Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ համար դա շատ վատ անցած հիշողություն է, որը հիմա չի կարող լինել ուղղակի». Ռուստամ Բադասյան

Փետրվար 24,2022 21:12

«Աղքատությունը երբեք ինքը իրեն չի վերանում, պետության քաղաքականություն պետք է լինի: Հասարակ բան՝ եկամտահարկի համահարթ հարթումը բերեց նրան, որ ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ է՛լ ավելի մեծացավ: Աղքատությունը դրանով ավելի մեծացավ: Կամ ամենաշքեղ տներ ունեցողների վրա գույքահարկը անհամեմատ ավելի փոքր է, քան միջին եւ աղքատ խավի վրա: Գալով  իշխանության սոցիալ-պոպուլիստական լոզունգներով՝ իրենց ամբողջ քաղաքականությունը ուղղված է այդ խոցելի խավերի դեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեզ հետ զրույցում հակադարձեց. «Համահարթեցումը նպաստել է, որպեսզի ստվերից դուրս գան աշխատատեղեր, ունենանք աշխատանքային ֆոնդի բարձրացում, չնայած նրան, որ եկամտային հարկի դրույքաչափերը նվազել են, ունենանք նաեւ եկամտային հարկի մասով հավելյալ մուտքեր պետական բյուջե: Շատ կարեւոր բան էլ պետք է հաշվի առնել՝ պրոգրեսիվ մոտեցումից համահարթ մոտեցման դեպքում մենք ունեինք շատ մեծ քանակով ստվեր ու սա նպաստել է նրան, որ ստվերից դուրս գան այդ աշխատատեղերը: Մենք չունեինք այնքան հավաստի տվյալներ աշխատողների քանակի եւ նրանց ստացած իրական աշխատավարձի մասին, իսկ հիմա ունենք: Իսկ գնահատականը, որ սա հարուստների եւ աղքատների  միջեւ մեծացրել է տարբերությունը, չեմ կիսում բացարձակ՝ վերը նշված պատճառներով»:

Ներկայիս իշխանությունը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություններին, որ մենաշնորհատերերի շահերն է պաշտպանում, սահմանին խոչընդոտներ են ստեղծվում այլ ընկերությունների՝ մոնոպոլ շուկաներ մուտք գործելու ու ապրանքներ ներկրելու համար: Հիմա էլ ներկայիս ընդդիմությունն է մեղադրում գործող իշխանություններին: Արթուր Խաչատրյանի խոսքով՝ «Հիմա ասում են՝ ով ուզի, կարող է բերի շաքարավազ, բայց բերո՞ւմ է, թե՞ չէ: Վառելանյութի շուկան, որ նայենք, ընդամենը 1 նոր խաղացող է մտել վառելանյութի շուկա, բայց այդ ընկերության միակ պայմանագիրը ՊՆ-ի հետ է: Այնպես որ դա էլ շատ հարաբերական է: Իրենք  ասում են՝ շուկան բաց է, կարող են մտնել, բայց եթե որեւէ մեկը չի մտնում, նշանակում է շուկան այդքան էլ բաց չի»:

Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Դուք լսե՞լ եք որեւէ դեպք, որ որեւէ տնտեսվարող որեւէ ապրանք կարողանա ներկրել Հայաստան եւ ասի, որ խնդիրներ ունի, մաքսայինը չի թողնում: Իմ համար դա շատ վատ անցած հիշողություն է, որը չի կարող հիմա լինել ուղղակի: Չի կարող նման դեպք լինել, որ տնտեսվարողն ինչ-որ ապրանք ցանկություն ունենա ներմուծելու եւ պետությունը խոչընդոտի»:

Դիտարկմանը, որ նախկինում էլ թղթերով ամեն ինչ նորմալ էր՝ Բադասյանը պատասխանեց. «Թղթերով նորմալ էր, բայց իրական կյանքն էլ էիք տեսնում: Որեւէ նման դեպք ձեզ հայտնի՞ է, որեւէ տնտեսվարող ձեզ դիմել է, ասել է՝ ես այդպիսի խնդի՞ր ունեմ: Ես դա բացառում եմ»:

ՊԵԿ նախագահը հորդորեց Արթուր Խաչատրյանին կոնկրետ օրինակներ բերել, թե իշխանության կոնկրետ ո՞ր ճյուղն ու ինչպե՞ս  նպաստում մենաշնորհատերերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28