Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ ՌԴ-ն ԵԱՏՄ-ում առեւտրատնտեսական համագործակցության հիմնական կենտրոնն է, դոլարից, եվրոյից, ֆունտից հրաժարումը կանխորոշված է»․ԵՏՀ նախարար

Մարտ 22,2022 16:09

Համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Հարավարևելյան Ասիա` Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Կորեա։ Այս մասին այսօր «Սպուտնիկ- Արմենիա»-ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ – Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Սերգեյ Գլազեւը։

«Աշխարհում ի հայտ է եկել տնտեսական վերադասավորում, որը հիմնված է ռազմավարական պլանավորման համակցության վրա, որտեղ պետությունը նպատակներ է դնում եւ շուկայական տնտեսությունը վերահսկվում է։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում բիզնեսը զբաղվում է հանրային բարեկեցության աճի ապահովմամբ, իսկ պետությունը, որպես կարգավորող, ապահովում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը եւ ռեսուրսներ է տրամադրում ձեռներեցներին՝ խթանելով արտադրության զարգացումը՝ ամեն կերպ աջակցելով ձեռնարկատիրական գործունեությանը։ Այն նաեւ արգելափակում է մասնավոր գործունեության այն տեսակները, որոնք առաջացնում են ապակայունացում կամ կապիտալի արտահոսք եւ տնտեսության վերարտադրությունը խաթարում են»,-ասաց Գլազեւը։

Նա օրինակներ բերեց, թե որ երկրներ են յուրացրել այս նոր համաշխարհային տնտեսական կարգը․«Չինաստանն ու Հնդկաստանը վստահորեն առաջնորդում են համաշխարհային տնտեսական զարգացումը։ Համաշխարհային տնտեսական այս ծրագրի որոշ տարրեր նախկինում յուրացվել են Ճապոնիայում եւ Խորհրդային Միությունում»:

Նախարարի ներկայացմամբ՝ տնտեսական այդ նոր վերադասավորվածության մեջ ազգային եւ մասնավոր ձեռնարկությունները, որոնք պետական կարգավորման կանոնները չեն խախտում, ստանում են անսահմանափակ աջակցություն այնքանով, որքանով որ հաջողության են հասնում։ Նա որպես օրինակ բերեց չինական «Huawei» եւ «Xiaomi» ընկերությունները, որոնք աճել են գրեթե զրոյից․ «Ընդ որում, պետությունն ապահովում է գների կայունությունն ու վերահսկողությունը տնտեսության հիմնական ոլորտների նկատմամբ, որոնք ապահովում են հումք, վառելիք եւ էներգիա։ Ահա այսպիսի խառը, պլանավորված շուկայական տնտեսությունն այսօր ապացուցում է իր առավելությունները, եւ համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվում է Հարավարևելյան Ասիա։ Այն կենտրոն է, որը ներառում է Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան եւ Կորեան եւ այսպես ասած՝ Հնդկաչինի երկրները։ Այսօր նրանք միասին արտադրության ծավալով գերազանցում են ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին։ Անկասկած, համաշխարհային տնտեսության հետագա զարգացումն այս ուղղությամբ է գնալու»։

Գլազեւն ասաց, որ ԵԱՏՄ-ն պետք է հնարավորինս շուտ յուրացնի համաշխարհային նոր տնտեսական համակարգերը, մեծացնի տեխնոլոգիական արտադրությունը․«Իսկ այս պատժամիջոցային ճնշումները, որոնք կիրառվում է Ռուսաստանի, Բելառուսի եւ ողջ ԵԱՏՄ-ի վրա, միայն արագացնում է այս անցումը։ Այսօր այդ պատժամիջոցները դոլարն ու եվրոն վերածել են «աղբի արժույթի», գոնե Ռուսաստանի համար։ Քանի որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՏՄ-ի առեւտրատնտեսական համագործակցության հիմնական կենտրոնը, մեր փոխհարաբերություններում դոլարից, եվրոյից, ֆունտից հրաժարումը կանխորոշված էր հենց պատժամիջոցներ կիրառողների կողմից։ Մեր երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կտրուկ արագացրեցին անցումը նոր համաշխարհային տնտեսական դասավորվածությանը եւ խթանեցին ռեսուրսների եւ առեւտրի հոսքը դեպի ասիական ուղղությամբ համագործակցություն։ Մենք աշխարհում այլեւս չենք ունենա մեր մասնավոր պահուստային արժույթները, նոր համաշխարհային ֆինանսական ճարտարապետության միջազգային պայմանագիրը պատրաստելիս՝ մենք պետք է մտածենք ազգային արժույթներին անցնելու մասին»։

ԵՏՀ նախարարը նշեց, որ տեղի են ունենում աշխարհակարգի ֆինանսական պատկերի հիմնարար փոփոխություններ, որին ԵԱՏՄ-ն պատրաստվել է դեռ 2014-ին՝ արեւմտյան առաջին պատժամիջոցներից հետո։

Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովն, ինչպես ասաց Գլազեւը, աշխատում է ԵԱՏՄ բիրժային տարածքի հայեցակարգի վրա, որտեղ կներգրավվեն ազգային արժույթներով գնագոյացման սեփական մեխանիզմները․«Տնտեսության գործունեության համար մենք պետք է ձեւավորենք լիարժեք ենթակառուցվածք, պայմաններ ստեղծենք տնտեսությունը ազգային արժույթով հագեցնելու համար, իրականացնենք նպատակային վարկավորման գործիքներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031