Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական գործընթացներն ու միտումները Հայաստանը շրջապատող լայն տարածաշրջանում

Հունվար 19,2022 15:41

Հնարավորինս ճիշտ գնահատելու համար արտաքին անվտանգության առումով մի կողմից Հայաստանի դիմագրաված՝ գոյութենական մակարդակի հասնող սպառնալիքներն ու մարտահրավերները և մյուս կողմից՝ նրան հասու հնարավորությունները, և այդ հենքի վրա ողջամիտ ռազմավարություն ու մարտավարություն որդեգրելու համար, անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ պատկերացնել տարածաշրջանում (թե’ լայն, և թե’ ավելի նեղ՝ այսրկովկաս իմաստներով) տեղի ունեցող գործընթացներն ու միտումները:

Լայն (Սեւ, Կասպից և Միջերկրական ծովերի եռանկյուն) տարածաշրջանում, հետեւաբար նաեւ Այսրկովկասում գլխավոր դերակատարներ են իրենք, տարածաշրջանային տերությունները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը: Որպես աշխարհի ամենահզոր երկիր էական դերակատար է նաեւ ԱՄՆ-ը: Մեծ տարածաշրջանի նկատմամբ առկա է Չինաստանի ու, նվազ չափով, Հնդկաստանի հետաքրքրություն, որն աճում է նաեւ Այսրկովկասում:

Որո՞նք են լայն և փոքր տարածաշրջաններում դերակատար այս երկրների նպատակները, ռազմավարությունները, հնարավորություններն ու սահմանափակումները: Որո՞նք են միմյանց նկատմամբ նրանց փոխհարաբերությունները՝ թե’ մրցակցային և թե’ համագործակցային առումներով: Ի՞նչ սպառնալիքներ են այդ բոլորն առաջացնում Հայաստանի համար և ի՞նչ հնարավորություններ ընձեռում նրան:

Ստորեւ ներկայացվածը «հայտնագործումներ» անելու հավակնություն ամենեւին չունի: Այն հետապնդում է իրերի իրական դրությունը ողջամիտ կերպով գնահատելու և սթափ հետեւություններ անելու նպատակ:

* * *

Լայն տարածաշրջանում դերակատար մյուս երկրների քաղաքականությունը կարեւոր չափով պայմանավորված է աշխարհի ամենահզոր և տարածաշրջանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված ուժի՝ ԱՄՆ-ի գործոնով, և հետապնդում է նրա ներկայությունն ու ազդեցությունը թուլացնելու և սեփական կշիռներն ավելացնելու նպատակ: Այդ պատճառով քննարկումը պետք է սկսել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի, ռազմավարության ու վարած քաղաքականության հնարավորինս ճիշտ պատկերացումով: Բայց քանի որ վերջինները ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարության մի մասն են, անհրաժեշտ է նախ հասկանալ այդ մեծ ռազմավարությունը և ապա տարածաշրջանային ռազմավարության զբաղեցրած տեղը դրանում:

ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական համաշխարհային առաջնահերթություններն ու ռազմավարությունը – պահպանել օվկիանոսների տիրապետությունը

Ներկա ժամանակները հատկանշվում են նրանով, որ աշխարհում գոյություն չունի համաշխարհային հեգեմոն ուժ, այնպիսի մի ուժ, որը ունակ լինի իր կամքը պարտադրելու բոլորին, ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: ԱՄՆ-ը, առնվազն 1-1,5 տասնամյակ առաջ կորցրել է այդ ունակությունը: Նա շարունակում է մնալ աշխարհի ամենահզոր, որոշ տիրույթներում դեռեւս անմրցակից ուժը, բայց նա ամենակարող (օմնիպոտենտ) չէ: Ավելին, նա չունի «աշխարհի ոստիկանի» դերակատարությունը շարունակելու ցանկություն:

ԱՄՆ-ի հզորության հարաբերական նվազման գլխավոր (բայց ոչ միակ) ցուցիչը նրա տնտեսական հզորության հարաբերական նվազումն է: Նրա միջոցներն ու հնարավորություններն անցյալի համեմատ հարաբերաբար պակասել են ու շարունակում են նվազել, մնացած աշխարհինը, նրա համեմատ՝ ավելացել ու շարունակում աճել: Մեկ տարվա ընթացքում ստեղծված հարստության առումով ԱՄՆ/մնացած աշխարհ հարաբերակցությունը 1960թ-ի 2/3-ից ներկայում իջել է նվազ, քան 1/3-ի: Հայտնի է, որ ամենաշատն աճել են Չինաստանի (բայց ոչ միայն) կարողությունները:

Բացի այդ, նախկինի համեմատ ԱՄՆ-ի սոցիալական, քաղաքական և այլ ներքին հակասությունները խիստ սրվել են: ԱՄՆ-ն ստիպված է իր պաշարամիջոցների մի զգալի մաս հատկացնել ներքին խնդիրների հաղթահարմանը: Սա նշանակում է, որ արդեն իսկ հարաբերաբար պակասած պաշարամիջոցներից է’լ ավելի քիչ մասնաբաժին է մնում արտաքին մարտահրավերների դիմագրավման համար: ԱՄՆ-ը չունի այլ ընտրություն, քան արտաքին ոլորտում տնտեսել պաշարամիջոցները և դրանք կենտրոնացնել առաջնային, կենսական նշանակություն ներկայացնող մարտահրավերների լուծման, նախկինի համեմատ ավելի հզորացած արտաքին գլխավոր հակառակորդների ներկայացրած մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ:

Որո՞նք են այդ առաջնային մարտահրավերները:

ԱՄՆ-ի ամենաառաջնային խնդիրն օվկիանոսների նկատմամբ ունեցած իր համարյա բացարձակ գերակայությունն անխախտ պահելն է: Այնքան ժամանակ, որ նա վերահսկում է օվկիանոսները, նրա անվտանգության ոչինչ չի սպառնա և ավելին, առնվազն որոշ ժամանակ նա կպահի աշխարհում հարաբերական ամենահզորության կարգավիճակը:

