Լրահոս
Օրվա լրահոսը

70-ամյակը մեկնակետ է հաջորդ անելիքների համար. նշվեց Լեւոն Չուգասզյանի տարեդարձը

Ապրիլ 11,2022 18:33

Էսթեր Աբրահամյանը սիրելի պրոֆեսորին բնորոշեց որպես արվեստաբանության դպրոցի ձեւավորման եւ պահպանման խարիսխ

Երեւանի պետական համալսարանում նշվեց անվանի գիտնական, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ, Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի հիմնադիր, վարիչ, նաև արվեստաբանության բաժնի հիմնադիր Լևոն Չուգասզյանի ծննդյան 70-րդ տարեդարձը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը անդրադարձավ Չուգասզյանի անցած ճանապարհին, կարեւորեց նրա կողմից ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի հիմնադրումը: Ի թիվս այլնի` խոսեց գիտնականի մենագրություններից, որոնք որակեց նոր խոսք եւ մեծ արժեք ունեցող ներդրում արվեստագիտության եւ հայ արվեստի պատմության մեջ:

ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն ընդգծեց, որ Լեւոն Չուգասզյանը մեծ վաստակ ունի հայկական միջնադարյան մանրանկարչության հանրահռչակելու առումով: Նա հոբելյարին Հայ երաժշտության հանրագիտարան նվիրեց` մաղթանքով, որ առաջիկայում ունենանք նաեւ հայ կերպարվեստի հանրագիտարան: Աննա Ասատրյանն ասաց, որ Հայ երաժշտության հանրագիտարանում տեղ է գտել հրապարակում նաեւ Լեւոն Չուգասզյանի բարեկամուհու`  Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի աստղերից Լիլի Չուգասզյանի մասին:

Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանն ասաց, որ 70-ամյակը մեկնակետ է հաջորդ անելիքների համար: Եղան նաեւ այլ` տեսաուղերձներ ու շնորհավորանքներ «դրսից», այդ թվում` ճանաչված գիտնականների ու հոգեւոր այրերի, Լեւոն Չուգասզյանի` Հայաստանից դուրս բնակվող ուսանողների:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն ընդգծեց, որ Լեւոն Չուգասզյանը մեծ դերակատարություն ունի նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի համալրման գործում: Նրա ջանքերով պատկերասրահը համալրվել է 10-ից ավելի ստեղծագործություններով, որոնց թվում արտասահմանյան երկրների գեղանկարչություն էր, նաեւ ուրարտական խեցեղենի մասունքներ:

Լեւոն Չուգասզյանի ուսանողներից Փորձագիտական կենտրոնի տնօրեն Էսթեր Աբրահամյանը սիրելի պրոֆեսորին բնորոշեց որպես արվեստաբանության դպրոցի ձեւավորման եւ պահպանման խարիսխ: Շնորհավորանքներ հղողները դատարկաձեռն չէին եկել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930