Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսե՞լ եք բակերում ինչ է կատարվում․ 13-14 տարեկանները ծխում են»․ Գեղամ Նազարյան

Մարտ 09,2022 13:49 Share

«Ոչ թե Եվրոպայից անհեթեթ օրենքներ պետք է բերել, այլ իրականում աշխատել՝ սկսած դպրոցից։ Տեսե՞լ եք երեւանյան բակերում եւ փողոցներում ինչ է կատարվում․ ծխում են ոչ միայն ծխախոտ, այլեւ շատ ավելի վտանգավոր բաներ։ Բենզինի մասին էլ շատերդ լսած կլինեք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝  նրանք, որոնք պարունակում են նիկոտին եւ աշխատում են ոչ միայն լուծույթի, այլեւ պինդ նյութի գոլորշիացմամբ։

Գեղամ Նազարյանը դիմեց հարցի զեկուցող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին․ «Բա դրա դեմ ո՞նց եք պայքարելու։ Մեր սերունդը մի ժամանակ եկավ մի փուլի, երբ չէր ծխում։ Հիմա նորից բոլորը ծխում են։ Փողոցներում 13-14 տարեկանները ծխում են։ Արդեն աղջիկներն էլ են բացահայտ ծխում։ Նախարարությունը թող սրա մասին նախ մտածի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել