Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տարօրինակ է զարմանալ, զայրանալ կամ նեղանալ, որ ինչ-որ բան դու չես կարողանում անել, երբ ի սկզբանե գիտեիր, որ չես կարող անել». Արսեն Թորոսյան

Հունվար 24,2022 15:33

«Ինձ համար առնվազն տարօրինակ են բերված փաստարկները նախագահի լիազորությունների հարցով, որովհետեւ ՀՀ նախագահը 2015-ի փոփոխված սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է եւ կարծում եմ, դա հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելուց, թե՛ վերջին 4 տարիներին: Շատ տարօրինակ է, որ դա մեջբերվում է՝ որպես ոչ էֆեկտիվության, կամ փոփոխություններ անելու խոչընդոտ»,- նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն այսպես մեկնաբանեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա ասաց, որ խորհրդարանական համակարգում ՀՀ նախագահները հիմնականում կա՛մ արարողակարգային, կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիա ունեն, ոչ ավելին. «Նախագահը չի որոշում՝ ով լինի նախարար, վարչապետ, նույնիսկ՝ փոխվարչապետ: Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված է կառավարությանը, եւ մնացած հարցերում նույնպես: Ես անձամբ հարգում եմ Արմեն Սարգսյանի որոշումը: Կարող եմ կիսել կամ չկիսել իր տեսակետները, որոշումն իրենն է»:

Մեր դիտարկմանը, որ նա նաեւ խոսում է այն մասին, որ վետո չի կարողանում դնել այն օրենքների վրա, որոնք ՀՀ շահերից չեն բխում՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ, օրինակ, ԱՄՆ-ում նախագահը կարող է վետո դնել օրենքների վրա, բայց ԱՄՆ-ում նախագահն ընտրվում է ուղիղ ընտրությունների միջոցով: Մեր երկրում ԱԺ-ն է ընտրվում ուղիղ ընտրությունների միջոցով ու ԱԺ-ի կողմից ընտրված պաշտոնյան չի կարող վետո դնել ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի օրենսդրական նախաձեռնությունների վրա: Այստեղ Սահմանադրությունում, ըստ Թորոսյանի, իրավական հակասություն կա. «Պետական շահի գիտակցումը-չգիտակցումը որոշվում է ընտրություններով ու եթե ընտրությունների միջոցով ձեւավորվել է ԱԺ-ն, որն ունի այդ մանդատը, ապա ինքը պարտավոր է ու շարժվում է պետական շահով, մինչեւ մյուս ընտրություններ: Եթե ոչ, դուրս կմղվի իշխանությունից հաջորդ ընտրություններին»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքն էլ, որպես պատգամավոր, չի կարող անել ամեն ինչ. «Ես էլ շատ բան չեմ կարող անել, որովհետեւ ԱԺ պատգամավորն էլ իր լիազորությունների շրջանակն ունի: Շատ տարօրինակ է զարմանալ, զայրանալ կամ նեղանալ, որ ինչ-որ բան դու չես կարողանում անել, երբ ի սկզբանե գիտեիր, որ չես կարող անել»:

Հարցրեցինք՝ նախագահն ասում է՝ 4 տարի ակտիվ աշխատեցի, հիմա որոշել եմ հրաժարական տալ, դուք նախագահի արդյունավետությունն ինչպես եք գնահատում՝ Թորոսյանը պատասխանեց, որ անցումային այս փուլում, իհարկե, եղել են թեթեւ ճգնաժամային իրավիճակներ, օրինակ, ԳՇ պետի ազատման շուրջ ճգնաժամը, նախագահն ուղարկեց ՍԴ ու ինքը փաստացի չստորագրեց, հետո ՍԴ-ն հակասահմանադրական չճանաչեց:

Արսեն Թորոսյանը բացառում է, որ ճնշումներ կարող են լինել Արմեն Սարգսյանի վրա, նա ասաց, որ այս պահին փոխհրաձգության մեջ չէին նախագահի ինստիտուտի հետ: Թորոսյանն ասաց, որ ՀՀ նախագահը կողմ էր սահմանադրական փոփոխություններին, կառավարության հետ փոխըմբռնում չկար. «Մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ավելի ժողովրդավարական է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու հարց այս պահին չկա ու չեմ կարծում, որ կլինեն: Չեմ կարծում, որ նախագահի հրաժարականը որեւէ կեր կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31