Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Մենք խոսում ենք մարդու իրավունքների եւ ոստիկանական գործողությունների մասին, որոնք իրար հետ բացարձակապես չեն խաչվում»

Մայիս 05,2022 20:44 Share

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված «Բարեփոխված» ոստիկանությունը ձեռագիր չի փոխում. բիրտ ուժ կիրառելու ավանդույթները շարունակվում են» թեմայով քննարկմանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադառնալով վերջին հինգ օրերին իշխանության դեմ հանրային բողոքի գործողությունների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմանը, մասնավորապես, այսօր անչափահաս տղաների բերման ենթարկելու փորձերին, որի ընթացքում մի անչափահասի ոտք է կոտրվել, նորից պատգամավորին գետնին գցելու, հայհոյանքների, ծեծ ու կռիվների արդյունքում ստեղծված պատկերին՝ ասաց. «Ուզում եմ արձանագրել: Այն ոստիկանությունը, որը մենք պատկերացնում էինք, կամ որի մասին երազում էինք այն հարցաթերթիկները բաժանելով ,որով ուզում էինք ձեւավորել նոր ոստիկանության մասին մեր պատկերացումները, ամենեւին չեն արտացոլում այն իրականությունը, որում այսօր մենք ապրում ենք:

Մենք ականատես ենք բռնության կոնկրետ դրսեւորումների՝ բռունցքներով գլխին հարվածել, մարդկանց դեմքին հարվածել, նսեմացնելով, գետնին քարշ տալով տանելով, քաղաքացիներին կիսամերկ վիճակով ոստիկանական մեքենա մտցնել՝ ոտք ու ձեռք կոտրելով: Գիտեք, որ երկու աղջկա ձեռք է կոտրվել վերջին օրերին ոստիկանության գործողությունների արդյունքում եւ վերջին դեպքը այսօր՝ երեխայի հետ: Այսինքն, ոստիկանության ձեռագիրը մեծ հաշվով մնացել է նույնը: Արձանագրել, որ որեւէ դինամիկա կա, ես չէի ուզենա, որովհետեւ մենք խոսում ենք մարդու իրավունքների եւ ոստիկանական գործողությունների մասին, որոնք իրար հետ բացարձակապես չեն խաչվում»,- ասաց տիկին Թովմասյանը եւ որպես խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի ղեկավար տեղեկացրեց, որ երեկ ինքն էլ հանցագործության մասին հաղորդում գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ տարբեր դրվագներով, փաստերով, լուսանկարներով, լինքերով: «Նաեւ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրել՝ Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների, աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների: Ունեմ նաեւ արձագանքներ: Կոնկրետ, Եվրամիության դեսպանն արդեն արձագանքել է: Բավականին հետաքրքիր եւ սթափեցնող արձագանք է եւ նրանք էլ են իրենց հերթին արձանագրել ոստիկանական գործողությունները նաեւ ազատ խոսքի եւ մամուլի նկատմամբ: Դուք տեսաք, որ նաեւ լրագրողները, լրատվամիջոցներն են թիրախավորված, ինչը անընդունելի է:

Ոստիկանությանը միայն այս հինգ օրվա դինամիկայով գնահատելը չէի ասի, թե ամենաճիշտ ճանապարհն է, որովհետեւ կհիշեք, երբ հորը երեխայի աչքի առաջ ծեծելով բերման ենթարկեցին: Այսպիսի դեպքերը նախկինում էլ  շատ են եղել, որոնցից ըստ էության դասեր չեն քաղել եւ շարունակում են նույն գործելաոճը, քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհանդուրժող վերաբերմունքը: Ինչու ակնհայտ եւ ինչու անհանդուրժողական, որովհետեւ քաղաքացիները խաղաղ գործողություն, երթ են իրականացնում եւ ուրիշ ոչինչ տեղի չի ունենում, չի կատարվում այնպիսի գործողություն, որը հակասում է օրենքին, կամ անհապաղ ուժի կիրառում է պահանջում: Մեկ էլ ոստիկանությունը հանկարծ որոշում է մտնել երթի մեջ եւ սկսում է ծեծ ու ջարդը, մարդկանց բերման ենթարկելը:

Էլ չեմ խոսում երեկ խորհրդարանում ոստիկանական ուժերի մասին: Խորհրդարանն ուղղակի պաշարված էր. դիպուկահարներ, լուսաձայնային նռնակներ: Չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ԱԺ դռները բաց են, բոլորդ կարող եք գալ, զբոսնել: Եվ երեկ մեզ լուսաձայնային նռնակները դիմավորեցին»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031