Տուժողը մտածել էր, որ իր նկարածը կտանի Երեւանի քաղաքապետարան, ցույց կտա, թե ինչ կարգի է, չի կարելի այդպես ապրել
Սոնա Ա.-ի գործը իրավապահ մարմինների տիրույթում էր 2023 թ.-ից: Ըստ առաջադրված մեղադրանքի` նա հարվածել էր հարեւանուհուն՝ Լյուսյա Մ.-ին` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Սոնա Ա.-ի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց` բացակայելու արգելքը:
Հանրային մեղադրողն էր Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Վ. Ռուստամյանը:
Սոնա Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտել է, որ տնից դուրս է եկել լվացքը հավաքելու նպատակով: Տեսել է, որ հարեւանուհին` Լյուսյա Մ.-ն ավլում է իր կողմից բաց թողնված ջուրը, ավելով շփում իր լվացքին, որտեղ կախված էին սրբիչներ, երեխայի հագուստը: Ինքը նրան զգուշացրել է, որ չկեղտոտի, սակայն նա շարունակել է նույն ձեւ, չի պատասխանել եւ այդ ամբողջ ընթացքում նկարել է հեռախոսով: Ինքն իջել է ներքեւ, որ տիկնոջը զգուշացնի, որ չնկարի, ասել է, որ իրեն փոխանցի հեռախոսը, սակայն Լյուսյա Մ.-ն «ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում», որից հետո ավելը շպրտել է Սոնայի ուղղությամբ, վերջինս ավելը վերցրել է եւ նետել նրա ուղղությամբ ու գնացել է տուն՝ առանց որեւէ խոսք ասելու…
Կարդացեք նաև
Դատական գործընթացների ժամանակ ասել է, որ Լյուսյա Մ.-ի հետ չեն առնչվել, լվացք փռելու ընթացքում է հանդիպել, բայց չեն զրուցել, իսկ լվացքի դրվագով, դժվարացել է ասել՝ դիտավորյալ է եղել, թե պատահաբար: Միայն տեսել է, որ լվացքը կեղտոտում է, ջուրը թռցնում է:
Սոնան նաեւ հայտնել էր, որ հեռախոսն ուզում էր վերցնել, որպեսզի անջատեր, երկու անգամ ասել է, որ իրավունք չունի իրեն նկարել, նա չի խոսել, չի պատասխանել եւ արել է այն, ինչ ուզում է. «Իր մոտենալն ու նրա ավել շպրտելը մեկ է եղել, վայրկյանների տարբերությամբ: Իրենց հեռավորությունը մեկ մետր կլիներ, եթե ոչ ավելի հեռու: Ինքն ավելը չի փորձել վերցնել, նրա նետելուց հետո է գետնին հայտնվել, նետել է իր ուղղությամբ, միգուցե ուզել է դիտավորյալ հարվածել իրեն, որ ինքը նրան ծեծի, որ իր ուզածին հասնի, չի կարող ասել: Երբ ինքը մոտեցել է նրան եւ ձեռքը պահել տեսախցիկի ուղղությամբ, նա ավելը նետել է, ավելն իրենից մի 2 մետր հեռու է գնացել, որից հետո ինքը հետ է գնացել, ավելը վերցրել, նետել է նրա ուղղությամբ: Ավելը Լյուսյայի նետելուց հետո անցել է իր աջ կողմով, այդ ժամանակ իրենց հեռավորությունը մեկուկես մետր էր: Ավելն իրեն չի դիպել, այդ ժամանակ Լյուսյան խառնված էր, որովհետեւ նետելու ընթացքում սկսել է ինքն իրեն հետ հրել, ձեռքերի շարժումներով հետ է հրել: Տեսաձայնագրության այդ խառը վիճակը, երբ նա կանչում է՝ «հարձակվում է», այդ հատվածն է, որ նա իրեն հետ է հրում, հետ-հետ է գնում: Ինքն առջեւում էր, ավելը գցելը եւ հետ-հետ գնալը միաժամանակ է եղել: Միգուցե, որ ինքը ձեռքը մեկնել է, նա այդ ժամանակ է շարժումներ արել, բայց ինքը նրան մատով չի կպել: Ոչ մի գործողություն ինքը չի կատարել, նա ինքն իրեն հետ-հետ է գնացել, գործողությունը նա է կատարել»: Ավելը վերցրել եւ նետել է, որ Լյուսյան սթափվի, հանգստանա…
Ինչ վերաբերում է Լյուսյայի մարմնական վնասվածքներին, Սոնան չի կարողացել բացատրել. «Տարածքում երկու տեսախցիկ է առկա: Երեք ոստիկան է այցելել իր տուն, ինքը նրանց զգուշացրել է, որ այդ տեսախցիկները նայեն»:
Դեպքի ժամանակ պատուհանները բաց էին, նայողներ էլ կային: Ըստ մեղադրյալ կնոջ, տուժողի մեջ ատելություն է կուտակվել, այս ձեւով նա հրահրում է, բոլորն էլ գիտեն՝ Լյուսյան ոչ ադեկվատ է:
