Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» քննարկումը

Նոյեմբեր 09,2021 17:16

Նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկումը։ Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամին և միջազգային կառույցների՝ մասնավորապես, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի դերակատարությանը։

ԲՀՀ – Հայաստանի կազմակերպած առցանց միջոցառմանը որպես բանախոս ելույթներով հանդես են եկել  Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանում ներկայացված Կանաչների/ Եվրոպայի ազատ ալյանս խմբի անդամ  Հեյդի Հաուտալան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանըիրավապաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ 

Բացելով քննարկումը՝ Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալան համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է կարևոր դեր խաղալ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման գործում։ Նրա խոսքով, ԵՄ-ն կարող է ավելի մեծ դիվանագիտական նախաձեռնողականություն դրսևորել, և հանդես գալ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների նոր ռազմավարությամբ։  Հեյդի Հաուտալան հատուկ ընդգծել է միջազգային առաքելություն գործուղելու հրատապության մասին, որը կմշտադիտարկի սահմանին տիրող իրավիճակը և կարձանագրի մարդու իրավունքների խախտումները։ «Եվրախորհրդարանը կարող է և պետք է կոչ անի ստեղծել այդպիսի առաքելություն, և կան նաև գործընկերներ, որոնք կարող են օգնել այդ առաքելության իրականացմանը։ Եւ այստեղ ես ցանկանում են նշել Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի դերակատարության մասին։ Կարծում եմ՝ նրանք բոլորը միասին կարող են հանդես գալ որոշակի նախաձեռնությամբ»,- ասել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահը։  Նա կարևորել է ԲՀՀ – Հայաստանի կողմից քննարկման նախաձեռնումը և մարդու իրավունքների պաշտպանության գործում այն աշխատանքը, որը Հիմնադրամը կատարում է Հայաստանում տարիներ շարունակ։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել և  նոր մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ դեպքերը  միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են և պահանջում են միջազգային կառույցների միանշանակ գնահատականը։  «Անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքների խախտումները հստակ կոչվեն իրենց անուններով, և կարիք չկա հավասարության նշան դնել կողմերի միջև, ինչպես դա երբեմն անում են քաղաքական դերակատարները», – ընդգծել է իրավապաշտպանը և հավելել, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների մասին կան արձանագրված բազմաթիվ փաստեր, որոնք անհնար է անտեսել կամ ժխտել։ Սիրանուշ Սահակյանն անհրաժեշտ է համարել  մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների բացահայտման նպատակով միջազգային հետաքննության անցկացումը, ինչպես նաև իրավախախտումներն իրականացնողներին ու հեղինակներին պատասխանատվության ենթարկելը։ «Անհրաժեշտ է բացահայտել բոլոր նրանց, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են այս հանցագործությունների մեջ, և քաղաքական կոչերից զատ ձեռնարկել իրական գործողություններ՝ շոշափելի արդյունքներով, ինչպես օրինակ՝ պատժամիջոցների կիրառումը այդ անձանց նկատմամբ», – նշել է իրավապաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում ասել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի ճանապարհներին են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ «Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմը  բացի քաղաքական, ռազմական հարթությունից ունի ևս մեկ՝ մարդու իրավունքների հարթություն։ Սակայն մարդու իրավունքների բաղադրիչը լիովին անտեսված է։ Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները։ Եվ անվտանգության գոտու ստեղծումը, ինչը մենք առաջարկել ենք, անհրաժեշտություն է՝ վերականգնելու սահմանին ապրող մարդկանց բնականոն կյանքը, սկսելու բանակցություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ։ Բայց նախևառաջ պետք է ապահովել մարդու իրավունքների վերականգնումը»,- ասել է ՀՀ օմբուդսմենը։

Արման Թաթոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության պետական ​​քաղաքականությանը: «Ադրբեջանական իշխանությունների պետական հովանավորչությամբ հայատյացության և թշնամանքի քարոզը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում ունեն 2 հենասյուն՝ էթնիկ և կրոնական։ Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է», – ասել է Հայաստանի օմբուդսմենը։

Միջոցառման մյուս բանախոսը փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լևոն Գևորգյանն էր, ով, ի թիվս այլ հարցերի, մատնանշել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ռասիզմի և ատելության խոսքի տարածումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները։ Լևոն Գևորգյանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հստակ արտահայտվի իր հայտարարություններում՝ չխորշելով դատապարտել Ադրբեջանի ռասիզմի ու խտրականության քաղաքականությունը։ «Միջազգային հանրությունը պետք է հստակ լինի իր մոտեցումներում այն մասին, թե կողմերից որ մեկն է խախտել և խախտում միջազգային պարտավորություններն ու մարդու իրավունքները»,- նշել է փաստաբանը։

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջազգային կառույցների ակտիվ ու առավել մեծ ներգրավվածությունն այս պահին չափազանց կարևոր է։ Մասնավորապես ԵՄ-ի աջակցությամբ, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատով մշտադիտարկման առաքելության տեղակայումը սահմանին կօգնի հասցեական անդրադառնալ սահմանային իրավիճակին և այնտեղ մարդու իրավունքների խախտումներին։ Բանախոսները նաև ընդգծել են միջազգային կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու անհրաժեշտության մասին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ։

Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա ներկայում կատարվող իրադարձություններին և հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։  Միջազգային կառույցները պետք է առավել ազնիվ լինեն հանրային հայտարարություններում ու քաղաքականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմագերիների անհապաղ վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի դրսևորումներին։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930