Ապրիլի 23-ին ծառայության վայրից անհետացել էր 19-ամյա ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ ժամկետային զինծառայողն իրենց մոտ է: Անցյալ տարի ևս երկու զինվոր էր անհետացել ծառայության վայրից ու հայտնվել ադրբեջանական կողմում:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Ոչ կանոնադրային հարաբերությունները՝ զինված ուժերում. ո՞ւր մնացին ԶՈՒ բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը եւ Ժաննա Ալեքսանյանն անդրադարձան զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններին:
Արթուր Սաքունցն ասաց, որ մեր իրավիճակում գտնվող երկրներում, ներքաղաքական կյանքում անկայունությունը մեծ ազդեցություն է ունենում նաեւ ԶՈՒ-ում իրականացվող ծառայության վրա, թեեւ մինչեւ այդ էլ իրավապաշտպաններն արձանագրել էին զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրներ՝ մահացության, ինքնասպանության, հիվանդությունների եւ այլ դեպքերով, այն պարագայում, երբ հետպատերազմյան շրջանում մթնոլորտը վերականգնելու համար էլ ավելի մեծ ջանքեր են պահանջվում:
Իրավապաշտպանները տարակուսած են ՀՀ ԶՈՒ-ում բարեփոխումների իրականացման հետ կապված պաշտոնյաների հակասական հայտարարություններից:
Կարդացեք նաև
Ժաննա Ալեքսանյանը նաեւ տարակուսած է այն փաստից, որ կանոնադրական հարաբերություններում պատասխանատվության բեռը կրկին զինվորների վրա է, մինչդեռ սպայական կազմը, որի վրա պետք է լիներ հիմնական բեռը, չի երեւում:
«Գերությունից վերադարձավ զինվորը, որը Բաքվում խոշտանգումների է ենթարկվել, նրան առանց հոգեբանական օգնություն ցույց տալու, տարել՝ կանգնեցրել են սահմանին»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ ծնողների հետ կապի մեջ են եւ գիտեն, որ տվյալ մարդը հոգեբանական եւ ֆիզիկական վատ վիճակում է ու այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե ի՞նչն են բարեփոխում, ինչի՞ մասին են պաշտոնյաների հայտարարությունները:
Մեկ այլ զինվոր՝ Բաբկեն Մկրտչյանը, որը լուրջ առողջական խնդիրներ ունի, հրամանատարը որոշել է, որ նա «սիմուլյանտ» է եւ ուղարկել են «Արմավիր» ՔԿՀ: «Նրա կյանքը հազիվ փրկել են, 15 օր ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումից հետո, նորից տարել են ՔԿՀ»,- ահազանգեց իրավապաշտպանը՝ պնդելով, որ բարեփոխումների մասին խոսակցությունը ձեւական բնույթ են կրում, ինչը հուսահատեցնող է:
Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, վարչապետը պատասխանատու է բանակում ստեղծված իրավիճակի համար, որպես գերագույն հրամանատար եւ նկատում է, որ այս իշխանության շրջանում բանակում՝ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունները ավելացել են: Իր տպավորությամբ, բանակում անհասկանալի, քաոսային իրավիճակ է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի


















































