Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, Արցախում մեկ հայ չի մնա». Դավիթ Բաբայան

Փետրվար 02,2022 23:50

«Թեև Արցախի տարածքի 20 տոկոսն է մնացել, բայց նույնիսկ այս իրավիճակում մենք մեծ դերակատարություն ունենք աշխարհում: Եթե Արցախը չլինի, ամբողջ Անդրկովկասը կանցնի Թուրքիայի տիրապետության տակ»,- «Արցախի ներկան և ապագայի տեսլականը» թեմայով առցանց քննարկման ընթացքում, որին մասնակցում էին սփյուռքահայ մամուլի ներկայացուցիչներ, հայտարարեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Արցախի ներկան և ապագայի տեսլականը» թեմայով առցանց քննարկման նախաձեռնությունը ՌԱԿ-ի համադրված մամուլինն է, որի շարքերում են մի շարք հայկական պարբերականներ աշխարհի տարբեր երկրներում: Առցանց քննարկման մասնակիցները սփյուռքի հայկական պարբերականների խմբագիրներ էին, լրատվամիջոցների այլ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք հետաքրքրված էին Արցախի ապագայով, Արցախում կայունությամբ, ներկայիս հումանիտար իրավիճակով:

Սփյուռքի մամուլի ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ եթե Արցախի քաղաքացիները ՌԴ քաղաքացիություն ստանան, նորի՞ց Ադրբեջանի կազմում հայտնվելու վտանգի առաջ կկանգնեն, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Խնդիրը ՌԴ քաղաքացիությունը չէ: Ռուսական քաղաքացիություն ստանալը հիմա շատ ավելի հեշտ է: ՌԴ-ն ազատականացրել է քաղաքացիություն ստանալու կարգը: Այն մարդիկ, որոնք ծնվել են Խորհրդային Հայաստանում, նրանց ծնողներն են ծնվել այնտեղ, կարող են դիմել ու ստանալ ՌԴ քաղաքացիություն: Սակայն խնդիրն այն է, որ մեզ համար կարմիր գիծ է Ադրբեջանի հետ իր կազմում լինելու հարցը: Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում. դա հնարավոր չէ: Մենք իրենցից ենք պրծել՝ այն էլ խորհրդային տարիներին, երբ իրավիճակն անհամեմատելի էր: Այն ժամանակ Ադրբեջանն անկախ չէր, Խորհրդային Միությունը հզոր բռունցք էր, որը տեղում ճնշում էր ցանկացած ազգայնականություն: Հիմա Ադրբեջանն անկախ երկիր է, և այնտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է: Ադրբեջանը նաև բազմազգ երկիր է: Առանց էմոցիաների պետք է հասկանանք՝ ինչ է Ադրբեջանը»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է պատկերացնում Արցախի ապագան մեկ տարի հետո և առաջիկայում, Դավիթ Բաբայանը պատասխանեց.  «Եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, Արցախում մեկ հայ չի մնա, կամ էլ կռիվ է լինելու, հայաթափում: Ամենակարևորը ռազմաքաղաքական այդ հարցի կարգավորումն է: Մենք կողմնակից ենք, որ այս հարցի կարգավորումը լինի, պարզ է, որ 2025-ից հետո էլ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը կերկարաձգվի, որից հետո շատ կայուն է լինելու իրավիճակը»:

Մեկ այլ հարցի՝ հնարավոր համարո՞ւմ եք դիվանագիտական օղակներով Ադրբեջանի կողմից գրավված հայկական հողերի վերադարձ, Դավիթ Բաբայանն այսպես պատասխանեց. «Միգուցե ցավալի է, բայց ես չեմ հավատում, որ նման բան լինի:  Ցավալի է, բայց Ադրբեջանի մոտ հողի տենչն ավելի բարձր է, քան մեզ մոտ: Նրանք կամավոր անգամ մեկ միլիմետր չեն զիջելու: Կարող են փորձել խաբել մեզ՝ առաջարկեն՝ Հադրութը վերադարձնում են պայմանով, որ ինքնավարություն դառնա Ադրբեջանի կազմում, բայց հասկանալի է, որ այդ դեպքում ամեն ինչն իրենցը կլինի»:

Արցախի ապագայի մասին խոսելիս Դավիթ Բաբայանը հայտարարեց՝ պետք է խուսափենք ամենավատ սցենարից՝ Ադրբեջանի կազմ վերադարձից, քանի որ դա կլինի կործանում, իսկ թե մնացածն ինչ է լինելու, որ տարբերակն ենք ընտրելու, դա ըստ Դավիթ Բաբայանի՝ կախված է և′ մեզնից, և′ բազմաթիվ այլ գործընթացներից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28