Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր». նորարարական ձևաչափով համերգ՝ երեխաների համար

Նոյեմբեր 23,2021 17:20

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ներկայացվեց «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»/”Symphonic Cartoons” համերգային ծրագիրը։ Երեխաների համար նախատեսված երեկոն մեծ ընդունելության արժանացավ փոքրիկ ունկնդիրների կողմից։ Համերգին հնչեցին հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ մուլտֆիլմերից։ Հանդես եկան նաև մենակատարներ Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Մաեստրո Արզումանյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի ներկայացնում է երեխաներին ուղղված համերգային ծրագրեր։ Նա, մասնավորապես, հիշատակեց նաև վերջերս ներկայացված՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» երաժշտական նախագիծը, որը նույնպես հաջողությամբ ընդունվեց։ Եվ բոլոր այդ նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից նախկինում նույնպես ներկայացվել են մուլտֆիլմերի մեղեդիները, սակայն այս համերգային ծրագրում կան փոփոխություններ. ներառվել են նաև հայկական մուլտֆիլմերի մեղեդիներ։ Երաժշտության նվագախմբային մշակումները կատարվել են Սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Համերգն իրականացվել է նորարարական ձևաչափով. նորարարական մեթոդների շնորհիվ սինխրոնացվել էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը և նվագախմբի կատարումները։

Հարություն Արզումանյանը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ զարմանալի նվագախումբ է։ Շատ ճկուն կոլեկտիվ է։ Հաճախ ենք ունենում բարդ և տարբեր ծրագրեր, բոլոր խմբերը՝ և՛ լարային, և՛ փայտափողային, և՛ պղնձափողային խմբերը, հարվածայինները, ֆանտաստիկ դաշնակահարը, բոլորն այնքան ճկուն ու պրոֆեսիոնալ են, որ հեշտությամբ կարողանում են հաղթահարել բարդագույն ծրագրերը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր մեծագույն արժեք է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ համերգը նոյեմբերի 27-ին է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկո՝ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930