Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ սահմանամերձ Որոտանում․ Սյունիքը նորից միասնական է (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 19,2022 23:50

Գորիսի Որոտան բնակավայրում զուռնա դհոլն է հնչում։ Հակառակորդի հարեւանությամբ  ապրող որոտանցիները բնակարանամուտ են տոնում։ Գորիս համայնքի ֆինանսական միջոցներով Որոտանում համայնքային նշանակության չօգտագործվող երկհարկանի շենքը հիմնովին նորոգվել է։ Բնակարան ստացողներից  6 ընտանիքներից 3-ը՝ Արցախից տեղահանվածներ են, իսկ 3-ը՝ տեղացիներ։ Մեծ ու փոքր սյունեցիներ են հավաքվել սահմանապահ Որոտանում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ է մասնակցում բնակարանամուտին։ Բանալիների հանձնման պատիվը Սյունիքի մարզպետինն ու մարզի ներկա եւ նախկին համայնքների ղեկավարներինն է։

Բանալիները հանձնեցին Սիսիանի նախկին համայնքապետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքի ղեկավար, նախաձեռնության հեղինակ Առուշ Առուշանյանը, կալանավայրում գտնվող Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի  անունից՝ Քաջարանի համայնքապետի տեղակալ Զոհրապ Առաքելյանը։ Մեղրիի նախկին համայնքապետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը բանալին հանձնելով 44-օրյա պատերազմի մասնակից Կարեն Մարգարյանին՝ մաղթեց շատ տղաներ ունենալ։

Արցախից տեղահանված Համեստ Դալինյանը նույնպես նոր բնակարան ունեցավ։ «Ես շատ եմ սպասել այս պահին, կորցնելով ամեն ինչ՝ փարատել եմ իմ հույսերը՝ այս ձորակում, այսօր երազանքս կատարվեց; Ասում են՝ քո տունը քո ամրոցն է, ես ունեցա իմ ամրոցի բանալին։ Ցանկանում եմ բոլորը ստանան այսպիսի բանալիներ»,-նշեց տիկին Համեստը։

Շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրում է Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը՝ գյուղի փոքրիկների հետ։ Հյուրերն ու որոտանցիները իրար հերթ չտալով՝ մի բնակարանից մյուսն են մտնում՝ աչքալուսանք ու բարի բնակարանամուտ մաղթում։ 24-ամյս Կարեն Մարգարյանը 44-օրյա պատերազմին է մասնակցել։ Նրա մայրը՝ Նունե Բակունցն է պատմում՝ ամուսինը երիտասարդ հասակում է մահացել, միայնակ է մեծացրել որդուն ու աղջկան։

«Փայտե տնակում էինք ապրում, տարրական հարմարություններից զուրկ։ Կարենս պիտի ամուսնանա, տունն էր պետք։ Աշնանը համեցեք Որոտան՝ որդուս հարսանիքին»,-ասում է նա։ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը շնորհակալ է որոտանցիներին։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ մնացել ու ապրում եք այստեղ։ Հենց հերոսը՝ Դուք եք։ Ես ուզում եմ Որոտան համայնքի բոլոր բնակիչներին շնորհակալություն հայտնեմ իրենց հայրենասիրության համար»,-դիմելով հավաքվածներին՝ նշեց պատգամավորը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորելով Որոտանում բնակարանամուտը՝ վստահ է, որ սյունեցին մնալու  ու արարելու է Սյունիքում։ «Չափազանց կարեւոր է ամրագրել, որ սյունեցին մնում եւ  մնալու է Սյունիքում՝ արարելու է, երեխաներն են ծնվելու ու շատանալու են Սյունիքում։ Սյունիքը ինչպես  հազարամյակներ շարունակ ապացուցել է, եւ դեռ կապացուցի, որ ոչ ոք չի կարող կոտրել սյունեցու  ոգին, սյունեցու հպարտությունն ու խիզախությունը։ Այս տարի Շուռնուխում կունենանք 13 նոր տուն, բայց գիտեմ, որ Գորիսի համայնքապետարանը էլի ունի տներ՝ նորամուտ նշելու, եւ սա պիտի լինի շարունակական։ Միասնական լինենք, հավատանք մեկս մյուսին»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Ի դեպ՝ սահմանային Որոտանում բնակարանամուտը այլ խորհուրդ էլ ուներ․ ինչպես նկատեցին ներկաները՝ վերջին երկու տարում համայնքային եւ մարզային իշխանությունները, թերեւս այսպես  միասնական չէին եղել։

Հիշեցնենք, մարտի 3-ին Ռոբերտ Ղուկասյանը նշանակվելով  Սյունիքի մարզպետ, լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրել էր, որ ինքը պատրաստ է աշխատել մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ։ « Միասնականությամբ ենք միայն հաջողելու բոլոր ոլորտներում։ Կարծում եմ քաղաքականությունը պետք է տարանջատել միասնականությունից»,-այդ ժամանակ շեշտել էր Ռոբերտ Ղուկասյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930