Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնության ուշ ժամանելու պատճառով վիճաբանություն է ծագել բժիշկների եւ քաղաքացիների միջեւ

Նոյեմբեր 08,2021 23:53

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել շտապ օգնության բժշկի եւ շտապօգնություն կանչած քաղաքացիների միջեւ։

Aravot.am-ի տեղեկություններով նոյեմբերի 5-ին Գ․Ա․-ն կեսգիշերն անց շտապօգնություն է զանգահարել, զանգից մոտ 1 ժամ հետո ժամանել են բժիշկները։ Շտապօգնության ուշ ժամանելու պատճառով Գ․Ա․-ի եւ բժշկի միջեւ վիճաբանություն է սկսվել։ Ապա բժշկուհուն, այսպես ասած՝ օգնության են հասել երկու տղամարդ, նրանցից մեկը բժշկուհու ամուսինն էր, որը «Հրազդան» Բ/Կ-ում շտապօգնության հերթապահ բժիշկ է։ Գ․Ա-ն իրավապահներին պատմել է, որ բժշկուհու ամուսնու հետ էլ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում վերջինս հարվածել է իր վզին եւ դեմքին։ Այս միջադեպին միջամտել է Գ․Ա․-ի որդին, բժշկուհու ամուսինը, ըստ Գ․Ա․-ի վարկածի, հարվածել է նաեւ որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հարվածել է, թե՝ ոչ, մարմնական վնասվածքներ ստացել է, թե՝ ոչ, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Իսկ ահա բժշկուհու ամուսնու պատմելով՝ Գ․Ա․-ն ու իր որդին են իրեն ծեծի ենթարկել իրենց բնակարանում, Գ․Ա․-ի որդին իր ձեռքում եղած դանակով սպառնացել է սպանել կնոջը օգնության հասած ամուսնուն։ Մեր տեղեկություններով, իրավապահները զբաղվում են այս միջադեպով, նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ մի միջադեպ էլ տեղի է ունեցել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում։ Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Նոր Գեղի բնակիչ Ռ․Ն․-ի եւ Եղվարդի «Նաիրի» Բ/Կ-ի շտապօգնության մեքենայի վարորդի միջեւ, վարորդը ծեծի է ենթարկել Ռ․Ն․-ին։ Ռ.Ն․-ի պատմելով՝ իր հարեւանուհին շտապօգնություն է կանչել, բրիգադը, ըստ աղբյուրի, ուշ ժամանել կանչի հասցե, ինչի պատճառով Ռ․Ն․-ի հարեւանուհու տանը վիճաբանություն է ծագել շտապօգնության վարորդի՝ Խ․Ս․-ի միջեւ։ Այս վիճաբանության ժամանակ, Ռ․Ն․-ի պատմելով, վարորդը բռունցքներով հարվածել է իրեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930