներկայացուցիչները՝ հայ գեղանկարիչները:

Ցուցահանդեսին ներկայացված է մոտ քառասուն կտավ՝ ինչպես ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք Մոսկվա են տեղափոխվել Երևանից, այնպես էլ՝  ռուսաստանաբնակ հայ վարպետների հավաքածուներից: Ցուցահանդեսը անցկացվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ՝ ՀՀ նկարիչների միության հետ համագործակցությամբ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ողջունելով ներկաներին ընդգծեց, թե կարևոր ու հատկանշական է այն փաստը, որ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված մոսկովյան միջոցառումների մեկնարկը մշակութային է, քանզի անվիճելի է իրողությունը, որ մեր ազգային ինքնության պահպանման և պետականության կայացման կրող սյունը հենց մշակույթն է:

ՀՀ նկարիչների միության տնօրեն Սուրեն Սաֆարյանը մեր հետ զրույցում հայտնեց, որ ներկայացված գործերը ժանրային և թեմատիկ սահմանափակումներ չունեն, հեղինակների ընտրությունը կատարել է ՀՀ նկարիչների միությունը, իսկ ցուցահանդեսի համակարգողը Միության տավուշյան մասնաճյուղն է՝ ղեկավար Արմինե Թումանյանի գլխավորությամբ: Աշխատանքների ցուցադրությունը տաղավարում կշարունակվի մինչև հոկտեմբերի 18-ը:

Ի դեպ՝ Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների (ВДНХ) առևտրացուցահանդեսային համալիրը հիմնադրվել է 1939 թվին՝ Սովետական Միության 20 ամյակի առթիվ: Ի սկզբանե որդեգրված նպատակը՝ այն է Միության կազմում գտնվող տարբեր երկրներ առևտրա-տնտեսական և մշակութային նվաճումները հանրության ուշադրությանը ներկայացնելը, այսօր էլ նույնն է և, մոտ 700 հեկտար հսկայածավալ տարածք զբաղեցնող համալիրի տարածքում կանգնած տաղավարներից յուրաքանչյուրը ունի ազգային դեմք, իսկ դրանցից շատերն էլ՝ պահպանության տակ են, որպես մշակութային ժառանգության հուշարձան:

Սովետական Հայաստանին նվիրված առաջին տաղավարը, որը 1938 թվին նախագծել է Կարո Հալաբյանը, իր ճարտարապետական լուծումներով ու արտաքին տեսքի հարդարման դետալներով բացարձակորեն համապատասխանել է նախանշված թեմատիկ ուղղվածությանը, սակայն 1960-ականներին այդ տաղավարը դադարել է հանդես գալ որպես հայկական մշակույթին ու առևտրա-տնտեսական նվաճումներին նվիրված ցուցատարածք և, Հալաբյանի նախագծած «Արմենիա» տաղավարը վերանվանել է: Այն, ի դեպ հիմա էլ կանգուն է և համարվում է մինչև օրս պահպանված մինչպատերազմական հուշարձան: Այնտեղ այսօր գործում է Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Ռեյրիխների ընտանեկան թանգարանը:

Այսօրվա թիվ 68 «Արմենիա» տաղավարը՝ կառուցված 1954 թվին, զբաղեցնում է 1833 ք.մ. տարածք: Վարձակալական հիմունքներով Հայաստանին տրամադրված այդ տաղավարը գործում է 2002 թվականից, հանդիսանում է ՌԴ սեփականություն և պաշտոնապես հայկական առևտրա-տնտեսական նվաճումները ներկայացնող հարթակի կարգավիճակ է ստացել 2011 թվականի հունիսի 28-ին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի շնորհիվ, որը ուժի մեջ է մտել նույն թվի սեպտեմբերի 7-ին:

2019 թվից սկսած, անհատ ձեռներեցների մասնակցությամբ, «Արմենիա» տաղավարում իրականացվում էին մեծածավալ վերանորոգման աշխատանքներ, որոնք արդեն ավարտին են հասցվել: Տաղավարը այսուհետ նորովի է ներկայանալու այցելուներին: Տնօրեն Արտյոմ Մուսաելյանի խոսքերով՝ տաղավարի ներքին հարդարումը արմատական փոփոխությունների է ենթարկվել և, տարածքը վերաձևավորվել է այն սկզբունքով, որպեսզի ծառայի ոչ միայն առևտրային նպատակների, այլ նաև հնարավորություն ընձեռնի մշակութային ու այլ մասշտաբային բնույթի միջոցառումների անցկացմանը:

Գործելու է նաև բավականին ընդարձակ համտեսման սրահ-թանգարան, որտեղ այցելուները, հայկական խմիչքների համին ու բույրին ծանոթանալուն զուգահեռ՝ կկարողանան ծանոթանալ նաև հայկական գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին, պատմությանը: Նրա խոսքերով, Հայաստանից, նույնիսկ, տուֆ է բերվել՝ շենքի ներսում ինտերիերային որոշակի լուծումների համար, ինչը տաղավարին  հայկական շունչ կհաղորդի, զգացնել կտա հայոց օդն ու արևը: Տաղավարում լինելու է նաև անկյուն, որտեղ կգործի թոնրատուն ու հայկական թարմ լավաշի բույրով կհյուրընկալի այցելուներին, որոնց թվում գերակշռող մեծամասնությունը այլազգի ներկայացուցիչներն են:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930