Նախաքննության փուլում միայն առերեսման ժամանակ է փաստաբան եղել իր հետ: Մեղադրյալը մինչ այս միջադեպը որեւէ վիճաբանության, քրեական վարույթներով չի առնչվել, առաջին անգամ է դատարանում գտնվում:
Լյուսյայի ներկայացրած տեսագրությունը կիսատ է, չկան իր զգուշացումները, որ ասել է՝ մի նկարի, լվացքը մի կեղտոտի, իր իջնելը չկա։ Իր իջնելու ժամանակ տեսախցիկն իր ուղղությամբ է եղել, ինքը դրա համար է իջել ներքեւ: Ծաղիկերը ջրում է 2 օրը մեկ, ջրերը հոսում են մուտքից 3 մետրից ավելի: Մինչ այդ միջադեպը չի եղել նման դեպք, որ Լյուսյան ավլի այդ ջրերը կամ իրեն դիտողություն անի, պարզապես շատ հաճախ տեսախցիկն իր ուղղությամբ է տեսել, մինչեւ միջադեպն էլ է իրեն նկարել, դրանից հետո էլ, այդ ժամանակ չի պահանջել, որ դադարեցնի նկարելը, մտածել է, որ կավարտվի: Ինքը վիրավորական արտահայտություններ չի արել: Տեսագրության մեջ ակնհայտ լսվող՝ «հլը էս շիզոֆռենիկին տես» արտահայտությունն ինքը չի արել, չի կարող ասել, ով է արել: Վիրավորանքից է ավելը վերցրել եւ նետել նրա ուղղությամբ, քանի որ ինքն ասել է՝ մի նկարի, նա չի պատասխանել, ասել է՝ մի կեղտոտի լվացքը, նա չի պատասխանել…
Լրացուցիչ հարցաքննության ընթացքում Սոնան ցուցմունք է տվել, որ դատական նիստից հետո գնացել է տուն, նայել է տեսագրությունները եւ հասկացել է, որ ինքն է ասել շիզոֆրենիկ արտահայտությունը, իսկ չի տպավորվել, քանի որ իր բառապաշարում չկա այդ բառը եւ իրեն շփոթության մեջ է գցել տեսագրությունների հետ ու առաջ ներկայացնելը:
Քանի որ միջադեպի տեսագրությունը սկսում է խառը, անկանոն շարժումներով, որի ժամանակ տուժողը հայտարարել է, որ ինքը ծեծում է նրան, բայց քննիչը չի արձանագրել, որ տեսագրությունը սկսվում է իր խոսքով. «տուր ստեղ էդ»։
Ըստ մեղադրյալի` օդի միջից է սկսվում տեսաձայնագրությունը, մոնտաժված է, ինքը չի հարձակվել տուժողի վրա, չի ընդունում, որ ծեծել է տուժողին, նրա խոսքերով է ասում, ինչպես տուժողն է ասում, որ մինչեւ 2 վայրկյան է ինքը նրան ծեծել, նա չէր կարող այդ ժամանակ միացնել հեռախոսը…
Տուժող Լյուսյան ցուցմունք է տվել այն մասին, որ մայրը 87 տարեկան է, ստիպված թողել է իր ընտանիքը եւ եկել է Հայաստան՝ մորը խնամելու համար եւ շատ վիրավորված է Հայաստանի վիճակից: Քանի որ իրենց բակում անտանելի վիճակ է, շատ կեղտոտ բակ է, անօրինական բաներ կան, ինքը մի քանի անգամ գնացել է Երեւանի քաղաքապետարան, զանգահարել է, խնդրել է կարգուկանոն հաստատեն: Այդ օրն ինքը գրանցվել է, գնացել է քաղաքապետարանի նիստին ու խնդրել է, որ ուշադիր լինեն, գան կեղտը հավաքեն, պարզեն՝ ինչու է իրենց բակում, ով ինչ ուզում սարքում է, ով ինչ ուզում անում է: Ինքը մեքենայով երբ մոտեցել է իրենց շենքի մուտքին, իջնելուց տեսել է, որ իրենց հարեւանուհին՝ Սոնան ամբողջ կեղտն ավլում է, շլանգով իջեցնում է ու ամեն անգամ ամբողջ կեղտը հավաքվում է իրենց մուտքի մոտ… վերցրել է ավելը եւ իրենց կողմը, որտեղ որ հավաքվում է կեղտը, սկսել է ավլել: Սոնան իր ավլելու ժամանակ վազելով եկել եւ ասել է. «ինչու ես ստեղ ավլում, գլուխդ քոր է գալիս, ջարդեմ», ինքը ձայն չի հանել, որովհետեւ հասկացել է մակարդակը, ավելը դրել է, ոչ մի բառ չի ասել, այդ կեղտը սկսել է հեռախոսով նկարել, վերցրել է իր իրերը եւ բարձրացել է վերեւ։ Նրա խոսքերից շատ է վիրավորվել, որովհետեւ Սոնան իր փոքր աղջկանից փոքր է… Ինքը վերեւ է բարձրացել՝ մտածելով, որ այդ նկարածը նորից կտանի քաղաքապետարան, ցույց կտա, թե ինչ կարգի է, չի