Այդ առումով ԱՄՆ-ին ներկայում սպառնալիք կարող են ներկայացնել երկու պետություններ՝ Չինաստանն ու Ռուսաստանը, առաջինը՝ իրականանալիության ավելի լուրջ հավանականությամբ, երկրորդը՝ դեռեւս միայն տեսական հնարավորության մակարդակում:

Եթե չինական ծովուժին հաջողվի դուրս գալ Խաղաղ օվկիանոս, իսկ Ռուսաստանին՝ Ատլանտյան օվկիանոս, նրանք կարող են սպառնալ ԱՄՆ-ի գերակայությանը, ընդհուպ մոտենալ նրա առափնյա սահմաններին ու սպառնալ նրա անվտանգությանը:

ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցն ու գլխավոր մարտահրավերը, բոլոր առումներով, Չինաստանն է: Նրա անվտանգային-ռազմավարական առաջնային խնդիրը չինական ծովուժին բաց ծով ելք թույլ չտալն է: ԱՄՆ-ն իր ուշադրության և պաշարամիջոցների կարեւորագույն մասը կենտրոնացնում է այս ուղղությամբ, Ճապոնիայից մինչեւ Ավստրալիա և Հնդկական օվկիանոսի մատույցներ փորձում է ձեւավորել պատվար, ձեւավորում է նոր դաշինքներ (AUKUS, Quad):

Կարեւոր է գիտակցելը, որ ԱՄՆ-ի ռազմավարական գերնպատակը ոչ թե Չինաստանի ծովային առեւտուրը խափանելն է, այլ նրա ծովուժի առջեւ հնարավորությունները փակելը: Ծովային առեւտուրը միշտ ընթացել է առանց խոչընդոտի: Դրա խափանումը հղի կլինի ծանրագույն հետեւանքներով, ընդհուպ պատերազմով: Նույն տրամաբանությամբ, ԱՄՆ-ն իր առաջ խնդիր չի դրել խափանելու Չինաստանի ցամաքային առեւտուրը, որն, ի դեպ, ծավալով անհամեմատ փոքր է ծովային առեւտրից: ԱՄՆ-ի համար Չինաստանին ցամաքից, արեւմուտքից օղակումը ռազմավարական առաջնային խնդիր չէ:

ԱՄՆ-ի համար երկրորդ մարտահրավերը Ռուսաստանն է: Վերջինը ոչ իր ներուժով, ոչ էլ ներկայացրած մարտահրավերի հրատապության աստիճանով նույնպիսի առաջնայնություն չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, որքան Չինաստանը, որովհետեւ Ատլանտյան օվկիանոսում իր ծովուժով ԱՄՆ-ին մարտահրավեր ներկայացնելու նրա հնարավորությունները շատ ավելի համեստ են, քան Չինաստանինը՝ Խաղաղում: Ատլանտյանում ռուսական մարտահրավերի չհանդիպելու համար ԱՄՆ-ը պետք է իրականացնի երկու խնդիր. փակի ռուսական ծովուժի՝ կիսափակ ծովերից օվկիանոս դուրս գալու հնարավորությունը, և բացառի Ռուսաստանի՝ Եվրոպան իր ազդեցության գոտու վերածելու որեւէ հավանականություն: Այս խնդիրների լուծման համար ԱՄՆ-ը ձեւավորել է Բալթիկ ծով-Կենտրոնական և արեւելյան Եվրոպա-Սեւ Ծով անվտանգային կորը: Բալթյան երեք երկրների, Լեհաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի  ՆԱՏՕ-ի մեջ ներառումը ծառայում է այդ նպատակին: Թուրքիան վաղուց  ՆԱՏՕ-ի անդամ է: Այսրկովկասը չի մտնում այդ հաշվարկների մեջ: Ուկրաինան և Վրաստանը, որպես Սեւ Ծովի առափնյա երկրներ, հետաքրքրություն ներկայացնում են ԱՄՆ-ին, բայց  ՆԱՏՕ-ի մեջ նրանց ներառումը չափազանց խնդրահարույց է: ԱՄՆ-ը նրանց հետ կայացնում է ռազմական համագործակցության ավելի ցածր մակարդակի համաձայնություններ:

Արդյո՞ք ԱՄՆ-ը չունի աշխարհում այլ ռազմավարական շահեր և հետաքրքրություններ: Իհարկե, ունի: Բայց դրանք նրա ազգային անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում: Նա կարիք չունի նրանց վրա նույնքան ուշադրություն կենտրոնացնելու և մեծ պաշարամիջոցներ ծախսելու, առավել եւս, որ նա չունի բավարար պաշարամիջոցներ թե’ առաջնային և թե’ երկրորդային ու երրորդային խնդիրների համար:

Առաջնային մարտահրավերների չեզոքացման համար ԱՄՆ-ը ձեւավորել/ձեւավորում է փոխադարձ անվտանգություն երաշխավորող դաշինքներ, որտեղ ինքը՝ ԱՄՆ-ն ունի առաջնային դերակատարություն: Խոսքն, իհարկե,  ՆԱՏՕ-ի և Խաղաղում ձեւավորվող նոր դաշինքների մասին է:

Իսկ երկրորդային շահերի պաշտպանության և նոր մարտահրավերներից խուսափելու համար ԱՄՆ-ը ոչ դաշինքներ է ձևավորում, ոչ էլ ծախսում մեծ պաշարամիջոցներ: Նա վարում է ուժերի հավասարակշռման քաղաքականություն, ինչպես նաեւ դիմում է ռազմավարական և մարտավարական գործընկերության (ի տարբերություն ռազմավարական դաշնակցության): Ուժերի հավասարակշռման քաղաքականությունը մի տարածաշրջանի իրար մրցակից ուժերի միջեւ հավասարակշռության ձեւավորման միտված քաղաքականությունն է, որպեսզի նրանցից ոչ մեկը չկարողանա դառնալ տարածաշրջանի հեգեմոնը ու դրանով ԱՄՆ-ին պատճառի թեկուզ ոչ առաջնային, այնուամենայնիվ լրացուցիչ գլխացավանք: Այս քաղաքականության հաջողության պարագայում ԱՄՆ-ը տվյալ խնդիրը լուծած կլինի առանց սեփական զինված ուժեր և այլ զգալի պաշարամիջոցներ հատկացնելու:

ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարությունը – Թուրքիան գլխավոր լծակ

Ռուսաստանի հարավային և Չինաստանի արեւմտյան սահմանները չեն սպառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, ուստի ներկայացնում են երկրորդային ռազմավարական նշանակություն: ԱՄՆ-ն այդ տարածքներում եւս հետապնդում է այդ երկու տերությունների հնարավորությունների և ազդեցության թուլացման նպատակ, բայց դա նրա համար կենսական նշանակության խնդիր չէ, ինչպիսին են օվկիանոսների տիրապետման վերաբերող վերոնշյալ երկու խնդիրները. ուստի նա փորձում է այդ խնդիրը լուծել ոչ թե սեփական ուղղակի ներգրավվածության, դաշինքների և կարեւոր պաշարամիջոցներ տրամադրելու, այլ, հնարավորության դեպքում, այլ պետությունների հետ համագործակցության (ռազմավարական թե մարտավարական) և ուժերի հավասարակշռման վերոնշյալ միջոցներով:

Ռուսաստանի հարավում ԱՄՆ-ի ռազմավարական գլխավոր լծակը, նույնիսկ հենարանն ու գործընկերը , Թուրքիան է, և դա, չնայած մի քանի կարեւոր առումներով ԱՄՆ-Թուրքիա լուրջ հակասություններին և որոշ հարցերում Թուրքիա-Ռուսաստան գործընկերային համագործակցության:

ԱՄՆ-ի համար Թուրքիան երեք ուղղություններով մնում է դեռեւս անփոխարինելի ռազմավարական և մարտավարական գործընկեր: Դրանք են՝ Սեւ ծովը, Մերձավոր Արեւելքը, և Այսրկովկասն ու Կենտրոնական Ասիան:

Սեւ ծովի պարագան ակնհայտ է: Թուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցների տերն է,  ՆԱՏՕ-ի անդամ է, այդ ծովում մրցակից է Ռուսաստանին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում պաշտպանում է Կիեւին: Այդ բոլորը շատ թանկ են ԱՄՆ-ի համար:

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ը վարում է ուժերի հավասարակշռման քաղաքականություն: Նա աչալուրջ է, որ այդ տարածաշրջանի պետություններից և ոչ մեկը չդառնա տարածաշրջանային հեգեմոն: Նման հավակնություններ ունեն երեք երկրներ՝ Թուրքիան, Իրանը և Սաուդյան Արաբիան: ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ նրանցից ոչ մեկը չդառնա ոչ չափազանց հզոր, որի դեպքում կդառնա հեգեմոն, ոչ էլ շատ թույլ, որի դեպքում կավելանա մյուս երկուսից մեկի հեգեմոն դառնալու հավանականությունը: Այս քաղաքականությունում ԱՄՆ-ին օգնության է հասնում Իսրայելը: Այս հաշվարկներից ելնելով, ԱՄՆ-ը նախանձախնդիր է, որ Թուրքիան ոչ շատ հզորանա, ոչ էլ թուլանա: ԱՄՆ-ի համար Թուրքիան հարգի է հատկապես Իրանին հակակշռելու առումով, թե’ Մերձավոր ու Միջին Արեւելքում, թե’ Կենտրոնական Ասիայում:

Ինչպես ասվեց, երրորդ ուղղությունում եւս, Ռուսաստանի հարավում՝ Այսրկովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարական գլխավոր լծակը նույնպես Թուրքիան է: Այս պնդումը կարող է հարցականներ առաջացնել, նկատի ունենալով ռուսական S400-ների հարցով ԱՄՆ-Թուրքիա լուրջ հակադրվածությունը, ԱՄՆ-ին ու արեւմուտքին Այսրկովկասից դուրս թողնող թուրքական 3+3 ծրագիրը, Թուրքիա-Չինաստան աճող համագործակցությունը, ինչպես նաեւ թուրք-ամերիկյան վեճերի ու թուրք-ռուսական համագործակցության մյուս օրինակները: Բայց իրականում այստեղ խորքային հակասություն գոյություն չունի: Թուրքիայի այդ վարքագիծն ու նրա՝ ԱՄՆ-ի կողմից լծակ համարվելու իրողությունը միմյանց չեն բացառում: Ավելին. այդ երկակի, ոչ միագիծ քաղաքականությունը ներկա ժամանակների բնորոշ գծերից է:

Այս երեւույթի բացատրությունը կայանում է համաշխարհային բացարձակ հեգեմոնի բացակայության և դրան զուգահեռ ինքնուրույն ուժերի առաջացման իրողության մեջ: Համաշխարհային հեգեմոնի բացակայության պատճառով սասանվել է նախկին աշխարհակարգը, բայց չի ձեւավորվել նորը, հետեւաբար չկան նոր կարգով պայմանավորված հարաբերությունների հստակ ձեւակերպված կանոններ: Միջպետական և միջուժային հարաբերությունները շատ դեպքերում հեղհեղուկ են, ժամանակավոր: Համաշխարհային հեգեմոնի բացակայությունը փոխել է նաեւ որոշ պետությունների միջեւ ուժերի հավասարակշռության և փոխհարաբերությունների դրվածքը: Որոշ երկրների, որոնցից է միանշանակորեն Թուրքիան, հաջողվել է) ձեռք բերել ինքնուրույնություն,, որոշակի հզորություն և ճկունություն, ինչը բարելավել է նրանց դիրքը իրենցից ավելի հզորների հետ հարաբերություններում: Նրանք ունակ են իրարից անկախ գործարքներ կնքելու իրար հակադիր ուժերի հետ, ինչպիսիք Թուրքիան անում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Ներկա ժամանակները հատկանշվում են միջպետական ավելի շատ առանձին-առանձին գործարքային, քան համապարփակ համաձայնություններով: Երկրները համաձայնվում են կոնկրետ հարցերի շուրջ և կայացնում գործարքներ, իսկ այլ հարցերի պարագայում զբաղեցնում հակադիր դիրքեր:

