Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայ նկարիչներն անթույլատրելի են համարում Դեգայի ռուս պարուհիներին ուկրաինացի դարձնելը

Ապրիլ 04,2022 16:23

Guardian-ի փոխանցմամբ, Լոնդոնի ազգային պատկերասրահը ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը անվանափոխել է «Ուկրաինացի պարուհիների»:

Արամ Իսաբեկյան

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանն ասաց, որ շատ վատ է վերաբերվում նման երեւույթներին, երբ քաղաքականությունը խառնում են արվեստի հետ. «Շատ վատ է, ու կապ չունի՝ մեզ մոտ է, թե ուրիշների…Ցավոք, ամբողջ աշխարհը խառնվել է իրար: Քաղաքականության մեջ ես որեւէ դրական բան չեմ տեսնում, դրա պատճառով տուժում են եւ մարդիկ, եւ արվեստը»:

Փարավոն Միրզոյան

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը եւս անթույլատրելի է համարում այս քայլը. «Իմ կարծիքով դա անբարոյականություն է, որեւէ մեկն իրավունք չունի հեղինակի գործի հետ կապված որեւէ փոփոխություն անելու…Արդեն 150 տարի է անցել այդ կտավի ստեղծումից, ու հիմա վերցնել ու փոխելը թույլատրելի չէ»:

Արվեստի շուկայի փորձագետ Դմիտրի Բուտկեւիչը անդրադառնալով թեմային, գրել էր, որ Դեգան այն ժամանակ նկարել է Դյագիլեւյան ռուսական բալետի պարուհիներին, հետեւաբար ուկրաինուհիների մասին խոսք լինել չէր կարող:

Ավելի վաղ ուկրաինացի նկարիչ Միրիամ Նայեմն էլ նամակներ էր գրել աշխարհի տարբեր երկրների թանգարանների, այդ թվում` Լոս Անջելեսի Գեթի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարաններ եւ Լոնդոնի ազգային պատկերասրահ, որտեղ ներկայացված են Դեգայի պարուհիները ու նշել, որ նրանք ուկրաինական հագուստներով են, նաեւ խնդրել էր անվանափոխել: Ու ահա առաջին դրական արձագանքը Լոնդոնից է ստացվել: Պատկերասրահի կայքում եւս փոփոխությունը կատարված է, 1917թ վախճանված Դեգան տեղյակ չէ, թե ինչ ճակատագրի են արժանանում իր գործերը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930