Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ եթե «Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում չներկայացներ, մեր ընկերները ամիսներով լինելու էին կալանավորվա՞ծ». Վարդեւանյան

Դեկտեմբեր 10,2021 17:20

Սահմանադրական դատարանը հրապարակել է պատգամավորների անձեռնմխելիության որոշումը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ երկրորդ կարծիք չկա, ՍԴ-ն հաստատել է, որ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը եւ Մխիթար Զաքարյանը ազատ կարձակվեն, բայց այնպես չէ, որ նոր բան է արել, Սահմանադրության 96-րդ հոդվածն է վերարտադրել. «Դրա մասին գիտեին բոլորը, առնվազն պարտավոր էին իմանալ իրավապահները: Չիմանալն այն է, ինչ իրավապահները չպատկերացնեն՝ ինչ է օրենքը եւ իրավունքի գերակայությունը»:

Նա ասաց, որ պատգամավորները չեն կարող կալանավորվել առանց ԱԺ-ի համաձայնության ու թույլտվության, ինքը զգուշացրել էր այդ մասին, բայց ստացվում է, որ չեն լսել ու իրենց գործընկերների ամիսներով ապօրինի զրկել են ազատությունից:

Նշենք, որ արդեն Արմեն Չարչյանն ազատության մեջ է, Վարդեւանյանը մինչ այդ հայտարարել էր՝ ժամերի ընթացքում Չարչյանը լինելու է ազատության մեջ. «Որպես մասնագետ, նույնիսկ վատ եմ զգում, որ նման դրության մեջ են հայտնվել դատախազներն ու դատավորները, բայց ի սկզբանե դա զգուշացրել էինք: Երբ որ դիմումը ներկայացրեցինք եւ վարույթ ընդունվեց, դա եւս ազդակ էր, որ իրավապահնե՛ր, սթափվե՛ք, չի՛ կարելի այդպիսի բան անել: Ամեն դեպքում, ունեցանք այն, ինչ ունեցանք: Նույնիսկ ամիսներ առաջ արդարադատության նախարարը այս պարզ ճշմարտությունը անձեռնմխելիության վերաբերյալ այլ կերպ էր մեկնաբանում: Ի՞նչ իրավական հիմքով են մեր ընկերները գտնվում ՔԿՀ-ում, կարո՞ղ են ցույց տալ այդ իրավական հիմքը»:

Նա ասաց, որ հետեւանքներ է սա ունենալու, որովհետեւ ՀՀ-ում չպետք է լինեն դատավորներ, որոնք իրավական տարրական կանոններին չեն տիրապետում:

Հարցին՝ փոխհատուցում լինելո՞ւ է՝ մարդուն ապօրինաբար կալանավորելու համար՝ Վարդեւանյանը պատասխանեց, որ բոլոր հնարավոր գործիքակազմը իրացնելու են, որ հետեւանքներ լինեն. «Ստացվում է, որ եթե «Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում չներկայացներ, մեր ընկերները ամիսներով լինելու էին կալանավորվա՞ծ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031