Լրահոս
Օրվա լրահոսը

«18 թվին ամբողջ Հայաստանը գլխարկին գրեց «դուխով», ուրեմն սաղ Հայաստանի ռիսկայնությունը բարձր էր»

Հոկտեմբեր 13,2021 13:30

Հանդիպում հացադուլի մեջ գտնվող, «Վանոյի գործով» անցնող ցմահական Արմեն Տեր-Սահակյանի հետ

«Իրանց պետք է բոլորին բերել-փակե՞լ, թե՞ վտարել: Սաղին նույնն են ասում: Հարյուր երգից մեկը գիտեն՝ ռիսկայնությունը բարձր, այն էլ, երբ ռիսկայնությունը չափում են հատուկ գործիքով, որը Հայաստանը չունի: 18 թվին էլ ամբողջ Հայաստանը գլխարկին գրեց «դուխով», ուրեմն սաղ Հայաստանի ռիսկայնությունը բարձր էր: Օդից վերցնում, գրում են՝ ռիսկայնությունը բարձր…Եթե ես վաղաժամկետ ազատվեմ, կգնամ, կմտնեմ պրոբացիայի հսկողության տակ, բայց քանի դեռ այստեղ եմ, ՔԿՀ-ն պետք է որոշի՝ ռիսկային եմ, թե ոչ»,-ասում է հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը՝ Արմեն Տեր-Սահակյանը:

Հոկտեմբերի 8-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ես եւ լրագրող Սյուզան Սիմոնյանը հանդիպեցինք սեպտեմբերի 27-ից հացադուլի մեջ գտնվող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ: Արմեն Տեր-Սահակյանն անազատւթյան մեջ է 1998թ.-ից, որից 21 տարին անցկացրել է «Նուբարաշենի» բանտում: Նա ինքն էր ցանկացել հանդիպել մեզ, քրեակատարողական ծառայությունն էլ համապատասխան ընթացակարգից հետո թույլատրել էր լրագրողներիս մուտքը ՔԿՀ:

Հացադուլավորի հետ զրույցի պահին նրան վերջապես տրամադրվեց ՀՀ դատախազության պատիժների եւ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ. Իսախանյանի սեպտեմբերի 16-ի կասեցման որոշումը, որոշում, որը օրեր շարունակ պահանջում էր դատապարտյալը, նաեւ հացադուլի պահանջներից մեկն էր, որոշում, թե ինչու են նրան ԱՆ «Վարդաշեն» կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու փոխարեն կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կիսափակ հիմնարկ բերել: Որոշմամբ դատախազը միջնորդում է Տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել այս տարվա հուլիսի 28-ին կայացված թիվ 474 որոշումը: Նշեմ, որ թե Արմենը, թե նրա խցակիցը՝ Ալիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին աշխատակիցներ են, իսկ «Վարդաշեն»-ում ուժային կառույցների ներկայացուցիչներն են, ինչպես գիտեք:

Տեր-Սահակյանի հետ վերահսկող դատախազը՝ Գ. Իսախանյանը հանդիպել է մեկ անգամ, եւ ըստ դատապարտյալի, իրենցից անտեղյակ դատախազը չի կարող որոշել իր ճակատագիրը. «Քրեակատարողական հիմնարկը կարող է միայն գնահատական տալ, լավն եմ, վատն եմ, ռիսկային եմ, ռիսկային չեմ, որովհետեւ նրանք իմ հետ քսանհինգ տարի աշխատել են… ես փող չունեմ, չեմ էլ տա, որ ռեժիմը փոխեն»: Ըստ դատապարտյալի՝ ծառայողական քննություն է պետք անցկացնել, թե ինչպես է կատարվում ռեժիմի փոփոխությունը. «Եթե հարցը փողը չի ու ինքը հների զակազն է կատարում, թող ասի, ում զակազն է, սա կոռուպցիա է»:

Տեր-Սահակյանին հիշեցնում եմ, որ նա իր դատական նիստերից մեկի ժամանակ ասաց, թե հավատում է Նիկոլ Փաշինյանին, իր հարցը միայն նա կարող է լուծել, պատասխանում է. «Ես հավատացել եմ ընդդիմադիր Փաշինյանին, ոչ թե վարչապետ Նիկոլին»:

Հուլիսի 28-ին Տեղաբաշխման հանձնաժողովը կայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ կիսափակ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու եւ նրա նկատմամբ պատիժը «Վարդաշեն» ՔԿՀ-ում կատարելու մասին թիվ 474 որոշումը: Որոշման հիմքում դրվել էր ՔԿՀ պետի կողմից Տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացված միջնորդագիրը, ինչպես նաեւ միջնորագրին կից այլ նյութեր:

Ըստ կասեցման որոշման «նկարագրական մասի»՝ դատապարտյալը հինգ անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, «զազրախոսել է» աշխատակցի հետ, պահել բջջային հեռախոս, ֆոտոխցիկ, գործող կարգապահական տույժ չունի: Տեր-Սահակյանն ասաց, թե զազրախոսության տույժը հետին թվով են տվել, իսկ զազրախոսությունը այն խախտումն է, որ ցանացած պահին ցանկացած մարդու կարող են մեղադրել:

