Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի անգործությունը պետությանն ահռելի վնաս տվեց»․ Վահագն Խաչատրյանը չի պատկերացնում, որ ինքը կդիմի «ակտիվ անգործության»

Մարտ 03,2022 12:16 Share

«Դուք հետաքրքիր դրվագ մեջբերեցիք Ռոբերտ Քոչարյանի անգործությունից։ Հիշում եմ, որ այդ դրվագը հիշատակվում էր անգամ համալսարանական քննարկումներում։ Պատգամավորները դիմել էին նախագահին, որ արտահերթ նիստ հրավիրի, բայց նախագահը չարձագանքեց, եւ դա դիտարկվեց որպես անգործություն։ ՍԴ-ում հարցը չքննարկվեց, որովհետեւ դատարանը չուներ լիազորություն՝ քննարկելու նախագահի անգործությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի ժամանակ դիմելով նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Բարեբախտաբար, նոր կարգավորումներում այս հարցը կա։ Բայց այլ բան եմ ուզում հարցնել։ Նախագահը կարող է օրենքները ստորագրել կամ դիմել ՍԴ։ Որպես վթարային ելք է նախատեսված անգործությունը, որի դեպքում 21 օր անց ստորագրելու իրավասությունը վերապահվում է ԱԺ նախագահին։ Ցավոք, վերջին շրջանում բախվել ենք ակտիվ անգործության դեպքերի հետ, երբ նախագահը հայտարարում էր, որ դրսեւորելու է անգործություն։ ԱԺ-ն չէր հասկանում՝ ինչ անել։ Այս վթարային ելքին դուք ինչպե՞ս եք վերաբերվում եւ նախատեսո՞ւմ եք ակտիվ անգործությունը կիրառել եւ հայտարարել, որ չեք անելու»,-հարցրեց Վարդանյանը։

Վահագն Խաչատրյանը հարցը հետաքրքիր որակեց եւ անկեղծացավ․ «Անգամ չեմ պատկերացնում՝ ի՞նչ իրավիճակում պետք է հայտնվենք, որ նման բան հայտարարեմ։ Ի վերջո, նախագահի լիազորությունները հստակ են։ Նման անգործությունն իմ համար անընդունելի է։ Այսինքն, երեք ելք կա՝ ստորագրել, ուղարկել ՍԴ կամ ակտիվ անգործություն դրսեւորել։ Չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանի դեպքում ո՞րն էր, ակտի՞վ, թե պասիվ, բայց այդ անգործությունը պետությանն ահռելի վնաս տվեց։ Իմ մտքով անգամ չի անցնում, որ նման իրավիճակ կլինի, որ կարիք կլինի ակտիվ անգործության։ Գտնում եմ, որ դա ավելի շատ քաղաքական քայլ էր։ Նախագահը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, եւ կարելի է համարել, որ դա անգամ իրավազանցություն էր»։

Ինչպես հայտնել էինք, ՔՊ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։ Քվեարկությանը մասնակցել էր միայն ՔՊ-ն։ Ընթանում է ընտրության երկրորդ փուլը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031