Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով:
Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ Աստվածածինը մաքուր սրտից բխած հավատքի ու ներշնչման աղբյուր է բոլորի համար և օրինակ, որ հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների առջև։
Ավետման տոնը իր կենսատու խորհրդով տարիներ առաջ հռչակել ենք որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը և բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու և մեծացնելու ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ։
Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն և օրհնյալ կյանք պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝ արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը։
Կարդացեք նաև
Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին