Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ իրենց շահերից երկու երկրները պետք է զորավիգ լինեն միմյանց». Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Ապրիլ 07,2022 15:14

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։


Ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորեց նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը, անդրադառնալով անկախության տարիներին երկու երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, նկատեց, որ հայ և վրաց ժողովուրդները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները:


Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու երկրները անկախ իրենց շահերից և դիրքորոշումներից պետք է զորավիգ լինեն միմյանց հանուն հավատակից եղբայր ժողովուրդների բարօրության և անվտանգության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պարոն Պապուաշվիլիի, իր երախտագիտությունը հայտնեց վրաց իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, Նորաշենի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների ամրակայման աշխատանքների, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի և այն երկու երկրների զարգացման ամենակարևոր գրավականն է: Պարոն Պապուաշվիլին նաև գոհունակությամբ խոսեց այցի դրական արդյունքներից, երկու երկրների միջև առկա փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին՝ տեղեկացնելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահը ևս կարևորեց երկու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացումը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930