Պատիժը կրելու ժամանակ Տեր-Սահակյանը երեք անգամ խրախուսվել էր՝ խցի վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար տրամադրվել է լրացուցիչ երկարատեւ տեսակցություն, ծանրաքարերի հրման մրցաշարին մասնակցելու, երկրորդ տեղը գրավելու համար ՔԿՀ պետի որոշմամբ խրախուսվել է՝ կարճատեւ տեսակցություն է տրամադրվել: Մասնակցել է շախմատի, շաշկու մրցաշարերին:

2019թ. հոկտեմբերի 8-ին նա մասնակցել էր ցուցահանդեսի (նկարում է էլեկտրական այրող սարքի միջոցով փայտի վրա… Հիսուս, Խաչքար, մորս սրտի հետ…):

Ա. Տեր-Սահակյանը պատիժը կրելու ընթացքում վերցվել էր բացասական, ռիսկային հաշվառման, որպես փախուստի հակում ունեցող դատապարտյալ, սակայն ՔԿՀ պետի 2012 թվականի փետրվարի 9-ի 64 որոշմամբ, նշված բացասական-ռիսկային հաշվառումը ճանաչվել է անվավեր:

Անցյալ տարվա մայիսի 14-ին դիմել էր «Վարդաշենում» իրավական կրթության վերականգնողական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, սակայն պետի որոշմամբ մերժվել է, քանի որ խմբերը փետրվարից են գործել: Երբ օգոստոսին բավարարվել է նրա խնդրանքը, օրեր հետո էլ նրան տեղափոխել են «Նուբարաշեն»:

Այս տարվա հունվարին եւ ապրիլին նա գումար է փոխանցել վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին, Ալիկ Գրիգորյանի հետ դիմել էին «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին, որպեսզի կազմակերպվի ցուցահանդես-վաճառք՝ գումարը զինվորների հիմնադրամին փոխանցելու համար:

Ի դեպ, նա 50 հազար դրամ է փոխանցել Արցախի ֆիննախին՝ զինվորների համար:

Նրա վարքագծում կա «դրական դինամիկա, բայց տեղաբաշխման հանձնաժողովի որոշումն անհիմնն է», գրել էր դատախազությունը:
Արմենն ասաց, որ գրքեր է վերցնում, պատմավեպեր է կարդում, մեր հանդիպումից հետո էլ պատմության դասընթացների էր մասնակցելու, սակայն կասեցման որոշման մեջ ըստ դատախազի՝ «պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ կազմվելիք հնարավոր զեկույցում համապատասխան միավորներ հավաքելու համար դատապարտյալը չի կարող համարվել դրական վարքագիծ դրսեւորող, եթե ՔԿՀ-ի գրադարանից մի անգամ գիրք է վերցրել, գումար է փոխանցել զինվորներին», ըստ այդմ, նրան տեղափոխելը նպատակահարմար չէ, բացասական ազդեցություն կարող է ունենալ պատժի նպատակների իրականացման գործընթացի վրա:

Հացադուլավորն ասում է՝ աշխատանք չկա, պետությունը չի ապահովում, այս պահին ընդգրկված է երեք դասընթացներում. անգլերեն, համակարգչային, պատմության. «Ես ուզում եմ բանվոր աշխատել, այգի մշակեմ: «Վարդաշենում» դիմեցի, որ աշխատանք տան՝ այգի տան, այգեգործությամբ զբաղվեմ: Ասացին՝ հաստիք չկա: Սիրում եմ ծառ ու ծաղկի հետ գործ ունենալ, դա էլ մերժեցին: Ի վերջո, դատախազն իրավունք չունի դրանով որոշել՝ ուղղվել եմ, թե ոչ, ում ինչ գործն է, ես գիրք կկարդամ, թե ոչ, դա իմ ցանկությունն է, ոչ ոք չի կարող պարտադրել: Մի անգամ ինձ մերժել են սպորտզալ չգնալու համար, 60-ն անց մարդ եմ, ուզում եմ բանվորություն սովորել, որ դուրս գամ այստեղից, ընտանիքիս կարողանամ պահել»:

Հարցազրույցից հետո շտապեց պատմության դասընթացների: Մինչ այդ տեսակցության սենյակ մտան բուժաշխատողները, չափեցին ճնշումը՝ 120/70 էր: Մենք ասացինք, երկու պահանջ կատարվել է՝ լրագրողների հետ հանդիպելը, դատախազությունից որոշումը ստանալը: Ցմահ դատապարտյալը պահանջում է ԱՆ Կարեն Անդրեասյանին՝ նախկին ՄԻՊ-ին, նա ուզում է խոսել պրոբացիոն ծառայության մասին: Նաեւ կարծում է, որ տուժողների վրա ազդում է այս ծառայությունը, եւ ծառայողական քննություն պետք է անցկացվի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Տեր-Սահակյանը մեր զրույցի ժամանակ հիշեցրեց 2003- 2011թթ. օրենքի փոփոխությունները, այսինքն, 8 տարվա ընթացքում ցմահ ազատազրկման է դատապարտվել 60-ից ավելի անձ, 2011թ.-ից առ այսօր՝ 10 տարվա ընթացքում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2 հոգի, ներառյալ մի օտարերկրացի՝ Պերմյակովը:

«Առավոտ» օրաթերթ
12.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031