Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է». հրատարակվել է Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը

Մարտ 03,2022 13:04

«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է»
Հովհ. Այվազովսկի

Օրերս Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը։ Գիրքը կազմել է ՀԱԳ աշխատակից Աիդա Ադամյանը, խմբագրել՝ Դավիթ Մկր. Սարգսյանը։

Գիրքը հասանելի է էլեկտրոնային ձևաչափով՝ ՀԱԳ www.nla.am կայքի ՀԱԳ հրատարակություններ բաժնում։

Ներկայացվող կենսամատենագիտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որը նվիրված է Վարդգես Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությանը: Այն համակողմանի և ամբողջական ուղեցույց և բանալի է դեպի նրա զարմանահրաշ աշխարհը, և նախատեսված է արվեստագետների, արվեստասերների, պատմաբանների, ուսանողների, Սուրենյանցի բազմաժանր ու բազմաբնույթ ստեղծագործությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակների համար:

Սույն կենսամատենագիտության մեջ ամփոփված են հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան, պատմաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյութերը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային փաստաթղթեր և ոչ գրքային հրատարակություններ: Ներկայացված է նաև նկարչի արխիվը, որը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Հայաստանի ազգային արխիվում:

Տիրապետելով տասը լեզվի՝ Սուրենյանցն ուսումնասիրել է տարբեր ազգերի մշակույթները։ Ժամանակակիցների վկայությամբ` բազմակողմանի զարգացած այդ բացառիկ մտավորականը պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր ասմունքում, անգլերենից թարգմանում էր Վիլյամ Շեքսպիրև Օսկար Ուայլդ, իտալերեն՝ զեկուցումներ կարդում, գերմաներեն գրում գրքերի առաջաբաններ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինիհետ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փրկված գաղթականների հետ։

Սուրենյանցը Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում: Մյունխենից վերադառնալուց հետո մասնակցել է դեպի Պարսկաստանկազմակերպված գիտարշավին։

Վարդգես Սուրենյանցն ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը և այդ ամենն արտացոլել իր ստեղծագործություններում։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուցևս լսել եմ»։

Վարդգես Սուրենյանցի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունն ամբողջությամբ դեռևս չի դարձել համակողմանի հետազոտման, ուսումնասիրման առարկա: Հուսով ենք, որ սույն կենսամատենագիտության լույս ընծայումից հետո, շատ հայ արվեստագետներ կանդրադառնան նրա մասին եղած հարուստ գրականությանը և հայ մշակույթի Ոսկե ֆոնդը կհարստացնեն հանճարեղ հային նվիրված նորանոր ուսումնասիրություններով: Իսկ այդ հանձնառությունն իրականացնելու գործում իր անփոխարինելի դերակատարությունը, անշուշտ, կունենա ներկայիս մատենագիտական աշխատանքը:

Վարդգես Սուրենյանց: Կենսամատենագիտություն / Կազմ.` Աիդա Ադամյան; Խմբագիր՝ Դավիթ Մկր Սարգսյան. – Եր.: Հայաստանի ազգային գրադարան, 2021. – 171 էջ:

Հայաստանի ազգային գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031