Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն Գյումրու քաղաքապետարանում աղմկոտ պատմության մեջ հայտնված Ալբերտ Մարգարյանին

Դեկտեմբեր 25,2021 21:11

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանը, որը  Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու երկրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակեց Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, նոր պաշտոն է ստացել քաղաքապետարանում։

65-ամյա Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խորհրդական։ Նա արդեն մեկ շաբաթ է՝ պաշտոնավարում է։

Նրա թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի մոտ առաջադրել  ու երաշխավորել էր Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, քանի որ Ալբերտ Մարգարյանը նրա շինարար հոր ընկերն է։

Հիշեցնենք, որ  պարոն Մարգարյանը  համայնքապետի պաշտոնակատար նշանակվելու հենց նույն օրը աշխատանքից ազատել էր Սամվել Բալասանյանի ֆինանսական գծով  խորհրդական, երկար տարիներ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստի պաշտոնը զբաղեցրած Լենա Ջիլավյանին, այնուհետ՝ համայնքապետի խորհրդական Հրաչ Մելքոնյանին, գործավարուհուն՝ Թամարա Զաքարյանին, վարորդ Գարիկ Պետրոսյանին, առաջին հարկում՝ անցակետում հսկողություն իրականացնող ընդհանուր բաժնի երկու կին աշխատակցուհիներին։

Սա դարձել էր մեծ աղմուկի  ու քննադատության թեմա Գյումրիում։ Հետաքրքիրն այն է, որ այսօր թե՛  Ալբերտ Մարգարյանի կողմից ազատված աշխատակիցները, և թե՛ հենց Ալբերտ Մարգարյանը վերադարձել են քաղաքապետարան՝ համատեղ աշխատելու։

Վարդգես Սամսոնյանը Գյումրու քաղաքապետ ընտրվելուն պես անմիջապես վերականգնեց  Ալբերտ Մարգարյանի ազատած աշխատակիցներին՝ պարզաբանելով, որ նրանք մեծ վաստակ ունեն, բարեխիղճ, լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են։

Aravot.am-ը Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է համատեղ աշխատում կրճատված ու հետ վերադարձած աշխատակիցների հետ, թշնամանք չկա՞։

«Բացարձակ չկա նման բան, Սամսոնյան Վարդգեսի հետ էլ մինչ քաղաքապետ ընտրվելը լավ հարաբերությունների մեջ եմ եղել, հիմա էլ լավ հարաբերությունների մեջ եմ։ Իմ հիմնական աշխատանքը լինելու է  քաղաքաշինության ոլորտում, որը կոորդինացնում է քաղաքապետի առաջին տեղակալը՝ Արթուր Պապիկյանը»,-ասաց Ալբերտ Մարգարյանը։

Նա նշեց, որ որպես շինարար՝ իր մասնագիտական գիտելիքներն անհրաժեշտ են քաղաքին, այս պահին ընդգրկված է Գյումրու  նոր գլխավոր հատակագծի վրա տարվող աշխատանքներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031