կարելի այդպես ապրել: Երբ իջել է, տեսել է, որ կեղտն ավելի շատ է հավաքված, ջուրը հենց իրենց մուտքի դիմաց հավաքված էր, վերցրել է ավելը ու սկսել է տանել-բերել, որ այդ կեղտը չհավաքվի այդտեղ, որովհետեւ իջնում են մեքենայից եւ ուղիղ այդ կեղտի մեջ մտնում, հետո այդ կոշիկներով վերեւ բարձրանում: Վերցրել է ավելը, Սոնան կրկին սկսել է իրեն վերջին խոսքերն ասել՝ շիզոֆրենիկ եւ այլն, ինքը ձայն չի հանել: Այդ մարդը նորից չի զգացել, որ 60 տարեկան կինն ավլում է, որ վերցնի ավելը, նա պետական տարածքում ունի շինություն, արդեն իսկ դրանով օրենք է խախտում, առանց օրենքի ջուրը բացում, կեղտոտում է։ Երբ վիճաբանություն է սկսվել, իրեն ուղղված հարվածներին, հարձակմանը պատրաստ չի եղել, Կազանում են ապրել թաթարների մեջ, իրեն հարգել են, ինքը նման բան աշխարհում չի տեսել: Սոնան հասել ու լավ էլ ծեծել է իրեն, լավ էլ բան է ասել ու գնացել է, ինքը մինչեւ հիմա շոկի մեջ է։ Նման բան չի տեսել, իր ամուսինը գիտնական է, շատ բանի միջով է անցել, բայց նման բան ոչ մի երկրում չի տեսել…: Ամենն ավարտվել է շտապօգնության կանչով, եկել են, երակային ներարկում են արել, սկսել են ուշքի բերել, որովհետեւ ճնշումը շատ բարձր էր, ասել են պիտի հիվանդանոց գնա, մայրն իրենից բացի, այլ մարդ չունի, իր մորը թողնելու հնարավորություն չուներ: Տուժողի ընտանիքում բոլորը բարձրագույն ավարտած են, երեքը պաշտպանած են, չնայած Հայաստանում քիչ են ապրել, բայց շատ հայասեր են, փոքր աղջիկը երաժշտության դոկտոր է, Մոնրեալում հայկական երաժշտության գծով հայտնի ջութակահար է, տղան՝ բժշկական գիտությունների թեկնածու է, մեծ աղջիկը գիտնական է, նրան որպես գիտնական Ամերիկա են կաչել…
Դատարանը Սոնա Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի՝ 525.000 ՀՀ դրամի չափով:
Պաշտպանական կողմը բողոք էր բերել, որը վերաքննիչ քրեական դատարանը թողել է անփոփոխ:
Գործի հիմքում դրվել էին բժշկական եզրակացություններ, մասնավորապես, Լյուսյա Մ.-ի ստացած մարմնական վնասվածքն ըստ բժշկական փաստաթղթերի՝ գլխի շրջանում փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունահավաքի ձեւով, առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում։
Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բողոքի քննությունը լսել գրավոր ընթացակարգով:
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, արդարացրել է Սոնա Ա.-ին, ճանաչել նրա անմեղությունը, նրա խափանման միջոց` բացակայելու արգելքը վերացրել է, տուժողի գույքային հայցը մերժել է:
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս, պատշաճ գնահատականի չեն արժանացրել գործով ձեռք բերված ապացույցենրը, ստորադաս դատարանների հետեւությունները իրավաչափ չեն:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է. գործում առկա չէ որեւէ տվյալ, որը կհաստատի, որ տուժող Լ.-ի վնասվածքներն առաջացել են մեղադրյալի գործողությունների արդյունքում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը` Արհեստական բանականության
Հ.Գ. Գրեթե բոլոր բնակելիների պատերին տեսախցիկներ կան: Երեք ատյանների դատարանների իրավական հետեւություններից բացակայում էր այն, թե ի վերջո, տեսախցիկները ուսումնասիրվե՞լ են, թե`ոչ, գուցե այդ տեսախցիկների ուսումնասիրություններն օգնեին, որպեսզի ստացվեր պատասխանը, առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածները ոնց, ինչ հանգամանքներում ստացավ տուժող կինը:
«Առավոտ» օրաթերթ
16.06.2026


















































