«Որքան անհնազանդության ակցիաների օրերը շատանում են, այնքան մենք տեսնում ենք, որ սովորական քաղաքացիներին չի հանդուրժում այդ ընդդիմություն կոչվածը: Իմ տպավորությունն այնպիսինն է, որ մի կերպ են զսպում իրենց բռնությունը գործադրելու… Բաղրամյան փողոցից դեռ հիշում ենք, թե ինչ ագրեսիա էր»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, անդրադառնալով ընդդիմության անհնազանդության ցույցերին, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Բանախոսի գնահատմամբ, իրադարձությունները գնալով բուռն են դառնում, ականատես ենք լինում ցուցարարների եւ ոստիկանների բախումներին, ոստիկանների կիրառած ուժին, որոնց արդյունքում, ցավոք տուժում են նաեւ լրագրողները եւ օպերատորները: Նա մտահոգություններ ունի, որ իրավիճակը ավելի կբարդանա, իսկ այն զսպելու տարբերակները ինքը չգիտի:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ ոստիկանության գործողություններն, առանձին դեպքերում, անհամաչափ է որակում, թե բերման ենթարկելու մասով, թե ուժի գործադրման, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Որ ոստիկանությունը պետք է իրավունքի գերակայության դիրքից հանդես գա, նա կասկած չունի, բայց տարակուսած է՝ արդյոք ոստիկանությունն անցե՞լ է այն բարեփոխումները, որոնք թույլ կտան ծայրահեղ իրավիճակներում համարժեք դրսեւորումներ: Բացառությամբ պարեկային ծառայության, ըստ նրա, մնացյալ ստորաբաժանումները նույնն են ու թեեւ քաղաքական իշխանությունը փոխվել է, բայց ոստիկանների վարքագիծը, կրթությունը մնացել են ավանդույթների շրջանում: Ամեն դեպքում, նա այսօրվա ոստիկանությունը էլի չի համեմատում մինչեւ 2018-ի ոստիկանության հետ՝ հօգուտ ոստիկանների ներկայիս գործողությունների, եւ նկատում է, որ ցուցարարները նույնպես անցնում են խաղաղ ցույցի սահմանները: Ամեն դեպքում, ըստ նրա, դա հիմք չպետք է լինի ոստիկանության կողմից ուժի կիրառման:
Նա վստահ է, որ ոստիկանությունն իշխանության կողմից քաղաքական հրահանգ չունի, այլապես Արմեն Մարտիրոսյանի եւ Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպերի ժամանակ ոստիկանությունն անգործության մատնված չէր լինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի


















































