Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ գալիս են, շնորհակալություն են հայտնում, իրենց մոտ նոր հաճախորդներ են ավելացել». Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ծխելն արգելող օրենքի մասին

Ապրիլ 08,2022 16:53

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել հանրային սննդի փակ եւ բաց վայրերում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործման արգելքի մասին աղմկահարույց օրենքի շուրջ: Հիշեցնենք, որ մարտի 15-ից օրենքի այդ դրույթը մտել է ուժի մեջ ու արդեն խնդիրներ են նկատվում՝ կիրառման հետ կապված:

Փաբերից մեկի հիմնադիր Մանուկ Սուքիասյանն ասաց, որ ոլորտն ունի 20-25% անկում ու կարող է ոլորտը տանել լիկվիդացիայի. «Փաբերում ընդունված է ծխել, խմել, պարել, սնունդը 20% է, ով չի ուզում այդ օդը շնչել՝ կարող է չգալ»: Ըստ նրա, պետք է հանրային սննդի ենթատեսակներ սահմանել:

Անի Իսպիրյան

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն ասաց, որ դրական կարծիքներ են լսում, մարդիկ գալիս են, շնորհակալություն են հայտնում, որովհետեւ իրենց մոտ նոր հաճախորդներ են ավելացել:

Քննարկմանը ներկա տնտեսվարողները բարկացան. «Կներեք էլի, չգիտենք ով ումից է շնորհակալություն հայտնում, մենք չունենք շնորհակալություն հայտնելու, որովհետեւ մեր շրջանառությունը նվազել է: Ես էլ չեմ ծխում ու շատ գոհ եմ, որ փակ տարածքում ծխած չի, բայց իմ բիզնեսը տուժում է, որովհետեւ գտնվում է մի վայրում, որտեղ դու պետք է դուրս գաս շենքից, կտրես 150 մետր, որ կարողանաս ծխել: Ինչո՞ւ է այս օրենքով փոխարինիչներն էլ արգելվում, եթե չունեն ծուխ ու երկրորդային վնաս»:

Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ եթե երկու հոգով գնում են ռեստորան ու մեկը ծխող չի, գնալու են այն ռեստորան, որտեղ ծխողը կարողանալու է ծխել. «Առանձին տուրք սահմանենք քմ-ով, որ այս հատվածները, որտեղ կարող են ծխել, թանկ լինի, այդ տուրքը ի վերջո ապրանքի արժեքի մեջ է մտնելու, տեսնենք քանի՞ անգամ են պատրաստ ծխողի հետ գնալ այդ ռեստորան»:

Փոխնախարարն ասաց, թե օրենքները չպետք է փոփոխվեն շաբաթը մեկ, օտարերկրյա ներդրողներին պետք է կանխատեսելիություն ապահովենք. «Այս օրենքի նախագիծը չի եղել էկոնոմիկայի նախարարությանը, միեւնույն ժամանակ մենք արդեն տեսնում ենք այս օրենքի դրական ազդեցությունը»:

Տնտեսվարողները հակադարձեցին. «Ի՞նչ դրական ազդեցության մասին է խոսքը: Օրենքով տեսեք ինչ է եղել՝ օդանավակայանում 6 տնտեսվարողից վերցվել է ծխախոտ վաճառելու իրավունքը, տրվել է մեկ տնտեսվարողի: Ինչո՞վ է օդանավակայանի փոքր խանութը տարբերվում «Երեւան սիթի»-ից, ՍԱՍ»-ից, «Պարմա»-ից, կամ մեր շենքի տակի Գեւորիկի բուդկից, որոնց կարելի է թեկուզ փակ վիճակում ծխախոտ վաճառել, մեզ չի կարելի: Մենք տարեկան կորցնում ենք մոտ 350-400 մլն-ի շրջանառություն, այդքան հարկ չի մտնում բյուջե, դրա դրական կողմը կարո՞ղ եք բացատրել որն է: Այսպես թե այնպես չեն ծխում, օդանավակայանից առեւտուր են անում հիմնականում տուրիստները, որոնք երկրից դուրս են գնում ու մեր համար մեկ է՝ իրենք կծխեն, թե չեն ծխի»:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ փակ տարածքների մասով թեման փակ է, մյուս քննադատությունների հետ կապված կարելի է քննարկել, բայց պետք է նկատի ունենալ՝ երբ տնտեսական կողմին են ուշադրություն դարձնում, առողջապահական հարցերն են անուշադրության մատնվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930