Այս տրամաբանությամբ պետք է հասկանալ թե Թուրքիա-ԱՄՆ, թե’ Թուրքիա-Ռուսաստան ներկա հարաբերությունները, իրենց թե’ համագործակցային, թե’ հակադրվածային ասպեկտներով:

Անշուշտ, ԱՄՆ-ը պիտի նախընտրեր, որ Թուրքիան դուրս եկած չլիներ իր վերահսկողությունից. Բայց վերջինի ինքնուրույն ծավալապաշտությունը չի հակասում Ասիական ցամաքամասում ԱՄՆ-ի նպատակներին ու շահերին: Ընդհակառակը: ԱՄՆ-ի համար անկասկած է, որ, չնայած որոշ առանձին հարցերում գործարքային և գործընկերային հարաբերություններին, Ռուսաստանն ու Թուրքիան մնում են էապես ռազմավարական հակառակորդներ: Նույնը, տարբեր շեշտադրմամբ, վերաբերում է Թուրքիա-Չինաստան հարաբերություններին: Հետևաբար` եթե ոչ կարճաժամկետ, առնվազն միջնաժամկետ առումով Թուրքիան ԱՄՆ-ի համար մնում է իր երկու ախոյանների ազդեցության թուլացման գլխավոր լծակը Կենտրոնական Ասիայում և Այսրկովկասում:

Նշված երեք ուղղություններով (Սեւ ծով, Մերձավոր Արեւելք, Այսրկովկաս ու Կենտրոնական Ասիա) Թուրքիային կարեւորագույն գործընկեր և լծակ համարելու կողքին, ԱՄՆ-ը, ինչպես ասվեց, միաժամանակ նախանձախնդիր է թույլ չտալու, որ այն չափից շատ հզորանա և հաջողի դառնալ տարածաշրջանային հեգեմոն: Իսկ Թուրքիայի ծավալապաշտությունն ապացուցման կարիք չունի: Այդ նպատակով ԱՄՆ-ը զուգահեռաբար ի գործ է դնում Թուրքիայի զսպման լծակներ: Կարեւորագույն լծակներից է քրդական գործոնի վառ պահումն ու օգտագործումը նրա հարավային սահմանների երկայնքով՝ անմիջական հարեւան Սիրիայում և Իրաքում: Զսպման մի այլ միջոց է Հունաստանի սպառազինումը, իսկ մեկ այլ՝ արեւելյան Միջերկրականում Եգիպտոս-Իսրայել-Հունաստան-Կիպրոս դաշնության սատարումը:

Թուրքիա

Աշխարհում միահեծան հեգեմոն ուժի և «համաշխարհային ոստիկանի» բացակայության պայմաններում՝ տարածաշրջանային հեգեմոնության ձգտող երկրների շարքում Թուրքիան դրսեւորում է ամենահարձակողապաշտ և ծավալողապաշտ վարքագիծը: Անցնող տասնամյակում նա ծավալվել և հարձակողապաշտ քաղաքականություն է վարել հարավի՝ Սիրիայի և Իրաքի, Միջերկրական և Էգեական ծովերի ուղղությամբ, «փափուկ ուժի» քաղաքականություն է վարում Վրաստանում և Բալկաններում, ամրապնդում է իր դիրքերը Սեւ ծովում, չթաքցնելով քողարկված հավակնությունները Ղրիմում, ռազմականապես ակտիվ միջամտել է Լիբիայում, ռազմաբազաներ է տեղադրել Քաթարում և արեւելյան Աֆրիկայում: Իսկ 2020թ-ից բացահայտ հարձակողապաշտությամբ նա գրոհի է անցել դեպի արեւելք՝ Այսրկովկաս և ոչ միայն: Նա գնալով ավելի միս ու արյուն է տալիս «թուրքական աշխարհի» ձեւավորման հաստատութենական և գործնական ծրագրերին, և մինչեւ անգամ չի թաքցնում իր հեռակա ախորժակները Ռուսաստանի թուրքալեզու շրջանների նկատմամբ:

Հայաստանի վրայով դեպի արեւելք ծավալվելու ծրագիրը Թուրքիայի համար եղել է մշտական նպատակ: Պանթուրքիզմը չի ավարտվել երիտթուրքերի և Օսմանյան կայսրության տապալումով: 1920-21թթ-ին քեմալական շարժումը թե’ գործնականում և թե’ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ բանակցություններում ոգի ի բռին պայքարել է ի օգուտ Նախիջեւանի, Սյունիք-Զանգեզուրի և Ղարաբաղի Ադրբեջանին հանձնման: Առաջինը և երրորդը «ստացվեցին», երկրորդը՝ ոչ: Դրանով հանդերձ, «վերածնվող» Թուրքիան դեռ սահմանակից չեր Նախիջեւանին: 1921թ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի նախնական տարբերակը նախատեսում էր Սուրմալուի գավառի, ներառյալ Մեծ Մասիսի պատկանելիությունը Հայաստանին, իսկ Բաթումինը՝ Թուրքիային: Վերջնական համաձայնությամբ Բաթումը տրվեց Վրաստանին, իսկ Թուրքիան ստացավ Սուրմալուն, ավելի մոտենալով Նախիջեւանին: 1932թ-ին Թուրքիան և Իրանը տարածքային փոխանակում իրականացրին, որով Թուրքիան ստացավ Փոքր Մասիսն ու հարակից շրջաններ և արդեն ունեցավ մոտ 10 կիլոմետր երկարության սահման Նախիջեւանի հետ: Սրանք կարեւոր փաստեր են համոզվելու համար, որ հանրապետական Թուրքիան դեռ սկզբից հետամուտ է եղել համաթուրքական միեւնույն ծրագրերի իրականացմանը, ինչպես իրեն նախորդած երիտթուրքական օսմանյան պետությունը:

Ստեղծված միջազգային հավասարակշռության պատճառով մինչեւ սառը պատերազմի ավարտ և ԽՍՀՄ-ի փլուզում իրավիճակը մնաց անփոփոխ: 1990թ-ի սկզբներից Թուրքիան վերակենդանացրեց իր պանթուրքիստական նկրտումները: 1993թ-ին նախագահ Թուրգութ Օզալն սպառնաց ռմբակոծել Երեւանը: 1992 և 1993թթ-ին, նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթն ու նախագահ Սուլեյման Դեմիրելը Սյունիքն ու Հայաստանն անվանեցին «թուրքական աշխարհից պոկված համեղ պատառ» և «թուրքական մարմնի մեջ խրված սեպ»: Էջեւիթը նախ առաջարկեց Մեղրիի և Լաչինի շրջանների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, ապա կոչ արեց օդուժի հարվածներով միջանցք բացել Նախիջեւանի և Ադրբեջանի միջեւ: Բայց հայկական հաղթանակները կասեցրին թուրքական այդ նպատակների իրագործումը: Բացի այդ, Թուրքիան դեռեւս ձեռք չեր բերել համաշխարհային և տարածաշրջանային այդ ժամանակվա դասավորությունը խախտելու ունակություն: Անցնող 1-2 տասնամյակներում այդ դասավորությունը փոխվեց, Թուրքիան և Ադրբեջանը ձեռք բերեցին հզորություն, իսկ Հայաստանը խրվեց դեգրադացիայի մեջ, և 2020թ-ից Թուրքիան նոր թափով վերսկսեց դեպի արեւելք ծավալվելու իր նպատակի իրականացման գործողությունները:

Վերոշարադրյալն ի հայտ է բերում երկու էական իրողություն,

Հայաստանի վրայով դեպի արեւելք ծավալվելու նպատակը Թուրքիայի համար եղել և մնում է կայուն ու մնայուն նպատակ,

Թուրքիան ձեռք է բերել ինքնուրույնություն և սեփական ծավալապաշտ նպատակների համար ինքնագլուխ գործելու ունակություն և հանդգնություն:

Ծավալվելով դեպի արեւելք, Թուրքիան թափանցում է Ռուսաստանի ազդեցության դաշտ: Վերջինը վստահաբար գոհ չէ այդ իրողությունից, բայց այն համարում է չարյաց փոքրագույնը: Ռուսաստանը համարում է, որ իրեն սպառնացող գլխավոր վտանգը գալիս է արեւմուտքից: Եթե ներթափանցումն անխուսափելի է, նա նախընտրում է Թուրքիայի, քան արեւմուտքի ներթափանցումը, առավել եւս հաշվի առնելով Թուրքիա-Արեւմուտք և հատկապես Թուրքիա-ԱՄՆ հակասությունները:

Այսրկովկասում և Կենտրոնական Ասիայում իր նկրտումներում Թուրքիան գտնվում է շահեկան դիրքերում: Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի գլխավոր խնդիրն այդ շրջաններից իրենց գլխավոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի և նրա ազդեցության հեռացումն է: ԱՄՆ-ի խնդիրը հակառակն է՝ թուլացնել իր հակառակորդ այդ երեք երկրների ազդեցությունը: Թուրքիան ձեռնտու է երկու կողմերին, առաջին երեքին ավելի կարճաժամկետ, ԱՄՆ-ին ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ առումներով:

Երեք երկրների հետ հարաբերություններում Թուրքիային օգնում է ԱՄՆ-ի հետ որոշ հարցերում իր՝ Անկարայի ունեցած հակասությունը: Ինչպես ասվեց, Ռուսաստանի ազդեցության տարածք Թուրքիայի ներթափանցումը անշուշտ չի կարող Մոսկվային ձեռնտու լինել, բայց նախընտրելի է ԱՄՆ-ի ներթափանցումից: Նմանապես, թեեւ Իրանը խիստ անհանգստացած է իր հյուսիսում Թուրքիայի ազդեցության աճից, նա իր համար ներկայում ավելի մեծ սպառնալիք է համարում ԱՄՆ-ը, ուստի համաձայնություն է տալիս վերջինին Այսրկովկասից դուրս պահող 3+3 նախագծին: Թեեւ ավելի հզորանալու պարագայում Թուրքիան դառնալու է Չինաստանի համար մարտահրավեր, վերջինը փորձում է օգտվել նրա ներկայացրած ներկա հնարավորություններից:

Մյուս կողմից բոլորին, առաջին հերթին ԱՄՆ-ին ակնհայտ է, որ Թուրքիայի և այդ երեք մեծ ու միջին պետությունների հարաբերությունները միջնաժամկետ և երկարաժամկետ առումով մրցակցային ու հակամարտային են, ոչ թե համագործակցային: Նույնիսկ ներկայում դրանք միաժամանակ մրցակցային և համագործակցային են, այլ ոչ բացառապես երկրորդը: Հետեւաբար ԱՄՆ-ը վստահ է, որ առնվազն միջնաժամկետ փուլում այդ երեք երկրների նկատմամբ իր և Թուրքիայի շահերը համարյա ամբողջությամբ համընկնելու են:

Այսպես, Թուրքիան հայտնվել է մյուսներից ավելի շահեկան դիրքերում: Նա յուրաքանչյուր կողմի հետ իր հարաբերություններն օգտագործում է մյուս կողմի հետ հարաբերություններում որպես լծակ, նրանցից լրացուցիչ զիջումներ կորզելու համար: Նա իր սեփական խաղն է խաղում, նախանձախնդիր է նշված երկրներից ոչ մեկի հետ կապերը գոնե առայժմ չխզելու, խուսանավում է նրանց միջեւ և օգտվում նրանց միջեւ առկա հակասություններից: Նա անշեղորեն հետապնդում է մեծ տարածաշրջանի հեգեմոնը դառնալու նպատակը:

Չնայած իր ինքնուրույն քաղաքականության և այդ տրամաբանությամբ Մոսկվայի ու Պեկինի հետ կայացրած գործարքներին, ինչպես նաեւ որոշ հարցերում արեւմուտքին հակադրվող քայլերին, Թուրքիան դեռ երկար ժամանակ դուրս չի գա  ՆԱՏՕ-ից և արեւմուտքի հետ իր ռազմավարական գործընկերությունից, որպեսզի կարողանա շարունակել կարեւոր խաղացողների միջեւ խուսանավելու և բոլորից օգտվելու քաղաքականությունը:

Թուրքիան ուկրաինամետ քաղաքականությունը երկար ժամանակ կշարունակի՝ վերոնշյալի, ընդհանրապես իր ծավալողական քաղաքականության (և տվյալ դեպքում Ղրիմի նկատմամբ ունեցած նկրտումների), և Ռուսաստանի հետ իր հարաբերություններում ձեռքերում մահակ ունենալու նպատակներով:

Բայց Ուկրաինայի շուրջ լարվածության սրումով Թուրքիայի խուսանավման հնարավորությունները սեղմվում են:

Ռուսաստան

Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանի համեմատ Ռուսաստանը կորցրել է իր հզորությունը: Այդ կորուստը դրսեւորվել է թե’ ներքին կենսունակության, թե’ աշխարհաքաղաքական և տարածքային առումներով:

Արդյունաբերական և տեխնոլոգիական (բացի մասամբ՝ ռազմական) ոլորտներում Ռուսաստանը մրցակից չէ ո’չ ԱՄՆ-ին, ո’չ Չինաստանին, ո’չ Եվրամիությանը, ո’չ էլ արեւելյան ասիական որոշ երկրներին: Նրա տնտեսությունը կախված է վառելանյութերի արտահանումից և դրանց համաշխարհային գների տատանումից: Նա դիմագրավում է ժողովրդագրական լուրջ խնդիր: Այս առումներով առկա են նրա թուլացման շարունակմանը նպաստող գործոններ:

Ռուսական կայսրությունը նաեւ կորցրել է նախկինում իրեն պատկանող կամ իր ազդեցության դաշտ համարվող հսկայական տարածքներ և անվտանգային առումով հայտնվել է խոցելի վիճակում:

Չնայած դրան, իսկ ավելի ճիշտ անվտանգային խոցելիության իսկ պատճառով նա անցել է գրոհի և փորձում է վերստին իր վերահսկողության տակ վերցնել աշխարհաքաղաքական առումով առավել նշանակություն ներկայացնող նախկին խորհրդային տարածքներ: Երկկողմանի պայմանագրերով նա դեռ 1990թթ-ից ռազմակայաններ է ունեցել Հայաստանում, Տաջիկստանում ու Ղրղըզստանում: Ռազմական ներկայություն ունեցել է Աբխազիայում, Հարավային Օսիայում և Մերձդնեստրում: Նոր գրոհի արդյունքում Մոսկվան իրենով է արել Ղրիմը և (ոչ պաշտոնապես) արեւելյան Դոնբասը: 2020թ նոյեմբերից ռազմականապես ներկա է Արցախի մի հատվածում: Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո ամրապնդում է դիրքերը Կենտրոնական Ասիայի հանրապետություններում: Օգտվելով Բելառուսիայում և Ղազախստանում անկայուն իրավիճակից ամրապնդում դիրքերը մինչ այդ որոշ չափով կամակոր այդ երկրներում: Բայց այդ ձեռքբերումները կմնան երկրորդական, և կարող են լինել ժամանակավոր, այնքան ատեն, որ լուծված չէ բուն Ուկրաինայի խնդիրը:

Եթե ԱՄՆ-ն ու արեւմուտքը Ռուսաստանից զգուշանում են Ատլանտյանում և Եվրոպայում, Ռուսաստանն ինքն իր ամենախոցելի հատվածը համարում է Եվրոպայի հետ սահմանագիծը, իսկ այնտեղ  ՆԱՏՕ-ն է: 19-րդ դարում մի անգամ Ֆրանսիան և 20-րդ դարում երկու անգամ Գերմանիան այդ սահմանագծից ներխուժել են Ռուսաստան և հասել Մոսկվայի մատույցներ: Անկախ այն հարցից, թե արեւմուտքը ներկայում մտմտո՞ւմ է Ռուսաստան ներխուժել թե ոչ, վերջինը այդ հարցը համարում է իր համար գլխավոր սպառնալիք: Վարշավյան Ուխտի գլխավոր գործառույթն այդ սպառնալիքի դեմ պատվար ստեղծելն էր: Վարշավյան Ուխտի փլուզումից և նրա եվրոպական անդամների  ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանի ամենախոցելի դարպասն Ուկրաինայի հետ սահմանն է: Պակաս վտանգավոր չէ բելառուսական ուղղությունը, բայց գործնականում այդ վտանգն առնվազն առայժմ չեզոքացված է: Եթե Ուկրաինան դառնա  ՆԱՏՕ-ի անդամ կամ ԱՄՆ-ի հետ կնքի ռազմավարական դաշինք, ԱՄՆ-ի և  ՆԱՏՕ-ի զորքերը կհայտնվեն Մոսկվայից ընդամենը 450 կմ հեռավորության վրա: Նրանք արդեն գտնվում են Սանկտ Պետերբուրգից 125 կմ հեռավորության վրա: Հետեւաբար Ռուսաստանն իր գլխավոր սպառնալիքը համարում է ԱՄՆ-ն ու  ՆԱՏՕ-ն, իսկ իր ռազմավարական առաջնային խնդիրը՝ արեւմտյան, գլխավորաբար Ուկրաինայի հետ սահմանների անխոցելիության ապահովումը:

Ներկայում այս խնդիրը հասել է հանգուցային կետի: Ուկրաինայի շուրջ 2021թ սկսած և 2022թ հունվարին շարունակվող լարվածությամբ Ռուսաստանը փորձում է հասնել այդ խնդրի հօգուտ իրեն լուծման: Եթե արեւմուտքն ընդունի Մոսկվայի պայմանները և վերանա կամ թուլանա նրա անվտանգային առումով ռազմավարական ազդեցությունը Կիևի վրա, ապա Ռուսաստանը հասած կլինի իր նպատակին և լրացուցիչ կամրապնդի, ավելին, գուցե պաշտոնապես կամրագրի իր ազդեցությունը նախկին խորհրդային մյուս շրջանների վրա: Եթե այդ հարցում առճակատումը սրվի, ապա ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունը կսաստկանա նաեւ այլ շրջաններում, ներառյալ Այսրկովկասում: Եթե հարցն ավարտվի մասնակի կամ միջին լուծումով, հավանաբար նույնպիսին կլինի դրա անդրադարձը մեր տարածաշրջանում:

Ուկրաինայի շուրջ հանգուցային այս փուլի առաջացումով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հայտնվում են փորձաքարի առաջ: Ռուսաստանը թուրքական ծավալապաշտությունը համարել է արեւմուտքից սպառնացող վտանգի համեմատ երկրորդային: Թուրքիան իր ինքնուրույնությունն ամրապնդելու համար բազմաթիվ հարցերում հակադրվել է ԱՄՆ-ին, և Ռուսաստանը, այդ հակադրվածությունը համարելով իր շահերին համընկնող և այն ավելի խորացնելու նպատակով, սերտացրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ, նույնիսկ ի հաշիվ իր ազդեցության տարածքներ նրա թափանցումներին: Բայց Ուկրաինայի շուրջ լարվածության սրումը Թուրքիայի համար գնալով դժվարացնում է նախկին հեշտությամբ խուսանավումը Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ: Չնայած Անկարան արդեն իսկ ունի ուկրաինամետ դիրքորոշում, սրման շարունակման դեպքում նա ստիպվելու է ավելի շեշտելու իր դիրքորոշումը: Դա միանշանակորեն ազդելու է մյուս տարածաշրջաններում, ներառյալ՝ Այսրկովկասում ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Տեսականորեն չի կարելի բացառել, որ Ուկրաինայի հարցում Թուրքիան որդեգրի մասամբ Ռուսաստանահաճո կեցվածք, որի դիմաց Այսրկովկասում Մոսկվայից կստանա նոր զիջումներ: Բայց հաշվի առնելով, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը պայմանավորվում է բազմաթիվ հանգամանքներով, դա քիչ հավանական է:

Թե’ Ռուսաստանում և թե’ Թուրքիայում առկա են Եվրասիական, այսինքն սլավոնաթուրքական, երբեմն նույնիսկ սլավոնա-թուրքա-չինական հոսանքներ: Քիչ հավանական է, որ այդ ուղղվածությունը մի օր դառնա պետական քաղաքականություն՝ հաշվի առնելով շատ ոլորտներում երեք երկրների հակասական շահերը, ինչպես նաեւ այն, որ առկա չէ այդպիսի միություն խթանող արտաքին սպառնալիք:

Իրան

Թուրքիայի նման, Իրանն էլ դրսեւորել է Մերձավոր և Միջին Արեւելքում հեգեմոնության նկրտումներ: Բայց տասնյակ տարիների պատերազմներն ու պատժամիջոցները որոշ չափով հյուծել են նրան: Այնուամենայնիվ, Իրանի գլխավոր յուրահատկությունն եղել և մնում է ինքնիշխանության պահպանումն ու ավելի մեծ տերություններից կախված չլինելու վճռականությունը: Դա վերաբերում է ինչպես ԱՄՆ-ին, նույնպես և Ռուսաստանին ու Չինաստանին: Դա չի նշանակում, որ մեկի կամ մյուսի հետ չի մտնի անգամ ռազմավարական համագործակցության մեջ: Արդեն ուժի մեջ է մտնում Չինաստանի հետ 25 տարվա մեծ համաձայնությունը: Նախապատրաստվում է Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիր: Ատոմային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ որոշակի նոր համաձայնության հավանական հանգումից հետո Վաշինգտոնի հետ լարվածությունը կմեղմանա, բայց քիչ հավանական է, որ քաղաքավարականից ավելին լինի:

Իր սահմանների հյուսիսում, բացի Սյունիքի փոքր հատվածից, Իրանը եզերված է թուրքական պետություններով: Հաշվի առնելով Թուրքիայի դրսեւորած հարձակողապաշտ ծավալապաշտությունը, ինչպես նաեւ Իրանական Ադրբեջանի հանգամանքը, Իրանի համար Թուրքիան և թուրքական գործոնը դառնում են գնալով ավելի անհանգստացնող: Իրանն անզիջող կլինի եթե Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նկատի իր ռազմավարական շահերի դեմ նկրտումներ, թե դեպի Եվրոպա իր հյուսիսային միակ ոչ թուրքական ցամաքային դարպաս Սյունիքը զավթելու և թե Իրանական Ադրբեջանի նկատմամբ նկրտումների պարագայում: Այլապես այդ երկու երկրների նկատմամբ Իրանը կվարի բարի դրացիական և փոխշահավետության ձգտող հարաբերություններ:

Բացի իր հյուսիսային ոչ-թուրքական դարպասը լինելու պատճառից, Իրանը Սյունիքի սահմանների փոփոխություն երբեք չի ընդունի, որովհետեւ Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն հղի կլինի իր համար բացասական հետեւանքներով, հաշվի առնելով իր՝ բազմազգ պետություն լինելու իրողությունը: Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մշտապես պաշտպանությունը, այլ նկատառումների կողքին, պայմանավորված է այս հանգամանքով:

Չինաստան

Չնայած վերջին տասնամյակների գլխապտույտ իսկ ներկայում համեմատաբար դանդաղած, բայց շարունակվող թռիչքին, Չինաստանը զերծ չէ մարտահրավերներից և դժվարություններից: Չինաստանի գլխավոր խնդիրը արեւելյան և հարավային չինական ծովերում գերակայության ձեռք բերումն է, առանց որի նրա անվտանգությունը կմնա խոցելի:

Ասիայում, Աֆրիկայում և նույնիսկ Եվրոպայում տնտեսական ծավալման և «փափուկ ուժի» տարածման նպատակով Պեկինը գործի է դրել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեգածրագիրը: Արդեն 60 երկրներ ներառող և ավելի քան մեկ տրիլիոն դոլար ներդրումներ նախատեսող այս ծրագիրը ենթակառուցվածքների, հաղորդուղիների, թվային տեխնոլոգիաների և բազում այլ ներդրումների ցանց է ստեղծում: Մեզ հետաքրքրող մեծ (Սեւ, Կասպից և Միջերկրական ծովերի եռանկյուն) և փոքր (Այսրկովկաս) տարածաշրջանում Չինաստանի ներգրավվածությունը դրսեւորվում է այդ ծրագրի շրջանակներում: Այս առումով նա համագործակցում է թե’ Ռուսաստանի, թե’ Իրանի և թե’ Թուրքիայի հետ: Վերջին հինգ տարիներին, արեւմուտքի նկատմամբ նախկին կախվածությունը թուլացնելու և ֆինանսական սրվող ճգնաժամը մեղմելու նպատակով Թուրքիան ընդառաջ է գնացել Չինաստանին: Նա դադարեցրել է համերաշխական դիրքորոշումները ույգուրների նկատմամբ և ընդհակառակը, ճնշում է նրանց գործունեությունն իր սահմաններից ներս: Դա չի նշանակում, որ չին-թուրքական հարաբերություններն ավելի սերտ են չին-իրանականից կամ չին-ռուսականից: Ինչպես ասվեց, արդեն ուժի մեջ է մտել 400 միլիարդ դոլարի ներդրումներ նախատեսող 25 տարվա տեւողության Չինաստան-Իրան համաձայնագիրը:

Իր ծրագրերով և ներդրումներով Չինաստանը ներկա է նաեւ Այսրկովկասում, հատկապես Վրաստանում:

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Չինաստանի տնտեսական ծավալման ու «փափուկ ուժի» այս քաղաքականության փորձում են հակադարձել նույնանման մեգածրագրերով, որոնք դեռեւս չեն դրվել գործի:

Հնդկաստան

Հնդկաստանը մեծ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություններ ունի թե’ ելնելով ասիական մեծ պետություն լինելու հանգամանքից, թե’ իր աշխարհաքաղաքական նկատառումներից: Հնդկաստանի գլխավոր ախոյաններն են Չինաստանն ու Պակիստանը, որոնք միմյանց հետ ունեն գործընկերային հարաբերություններ: Վերջինը նաեւ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունի դաշնակցային սերտ հարաբերություններ: Այս պատճառով Հնդկաստանի համար կարեւորություն է ստանում Իրան-Հայաստան-Վրաստան առանցքը:

Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունների ջերմացման, ինչպես և Չինաստանի կապակցությամբ նույն երկուսի մերձեցման, Հնդկաստանը նախանձախնդիր է պահելու իր ինքնուրույնությունը և ամբողջովին չներգրավվելու ԱՄՆ-ի ձեւավորած նոր դաշինքներում: Նա շարունակում է նաեւ իր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 

* * *

 

Մեծ տարածաշրջանում ռազմավարական այս ընդհանուր պատկերից հետո պետք է արդեն դիտարկել դրա դրսեւորումն ու անդրադարձը Այսրկովկասում, և Հայաստանի մարտահրավերներն ու հնարավորություններն այդ համատեքստում:

Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆ

«Միացում» նախաձեռնության հիմնադիր, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սակայն բուն մասը, ամենակարեւոր մասը՝ պակաս է: Նուազագոյն, յստակ եզրակացութիւն մը, Հայաստանի կապակցութեամբ: Թէ, այդ ամէնուն լոյսին տակ, ուրեմ՝ն ի՞նչ պէտք է որ ընէ Հայաստանը… Վերջին մի քանի տողերն են միայն որ այդ մասին են, եւ որեւէ բան չեն նշանակում:
     
    Մի բան էլ: Փաստօրէն, այս ամէնուն գիտակից չէր սիրելի Ալեքը, մինչեւ այսօր: Վստահաբար ոչ, երբ որ անդամ էր – կամ գոնէ՝ համակիր, ջատագով եւ պաշտպան – այն խմբակին, որ ահաբեկչական գործողութեամբ մը, իր նշանակալից բաժինը բերաւ Հայաստանի ապակայունացման: Ու այդպէսով նպաստեց այժմու վարչակարգի գոյացումին:

    Զինք չարաչար շահագործեցին: Ափսոս: Եթէ ողբացեալ Նուշիկը իր կողքին մնացած ըլլար, զինք կը փրկէր այդ ծուղակէն – եւս – :

    Հ. Շ.
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/
    https://haytougchamlian.blog/

  2. Հ.Շ. says:

    իսկ ԱՄՆ-Չինաստան նիւթով, ՌԴ-ն լինելով ԱՄՆի սխալ թիրախը, դրա գիտակից են շատ մը ամերիկացիներ. ահա այս, դեռ երէկ իսկ՝
    24.01.2022 :
    Tucker reveals how US conflict with Russia benefits China
    https://video.foxnews.com/v/6293457818001#sp=show-clips

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31