Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդում է․ «Ողջունում ենք վարչապետի հայտարարությունը եւ կողմերին կոչ ենք անում հանդես գալ խաղաղությանն աջակցող նման ուղերձներով»

Ապրիլ 24,2022 13:12

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ես այստեղ եմ իմ հարգանքի տուրքը  մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերին եւ մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին։

«Նախագահ Բայդենը եւ նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանը ամբողջ աշխարհում, եւ սա նաեւ ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագահ Բայդենի հայտարարությունը համարում ենք շատ ազդեցիկ, ԱՄՆ-ն հուսով է, որ մյուս երկրներն էլ կմիանան Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությանը։ Այդ հայտարարությունների կարեւորությունն այն է, որ  մենք դրանով ճանաչում ենք Ցեղասպանության ճանաչման մասին 1915-ին տեղի ունեցած պատմական փաստը»,-ասաց դեսպանը:

Լրագրողի հարցին՝ 1915 թվականը միջազգային հանրության լռության հետեւանքով է տեղի ունեցել, կարելի է ասել, որ հիմա էլ նույնը կրկնվում է Արցախի դեպքում, ինչո՞ւ է միջազգային հանրությունը Արցախի դեպքում, երբ թուրք-ադրբեջանական կողմից կա ցեղասպանության վտանգը, լուռ հետեւում, դեսպանը պատասխանեց․«Մենք հանձնառու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում ե՛ւ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ե՛ւ որպես Միացյալ նահանգներ՝ Հայաստանի Հանարպետության բարեկամ եւ գործընկեր: Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման, ինչպես նաեւ միմյանց հետ շփումների մեջ լինել խաղաղության գործընթացը կերտելու համար: Մենք մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկանք,  որով ադրբեջանական զորքերի տեղաշարժի եւ իրավիճակի ապակայունացման ջանքերին էլ անդրադարձանք։ Եվ մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի եւ թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Կասկած չկա, որ խոսակցությունները, բանակցությունները դժվար կլինեն։ Սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձեւավորվել։ Ողջունում ենք վարչապետի՝ անցած շաբաթվա խոսքը եւ կարեւոր ենք համարում նրա այդ ուղերձը եւ բոլոր կողմերին կոչ ենք անում, որպեսզի հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930