Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ստորագրված հռչակագիրը լուրջ վտանգ է Հայաստանի համար. Դավիթ Շահնազարյան. News.am

Փետրվար 25,2022 21:21

Մեզ համար շատ վտանգավոր հռչակագրում, որը ստորագրվեց Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, անընդունելի կետեր կան, օրինակ՝ անջատողականության դեմ պայքարը։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը: Հռչակագիրը, նրա խոսքով, հակասում է Հայաստանի, բայց ոչ Հայաստանի իշխանությունների շահերին։

«Պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները դաշնակցի հետ հարաբերությունները զրոյական մակարդակի են հասցրել, ամեն ինչ կարելի է սպասել։ Ռուսաստանը միշտ առաջնորդվում է իր շահերով, իսկ դաշնակիցը պետք է կարողանա բացատրել իր շահերը։ Այնտեղ, որտեղ դրանք համընկնում են, խորացնել, իսկ որտեղ՝ ոչ, բանակցություններ վարել: Մոսկվան տարածաշրջանում երկրորդ դաշնակից ձեռք բերեց՝ ի դեմս Ադրբեջանի: Իսկ Ալիեւը հայտարարեց եռանկյունու մասին, դրանում ներառելով նաեւ Անկարային։ Եթե ​​Հայաստանի իշխանությունները Արցախի հարցը լուծված են համարում, ապա իրադարձությունների նման զարգացումը բնական է։

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ առայժմ ընթանում է ի վնաս Հայաստանի շահերի, եւ դրանում առաջին ջութակը նվագում են մեր երկրի իշխանությունները։ Էրդողանը, Ալիեւը եւ Փաշինյանը մեկ թիմ են, բայց ուկրաինական պատերազմից հետո գործընթացները կարող են էապես փոխել իրավիճակը տարածաշրջանում, կարող են շանսեր հայտնվել: Սակայն Հայաստանում չկա մի ուժ, որը կարող է օգտվել դրանցից, եւ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը շատ ավելի կործանարար է լինելու, քան նրա սանձազերծած պատերազմը»,- ասաց Շահնազարյանը։

Նա հայ-թուրքական կարգավորման ներկա փուլի օրակարգը եւ սահմանների հնարավոր բացումն աղետալի գործընթաց համարեց Հայաստանի համար, քանի որ Թուրքիան չի թաքցնում, որ Հայաստանը կամ պետք է լինի իր վասալը, կամ ընդհանրապես չպետք է լինի: «Սա պետք է դադարեցվի իշխանափոխությամբ։ Այս ամենը գոյաբանական սպառնալիք է մեզ համար։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, իսկ սահմանազատման եւ այլ հարցերը օրակարգից հանում են արցախյան հարցը»,- ասաց ՀՀ ԱԱԽ նախկին տնօրենը։

Մեկ-երկու քաղաքական ուժ Հայաստանում, նրա խոսքով, կարող էին գնալ այն պատմական քայլին, որը պահանջվում է։ «Պետություններին ոչ թե ժողովուրդը, այլ էլիտաները կփրկեն։ Շեշտը պետք է դրվի բնակչության գիտակից հատվածի վրա։ Մենք պատմական աղետի վիճակում ենք, բայց ոչ բոլորն են դա գիտակցում։ Ի՞նչ է լինելու թյուրքական աշխարհի հետ, ինչպե՞ս կվարվի Թուրքիան Հարավային Կովկասում. այս հարցերի պատասխանն այսօր նույնիսկ Անկարան չունի։ Սակայն մի քանի օրից շատ բան պարզ կդառնա։

2020թ. նոյեմբերի 9-ից հետո ես ասացի, որ ռուս-թուրքական ձեւաչափն ի վիճակի չէ անվտանգություն ու կայունություն ապահովել մեր տարածաշրջանում, ինչն արդեն իրեն զգացնել է տալիս։ Ուկրաինայի իրադարձությունները կազդեն նաեւ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վրա»,- եզրափակեց Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28