Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք մարդկային բավարար կապիտալ, որը կմտածի ռազմավարական մակարդակով». Սերոբ Խաչատրյան

Մարտ 30,2022 13:38

«Արդեն ունենք մինչեւ 2030թ ծրագրի նախագիծը: Այն փետրվար ամսին ներկայացվեց հանրային քննարկման եւ հիմա ԿԳՄՍ նախարարությունը հավանաբար քննարկումներ է անում այդ փոփոխությունների հիման վրա: Առաջիկայում էլ կներկայացվի կառավարություն, այնուհետեւ ԱԺ»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Կրթության և գիտության ռազմավարություն. ինչո՞ւ մինչ օրս չունենք» թեմայով քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը;

Նրա խոսքով. «Ծրագրի հետ կապված չարչրկված գործընթաց եղավ, որը սկսվել էր դեռեւս 2015 թվականից: Այդ ժամանակ սկսվեց 2016-25թթ ծրագրի մշակումը, հետո եղան 3-4 նախագծեր: Դրանցից մեկը նույնիսկ հասավ հանրային քննարկման նախնական փուլերի: Սակայն, 2018թ.-ից հետո նախագիծը չեղյալ հայտարարվեց, եւ սկսվեցին նոր գործընթացներ, տարբեր վայրիվերումներ: Եղավ մի պահ, որ ԿԳՄՍ նախարարությունն ասում էր` գուցե մեզ պետք չէ ունենալ ռազմավարություն, մենք կփորձենք կառավարության ծրագրերով համակարգը կարգավորել, բայց ի վերջո որոշվեց, այնուամենայնիվ, ունենալ այդ ռազմավարությունը»:

Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյանը մտահոգված է. «Սա առաջին դեպքը չէ, մենք այսպիսի մեծ ընդմիջում ունեցել ենք նաեւ 2006-2010թթ, երբ 5 տարի անընդհատ մշակվում էր ծրագիրը: Եվ հիմա կարծես թե նույնն է ստացվել. մենք 5 տարի ծրագիր ենք ունենում, հետո 5 տարի մշակում ենք հաջորդ ծրագիրը ու այսպես շարունակ… Այսինքն, բավական լուրջ ձեւով խախտել ենք օրենքը, որովհետեւ ծրագիր ունենալը նախ եւ առաջ օրենքի պահանջ է:

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այսպես լինում, ինչու է նախարարությունն անընդհատ ձգձգում, ուշացնում այս փաստաթղթի պատրաստումը… Ես հետեւել եմ այս պրոցեսներին, նախկինում մասնակցել որոշակի փուլերի: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ չունենք մարդկային բավարար կապիտալ, որը կմտածի ռազմավարական մակարդակով: Ավելին, նույնիսկ ռազմավարական մակարդակն էլ բավարար չէ, մեզ պետք են մարդիկ, որոնք ոչ միայն կմտածեն ռազմավարական մակարդակով, այլ կպատկերացնեն դրա իրականացումը տեղերում»:

Կրթության փորձագետը փաստում է. «ԿԳՄՍ նախարարությունը տարբեր փուլերում հրավիրել է փորձագետների, որոնք աշխատել են տարբեր փաստաթղթերի վրա, բայց այդ մոտեցումը միշտ չէ որ արդարացնում է: Փորձագետներն իրենց աշխատանքը կատարում են, ու երբ պայմանագիրը լրանում է՝ իրենք գնում են: Մինչդեռ շատ կարեւոր է ներսի ինստիտուցիոնալ կարողությունը, որ այդ փաստաթուղթը տանի մինչեւ վերջ եւ իրականացնի…Կա նաեւ հարցի մյուս կողմը` կարող է ընդունվել հրաշալի փաստաթուղթ, որը այդպես էլ չիրականացվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031